ՀՈՒՆՎԱՐԻ 11, 2024
ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանում լրանում է այլընտրանքային քաղաքացիական ծառայության 10-ամյակը
«Այլընտրանքային ծառայություն ստեղծելը մեր պետության ամենաիմաստուն որոշումներից մեկն էր»,— նշում է երկրի այլընտրանքային ծառայության հանրապետական հանձնաժողովի ներկայացուցիչը։
2024 թ. հունվարի 14-ին լրանում է Հայաստանում այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին օրենքի հաստատման 10 տարին։ Այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին թույլ է տալիս բանակում ծառայելու փոխարեն իրենց համայնքի համար որևէ գործ անել՝ մասնակցելով հանրային ծառայության տարբեր ձևերի։ Հանձնարարված առաջադրանքներից են շինարարության, կանաչապատման, սոցիալական աշխատանքի կամ այլ հանրային ծառայությունների կատարումը։ Այդ օրենքի ընդունումից ի վեր ավելի քան 450 երիտասարդ Եհովայի վկաներ այդ ծառայությանը մասնակցելու անձնական որոշում են կայացրել։
Եղբայր Սամուել Պետրոսյանն իր այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը կատարում է կանաչապատման ոլորտում։ Նա ասում է. «Ես ձգտում եմ լավ համբավ ձեռք բերել։ Օրինակ՝ փորձում եմ իմ աշխատանքային առաջադրանքները ճիշտ կատարել և ազնիվ լինել ամեն ինչում։ Դրա շնորհիվ իմ վերադասները միշտ լավ են վերաբերվում ինձ և հարգալից են»։
Եղբայր Արթուր Մարտիրոսյանը երեք տարի քաղաքացիական ծառայություն է կատարել հիվանդանոցում: Նա հիշում է. «Ես ուրախ էի, որ հնարավորություն ունեի օգնելու կարիքի մեջ գտնվող մարդկանց։ Այդ փորձառությունն ինձ օգնեց հասուն մարդ դառնալ։ Սովորեցի լինել ավելի ճկուն, հաջողությամբ հաղթահարել սթրեսը և ավելի լավ հաղորդակցվել մարդկանց հետ»։
Մինչ 2014 թ. Հայաստանի մեր երիտասարդ եղբայրները երկարաժամկետ ազատազրկման էին դատապարտվում, քանի որ դեմ չէին գնում Աստվածաշնչով կրթված իրենց խղճին։ Մեկնաբանելով Հայաստանում այլընտրանքային քաղաքացիական ծառայության ծրագրի հաջողությունը՝ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը նշել է. «Սկզբում ես դեմ էի այլընտրանքային ծառայությանը, քանի որ մտահոգվում էի ազգային անվտանգության համար և վախենում, որ այլընտրանքային ծառայությունը սխալ նպատակի կծառայի.... Սակայն ժամանակը ցույց տվեց, որ ես սխալ էի։ Մի քանի տարի անց փաստերը ցույց տվեցին, որ.... Եհովայի վկաները, այլընտրանքային ծառայություն իրականացնելով, չեն սպառնում ազգային անվտանգությանը։ Հակառակը, այլընտրանքային ծառայության [ծրագրի] շնորհիվ մենք այժմ տարբեր ոլորտներում ունենք նվիրված աշխատողներ»։
Այլընտրանքային ծառայության հանրապետական հանձնաժողովի ներկայացուցիչն էլ ասել է. «Արդեն տասը տարի է, ինչ Հայաստանում գործում է այլընտրանքային ծառայությունը.... Հպարտությամբ պետք է ընդունենք, որ այլընտրանքային ծառայություն ստեղծելը մեր պետության ամենաիմաստուն որոշումներից մեկն էր։ Հաստատություններում կատարվող պարբերական ստուգումների արդյունքում տեսնում ենք ջանասեր աշխատանք, դրական ոգի և անկեղծ ժպիտներ։ Ամեն տարի մենք բազմաթիվ երախտագիտական նամակներ ենք ստանում Եհովայի վկաների՝ որպես այլընտրանքային քաղաքացիական ծառայողներ հասարակության համար կատարած ակնառու ներդրումների համար։ Հաստատությունների ղեկավարները հետևողականորեն գովաբանում են նրանց՝ որպես իրենց լավագույն աշխատակիցների»։
Հայաստանի Եհովայի վկաները ուրախ են, որ հնարավորություն ունեն այլընտրանքային քաղաքացիական ծառայության միջոցով նպաստել համայնքի բարօրությանը և իրենց «բարի գործերով» փառք բերել Եհովային (1 Պետրոս 2։12)։