Անցնել բովանդակությանը

Հոգևորականը ստանում է իր հարցերի պատասխանները

Հոգևորականը ստանում է իր հարցերի պատասխանները

 Էլիսո անունով մի Եհովայի վկա մի հետաքրքրվող կնոջ հետ նրա տանը Աստվածաշնչի ուսումնասիրություն էր անցկացնում։ Հանկարծ անսպասելի հյուրեր եկան՝ մի հոգևորական իր կնոջ հետ։ Էլիսոն լսել էր, որ այս զույգը վերջերս կորցրել էր իր միակ որդուն։

 Երբ Էլիսոն իր խորին ցավակցությունը հայտնեց նրանց որդու կորստի կապակցությամբ, ամուսինները դառնապես լաց եղան։ Ապա հոգևորականը բարկացած ասաց. «Չեմ հասկանում, թե ինչու Աստված թույլ տվեց, որ նման փորձության միջով անցնենք։ Ինչո՞ւ նա տարավ իմ միակ որդուն։ 28 տարի է՝ ծառայում եմ նրան, ու բազմաթիվ բարի գործեր եմ արել, և ահա թե ինչպես նա ինձ հատուցեց։ Ինչո՞ւ Աստված սպանեց իմ որդուն»։

 Էլիսոն բացատրեց այդ զույգին, որ Աստված չի տարել նրանց որդուն։ Նա խոսեց փրկանքի և հարության մասին, նաև այն պատճառների, թե ինչու է Աստված թույլ տալիս, որ վատ բաներ տեղի ունենան։ Հոգևորականն ու նրա կինը Էլիսոյին ասացին, որ նա պատասխանեց այն հարցերին, որոնց մասին նրանք աղոթում էին։

 Հաջորդ շաբաթ, երբ Էլիսոն այդ կնոջ հետ ուսումնասիրություն էր անցկացնում, զույգը նորից եկավ և միացավ ուսումնասիրությանը։ Նրանք քննարկում էին «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի «Հույս, որ կարող ենք ունենալ մահացածների համար» գլուխը։ Հոգևորականը և նրա կինը ակտիվորեն մասնակցեցին քննարկմանը։

 Հետագայում երկուսն էլ ներկա եղան Թբիլիսիում տեղի ունեցած Եհովայի վկաների հատուկ համաժողովին։ Ամուսինները խորապես տպավորված էին այնտեղ տիրող սիրով և միասնությամբ, բաներ, որոնք նրանք երկար ժամանակ փորձում էին սերմանել իրենց եկեղեցու անդամների մեջ, սակայն ապարդյուն։