ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2015
ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանում հաջողությամբ իրականացվում է այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը
Արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում հաջողությամբ մեկնարկել է այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը։ Այս ծրագրին մասնակցող առաջին երիտասարդները Եհովայի վկաներ են, ովքեր որպես համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներ ազատազրկվելու փոխարեն՝ աշխատում են հանրային ծառայության տարբեր ոլորտներում։
1985թ.-ից սկսած՝ Հայաստանում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող երիտասարդները այլ ընտրություն չունեին, քան բանտարկությունը։ Քանի որ այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին որևէ օրենք չկար, գրեթե 20 տարվա ընթացքում (1993–2012) ավելի քան 450 Եհովայի վկաներ ազատազրկվել են՝ հաճախ պահվելով դաժան պայմաններում։ Այս ամենը փոխվեց, երբ 2013թ. հունիսին Հայաստանը ընդունեց այլընտրանքային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենք։
2013թ. հոկտեմբերի 23-ին էր, որ Հանրապետական հանձնաժողովը բավարարեց այլընտրանքային քաղաքացիական ծառայության համար դիմումները։ * Ավելի ուշ Հանրապետական հանձնաժողովը այլ Վկաների ևս նշանակեց կատարելու այդ ծառայությունը։ 2014թ. հունվարի 13-ով սկսվող շաբաթվա ընթացքում 71 երիտասարդ Վկաներ սկսեցին իրենց ծառայությունը։ 2014թ. վերջում արդեն 125-ից ավել Եհովայի վկաներ կատարում էին այլընտրանքային քաղաքացիական ծառայություն իրենց նշանակումներում։
Հաջողությամբ գործող ծրագիր
Այն, որ այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին օրենքը հաջողությամբ գործում է, երևում է տնօրենների, խմբի ղեկավարների և աշխատակիցների արտահայտած կարծիքներից, ովքեր նկատել են երիտասարդ Վկաների աշխատանքային էթիկան, ճիշտ մտավիճակը և լավ վարքը։ Հանրապետական հանձնաժողովի որոշ անդամներ ընդունել են, որ Վկաները արժեքավոր գործ են կատարում հայ հասարակության համար՝ ջանասիրաբար անելով իրենց հանձնարարությունները։
«Ապրեք, տղե՛րք, որ հայրենիքի համար մեծ գործ եք անում շատ քիչ աշխատավարձով: Երևում է՝ դուք աշխատասեր եք» (Երևանի Շենգավիթի կոմունալ ծառայության ղեկավար)։
«Հալալ է ձեզ, փորձում եք ապրել քրիստոնեական սկզբունքներով ու միևնույն ժամանակ օգտակար լինել հասարակությանը» (Մանկատան բուժքույր, որտեղ նշանակված են Վկա երիտասարդները)։
«Ձեզ նման լավ տղաներ էլ չկա՞ն, թող գան ինձ մոտ աշխատելու» (Երևանի Արաբկիրի կոմունալ ծառայության ղեկավար)։
Այլընտրանքային քաղաքացիական ծառայության մեջ գտնվող Վկաները նույնպես դրական են արտահայտվել։
«Ես վայելում եմ աշխատակիցներիս սերն ու հարգանքը։ Նույնիսկ երբ հիվանդացել էի և չէի կարողացել գնալ աշխատանքի, աշխատակիցներս զանգել էին ինձ և հետաքրքրվում էին իմ որպիսությամբ։ Դա ես համարում եմ մեծ օրհնություն, քանի որ կարողանում եմ ծառայել Եհովային առանց լարվածության» (Գևորգ Թազիյան, այժմ վարորդի օգնական ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունում)։
«Աշխատավայրում լավ փոխհարաբերություններ ունենք տնօրինության և աշխատակազմի հետ: Տեսնելով աշխատողների ուշադրությունը մեր հանդեպ՝ մենք ևս ձգտում ենք փոխադարձ ուշադրություն ցույց տալ իրենց նկատմամբ, և եղել են դեպքեր, որ մեզ հանձնարարել են որոշ գործեր, որոնք մեր աշխատանքի մեջ չեն մտել, բայց կատարել ենք հանձնարարվածը» (Սամվել Աբրահամյան, բակի հավաքարար Սևանի հոգեբուժարանում)։
«Մենք՝ ՀՀ ԱԻՆ-ում այլընտրանքային ծառայողներս, 13-ն ենք։ Սկսել ենք աշխատել 2014-ի հունվարի 14-ից։ Ինչպես սկզբում էր, մինչև հիմա էլ գնալով ավելի բարիդրացիական հարաբերությունների մեջ ենք բոլորի հետ, և ղեկավար անձնակազմի հետ ոչ մի տարաձայնություններ չունենք։ Նրանք տպավորված են, թե ինչպես ենք բոլոր գործերը միասին կատարում» (Արծրուն Խաչատրյան, բակի հավաքարար Արտակարգ իրավիճակների նախարարությունում)։
Հայաստանում այլընտրանքային քաղաքացիական ծառայության հաջողությունը պայմանավորված է տնօրենների և այդ ծրագրի իրականացումը վերահսկող անձանց համագործակցությամբ և Վկաների դրական տրամադրվածությամբ ու լավ աշխատանքային էթիկայով։ Հայաստանի Եհովայի վկաները շնորհակալ են այն հնարավորության համար, որ կարող են իրենց երկրին ծառայել առանց իրենց կրոնական համոզմունքների հարցում փոխզիջման գնալու և համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար բանտարկվելու։
^ պարբ. 4 Հավելյալ տեղեկությունների համար տե՛ս «Հայաստանը տրամադրում է այլընտրանքային քաղաքացիական ծառայություն» հոդվածը։