Գրություն՝ լվացքի մեքենայի տակ
Մկրտվելուց և Եհովայի վկա դառնալուց հետո Զարինան, երկու դուստրերին իր հավատի մեջ մեծացնելու վճռականությամբ լի, Ռուսաստանից վերադարձավ հայրենի երկիր, որը գտնվում է Միջին Ասիայում։ Ֆինանսական միջոցների սղության պատճառով նա սկսեց ապրել ծնողների, եղբոր և նրա կնոջ հետ մեկ սենյականոց բնակարանում։ Զարինայի ծնողները արգելեցին նրան երեխաներին սովորեցնել աստվածաշնչյան ճշմարտությունը։ Նրանք նաև աղջիկներին արգելեցին իրենց մոր հետ խոսել Աստվածաշնչի մասին։
Զարինան սկսեց մտածել, թե ինչպես օգնի իր դուստրերին իմանալու Եհովայի մասին (Առակներ 1:8) Ուստի ջերմեռանդորեն աղոթեց նրան՝ խնդրելով առաջնորդություն և իմաստություն տալ իրեն։ Հետո Զարինան վարվեց իր աղոթքների համաձայն. նա զբոսնում էր իր աղջիկների հետ և զրուցում արարչագործության հրաշքների մասին։ Այդ կարճ զբոսանքները օգնեցին աղջիկներին հետաքրքրություն զարգացնելու Արարչի հանդեպ։
Զարինան մի մեթոդ մշակեց «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի a օգնությամբ նրանց հետաքրքրությունը ավելի զարգացնելու համար։ Նա թղթի վրա արտագրում էր գրքի պարբերություններն ու հարցերը, նաև մի քանի լրացուցիչ նախադասություններ էր գրում, որպեսզի օգնի աղջիկներին լավ հասկանալու նյութը։ Ապա այդ թուղթն ու մատիտը թաքցնում էր լոգարանում՝ լվացքի մեքենայի տակ։ Երբ աղջիկները լոգարանում էին լինում, կարդում էին պարբերությունները և գրում իրենց պատասխանները։
Այս մեթոդը կիրառելով՝ Զարինան իր աղջիկների հետ կարողացավ «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքից երկու գլուխ ուսումնասիրել։ Հետո նրանք երեքով ուրիշ վայր տեղափոխվեցին։ Այնտեղ Զարինան սկսեց առանց խոչընդոտների դաստիարակել իր աղջիկներին։ 2016 թ. հոկտեմբերին նրա երկու դուստրերը մկրտվեցին։ Նրանք ուրախ էին, որ իրենց մայրը, իմաստություն և խոհեմություն դրսևորելով, հոգևորապես սնել էր իրենց։
a Շատերն այսօր օգտագործում են «Վայելիր կյանքը հավիտյան» գիրքը։