Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազատազրկված՝ հավատի համար—Ղրիմ

Ազատազրկված՝ հավատի համար—Ղրիմ

Եհովայի վկաների նկատմամբ իրականացվող ագրեսիվ հարձակումները սկսել են նաև Ղրիմում դրսևորվել։ Ռուսաստանում կառավարությունը ոչ միայն արգելքի տակ է դրել Վկաների իրավաբանական անձանց գործունեությունը, այլև հստակ ցույց է տալիս, որ նպատակ ունի վերացնել նրանց մաքուր երկրպագությունը։ 2017 թ. ապրիլի արգելքից հետո Ռուսաստանի իրավապահ մարմինները բազմաթիվ խուզարկություններ են իրականացրել Վկաների ժողովներում. շատ Վկաներ են ձերբակալվել և դատապարտվել ազատազրկման։ Այժմ այդ նույն գործելակերպն է դրսևորվում նաև Ղրիմում։

Ղրիմում առաջին մասսայական խուզարկությունները եղան 2018 թ. նոյեմբերի 15-ին, երբ Ջանկոյ քաղաքում մոտ 200 ոստիկաններ և հատուկ ծառայության աշխատակիցներ խուզարկեցին 8 տներ, որտեղ Եհովայի վկաների փոքր խմբերը հավաքվում էին, որ միասին Աստվածաշունչ կարդան և քննարկեն։ Առնվազն 35 զինված և դիմակավորված աշխատակիցներ ներխուժել են Սերգեյ Ֆիլատովի տուն, որտեղ 6 Վկաներ կային հավաքված։ Նրանց ագրեսիվ գործողությունները ահաբեկել են Վկաներին։ Ոստիկանները 79-ամյա մի տղամարդու հրել են դեպի պատը, այնուհետև նետել են գետնին, ձեռնաշղթաներ հագցրել և դաժանաբար այնքան ծեծել, որ նրան հոսպիտալացրել են։ Երկու տարեց տղամարդ նույնպես հոսպիտալացվեցին, քանի որ սթրեսի պատճառով նրանց արյան ճնշումը խիստ բարձրացել էր։ Ցավոք, մի երիտասարդ հղի կին, ում տուն ևս ներխուժել էին, կորցրեց երեխային։

Խուզարկությունից հետո պրն Ֆիլատովին Ռուսաստանի քրեական օրենսգրքի 282.2 հոդվածի 1-ին մասով մեղադրեցին «ծայրահեղական կազմակերպության» գործունեությունը կազմակերպելու մեջ։ 2020 թ. մարտի 5-ին Ղրիմի շրջանային դատարանը Ֆիլատովին դատապարտեց 6 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։ Նրան դատարանից անմիջապես տարան կալանավայր։

2018 թ.-ին Ջանկոյում տեղի ունեցած խուզարկություններին հաջորդող տարիներին ոստիկանության աշխատակիցները շարունակում են հարկադրաբար ներխուժել Վկաների տներ, ովքեր կասկածվում են ծայրահեղական գործունեության մեջ։ Ամենավերջին ներխուժումը տեղ է ունեցել 2023 թ. մայիսի 22-ին։ Առավոտյան 6։30-ին տասից ավելի ոստիկաններ, որոնցից 5՝ զինված, ներխուժեցին Թեոդոսիայում գտնվող մի տուն։ Նրանք կարգադրեցին Վկաներին պառկել գետնին, մինչ իրենք 3 ժամից ավել խուզարկում էին նրանց տունը։ Վկա տղամարդկանցից մեկը կալանքի տակ վերցվեց։ Նրան տարան Սևաստոպոլ՝ հարցաքննության։

Այս խուզարկությունների և դրանց հաջորդած քրեական հետապնդումների ու դատավճիռների պատճառով ներկայումս 9 Եհովայի վկա տղամարդ գտնվում է բանտում և կրում է վեցից վեցուկես տարվա ազատազրկման պատիժ։ Նրանք բոլորը մեղադրվել են ծայրահեղական կազմակերպության գործունեություն ծավալելու մեջ։

Ժամանակագրություն

  1. Սեպտեմբերի 17, 2024

    Ներկայումս 9 Վկաներ ազատազրկված են Ղրիմում։

  2. Մայիսի 22, 2023

    Թեոդոսիայում ոստիկանության աշխատակիցները ներխուժեցին Վկաներին տուն։ Առգրավվեցին էլեկտրոնային սարքեր, Վկաներից մեկը կալանքի տակ վերցվեց։

  3. Օգոստոսի 5, 2021

    Վկաների 8 տներ խուզարկվեցին։ Ալեքսանդր Դուբովենկոն և Ալեքսանդր Լիտվինյուկը ձերբակալվեցին։

  4. Հոկտեմբերի 1, 2020

    Սևաստոպոլում խուզարկվեց Վկաների 9 տներ։ Իգոր Շմիդտը վերցվեց նախնական կալանքի։

  5. Հունիսի 4, 2019

    Սևաստոպոլում հատուկ ուժայինները խուզարկեցին 10 տուն։ Պրն Ստաշևսկին մեղադրվեց ծայրահեղական գործունեություն կազմակերպելու մեջ։

  6. Մարտի 20, 2019

    Հատուկ ուժայինները Ալուպկայում և Յալտայում խուզարկեցին Վկաների 8 տներ։ Պրն Գերասիմովին հարցաքննեցին և մեղադրեցին ծայրահեղական գործունեության մեջ։

  7. Նոյեմբերի 15, 2018

    Ջանկոյում 200 ոստիկաններ և հատուկ ծառայության աշխատակիցներ խուզարկություն իրականացրին 8 տներում, այդ թվում՝ Ֆիլատովի տանը։