ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 2023
ԲՐԱԶԻԼԻԱ
Աստվածաշնչյան նոր կրթական համալիր՝ Բրազիլիայում
2023 թ. դեկտեմբերի 3-ին Բրազիլիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Էդուարդո Մարտինեսը համաժողովների սրահում ներկայացրեց աստվածաշնչյան նոր կրթական համալիրի նվիրման ելույթը։ Այն գտնվում է Բրազիլիայի Կաբրեուվա համայնքում։ Ծրագրին ներկա էին ավելի քան 2 400 եղբայրներ ու քույրեր, իսկ 4 900 հոգի էլ միացել էր տեսակապի միջոցով։
Այս նոր կրթական համալիրում գլխավորապես անցկացվելու են Թագավորության քարոզիչների, ինչպես նաև շրջանային վերակացուների և նրանց կանանց համար նախատեսված դպրոցները։ Համալիրը կարող է միաժամանակ հյուրընկալել երեք դասարան։ Ուստի տարվա կտրվածքով այնտեղ գրեթե 600 ուսանող կարող է սովորել։
2020 թ.-ին մեր եղբայրները մի հյուրանոց գնեցին և հետզհետե աստվածաշնչյան կրթական համալիր դարձրին։ Հետևելով COVID-19 համավարակից պաշտպանվելու կանոններին՝ կամավորները ձևափոխեցին շինությունը, որպեսզի այն ունենա 3 դասասենյակ, 54 բնակելի սենյակ, ճաշասենյակ և գրասենյակային տարածք։ Շինարարության ավարտից կարճ ժամանակ անց բաց դռների օր հայտարարվեց։ Միջոցառման նպատակն էր հարևանությանը, այդ թվում՝ տեղի պաշտոնատար անձանց, ծանոթացնել Եհովայի վկաների հետ, ինչպես նաև նրանց կրթական գործունեությանը։ Շրջելով համալիրում՝ մի պաշտոնյա ասաց. «Ճաշակով ու բարձրորակ աշխատանք եք կատարել։ Երբ Աստծու համար ինչ-որ բան ես անում, հենց այսպե՛ս պետք է անես»։
Եղբայր Հոժերու Բրագանոլոն, ով մասնակցել է վերանորոգման աշխատանքներին, ասում է. «Նախագծի ողջ ընթացքում Եհովայի առաջնորդությունն ակնհայտ էր։ Տեսնելով նրա օրհնությունը՝ համոզվեցինք Սաղմոս 127։1-ում գրված խոսքերի ճշմարտացիության մեջ. «Եթե Եհովան չկառուցի տունը, ապա զուր են աշխատում այն կառուցողները»»։
Անչափ ուրախ ենք այս նոր կրթական համալիրի բացման կապակցությամբ։ Վստահ ենք, որ այն կօգնի Բրազիլիայից է՛լ ավելի մեծ թվով հավատակիցների բարելավվել «սովորեցնելու արվեստում» (Տիտոս 1։9)։