ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 2015
ԷՐԻԹՐԵԱ
ՄԱԿ-ի հանձնաժողովը զեկույց է ներկայացնելու Էրիթրեայում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ
Հոկտեմբերի վերջին ՄԱԿ-ի հետաքննության հանձնաժողովը զեկույց է ներկայացնելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային Էրիթրեայում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ։ Հանձնաժողովը հիմնվել է 2014թ. հունիսին և մեկ տարով հանձնարարություն է ստացել հետաքննություն անցկացնելու Էրիթրեայում մարդու իրավունքների և ազատությունների խախտման դեպքերի հետ կապված։ *
Հետաքննության ժամանակ ՄԱԿ-ի հետաքննության հանձնաժողովը Էրիթրեայում (այսուհետ՝ Հանձնաժողով) հանգեց այն եզրակացության, որ Էրիթրեայում տեղի են ունենում «մարդու իրավունքների պարբերական, համատարած և կոպիտ խախտումներ»։ 2015թ. հունիսի 23-ին Ժնևում Հանձնաժողովը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին (ՄԻԽ) ներկայացրեց զեկույց՝ նշելով իր եզրակացություններն ու առաջարկները։ 2015թ. հոկտեմբերի 29-ին Նյու Յորքում Հանձնաժողովը բանավոր հաշվետվություն կներկայացնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ հանձնաժողովին։ *
Եհովայի վկաների հալածանքը
Բացի նշված զեկույցից՝ Հանձնաժողովը նաև ներկայացրեց հետաքննության արդյունքում պարզված մանրամասների վերաբերյալ 484 էջանոց լրացուցիչ մի զեկույց, որում ուշադրություն էր դարձվում Եհովայի վկաների նկատմամբ դրսևորվող խտրական և դաժան վերաբերմունքին։ Քանի որ Վկաները քաղաքական գործերում չեզոք են, Էրիթրեայի կառավարությունը, 1993թ.-ից սկսած (երբ երկիրը անկախություն ձեռք բերեց), Վկաներին հալածանքի թիրախ է դարձրել։ Նրանց խոշտանգումների են ենթարկել և երկարաժամկետ կալանքի տակ են առել՝ պահելով ծայրահեղ վատ պայմաններում։ Կառավարությունը զրկել է նրանց քաղաքացիությունից, առգրավվել է նրանց անձը հաստատող փաստաթղթերը, ազատել է պետական հիմնարկներում նրանց ունեցած աշխատանքից, չեղյալ է համարել բիզնես գործունեություն վարելու նրանց արտոնագրերը և զրկել պետական նպաստներից։
Եհովայի վկաներից մեկը ասում է. «Էրիթրեայի բոլոր բնակիչները սննդի համար կտրոններ են ստանում՝ բացի Եհովայի վկաներից, քանի որ նրանք չունեն անձը հաստատող փաստաթուղթ։ Մեզ չեն համարում այս երկրի քաղաքացիներ»։
Այլ առաջարկների թվում Հանձնաժողովը եկավ այն եզրահանգման, որ Էրիթրեայի կառավարությունը պետք է.
«Անմիջապես քայլեր ձեռնարկի կրոնական շարժառիթներով բոլոր հալածանքներին վերջ դնելու համար, հատկապես այնպիսի կրոնական խմբերի դեմ, ինչպիսին Եհովայի վկաների կրոնական խումբն է.... և անհապաղ վերականգնի նրանց քաղաքացիությունը և համապատասխան իրավունքները»։
«Վերջ դնի բռնի վտարումներին, որը կիրառում է որպես ճնշամիջոց գրանցում չունեցող կրոնական խմբերի դեմ, ինչպիսին, օրինակ, Եհովայի վկաներն են, նաև նրանց դեմ, ովքեր չեն մասնակցում զինված ընդհարումներին»։ *
ՄԻԽ-ը ընդունում է բանաձև
Այն բանից հետո, երբ Հանձնաժողովը Ժնևում ներկայացրեց իր զեկույցը, ՄԻԽ-ը 2015թ. հունիսի 30-ին ընդունեց մի բանաձև՝ նշելով, որ «խիստ դատապարտում է մարդու իրավունքների պարբերական, համատարած և կոպիտ խախտումները, ինչը արել և այժմ էլ անում է Էրիթրեայի կառավարությունը»։ * Իր բանաձևում ՄԻԽ-ը նաև կոչ արեց Էրիթրեայի կառավարությանը «անհապաղ և հստակ քայլեր ձեռնարկել՝ կիրառելու [Հանձնաժողովի] հանձնարարականները», այդ թվում՝ Եհովայի վկաներին վերաբերող հանձնարարականները։ Ապա կոչ արեց Էրիթրեայի կառավարությունը.
«Վերջ դնել իր քաղաքացիների կամայական կալանավորմանը, ինչպես նաև խոշտանգումներին կամ այլ տեսակի դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքին»։
«Կալանավորված անձանց համար ապահովել անկախ և արդար դատական համակարգից անարգել օգտվելու իրավունքի իրականացումը և բարելավել կալանավայրերի պայմանները»։
«Ճանաչել յուրաքանչյուրի արտահայտվելու ազատությունն ու մտքի, խղճի և կրոնի կամ դավանանքի ազատության իրավունքը, նաև խաղաղ հավաքների և միավորման ազատության իրավունքները»։
Կփոխվի՞ Եհովայի վկաների նկատմամբ վերաբերմունքը
Ներկա դրությամբ Էրիթրեայում 54 Վկա է ազատազրկված, որոնցից 3-ը՝ ավելի քան 21 տարի։ Նրանցից ոչ մեկի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել, և նրանց գործով դատավարություն չի եղել։ Այդ Վկաներից մի քանիսը գտնվում են բեռնափոխադրումների համար նախատեսված մետաղական կոնտեյներներում կամ կիսանկուղային կառույցներում՝ շատ ծանր և ջերմաստիճանի կտրուկ փոփոխման պայմաններում։ Ամբողջ աշխարհի Եհովայի վկաները տեղյակ են, թե ինչ դժվարություններ են կրում Էրիթրեայի իրենց հավատակիցները, և հույս ունեն, որ մի օր կառավարությունը վերջ կդնի այդ հալածանքներին։
^ պարբ. 2 Էրիթրեայում Մարդու իրավունքների հետաքննության հանձնաժողովը հիմնվել է 2014 թ. հունիսի 27-ին ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհրդի կողմից՝ համաձայն 26/24 բանաձևի։
^ պարբ. 3 ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ հանձնաժողովը զբաղվում է սոցիալական ու մարդասիրական հարցերով, ինչպես նաև տարբեր երկրներում մարդու իրավունքների հարցերով։
^ պարբ. 8 Էրիթրեայում մարդու իրավունքների ոտնահարման մասին Հանձնաժողովի ներկայացրած զեկույցը (նախնական տարբերակը) A/HRC/29/CRP.1, կետեր 1530(c) և 1531(c)։
^ պարբ. 10 Բանաձև A/HRC/29/L.23