Անցնել բովանդակությանը

Բարի լուրը քարոզվում է Կանադայի բնիկ ժողովուրդներին

Բարի լուրը քարոզվում է Կանադայի բնիկ ժողովուրդներին

Կանադայի բնիկ ժողովուրդները խոսում են ավելի քան 60 լեզվով և ըստ տվյալների՝ մոտ 213000 կանադացիներ այս լեզուներից մեկը իրենց մայրենի լեզուն են համարում։

Բնիկ կանադացիների սրտին հասնելու համար շատ Եհովայի վկաներ սովորել են այդ լեզուներից որևէ մեկը։ 2015թ. վերջում ավելի քան 250 հոգի արդեն ավարտել էր Վկաների կողմից կազմակերպված լեզվի դասընթացները։

Բացի այդ, Եհովայի վկաները աստվածաշնչյան գրականություն և կարճ տեսանյութեր են թարգմանում Կանադայի բնիկ ժողովուրդների ութ լեզուներով՝ ալգոնկիներեն, բլեկֆուտ, հարթավայրային կրի, արևմտյան սվամփի կրի, ինուկտիտուտ, մոհավկ, օտտավա և հյուսիսային օջիբվա։ a

Նրանք, ովքեր սովորում են բնիկ ժողովուրդների լեզուները, խոստովանում են, որ դա այդքան էլ հեշտ չէ։ Կարմա անունով մի Վկա ասում է. «Երբ սկսեցի օգնել բլեկֆուտ թարգմանչական խմբին, թվում էր, թե կապած աչքերով եմ աշխատում։ Ես լավ չգիտեի այդ լեզուն։ Ո՛չ կարդում էի բլեկֆուտ լեզվով, ո՛չ էլ հասկանում էի, երբ մարդիկ խոսում էին»։

«Շատ բառեր երկար են և դժվար է դրանք արտասանել»,— ասում է Թերենսը, որը համագործակցում է արևմտյան սվամփի կրի թարգմանչական խմբի հետ։ Դանիելը, որը լիաժամ ծառայում է Մանիտուլին կղզում (Օնտարիո), ասում է. «Շատ քիչ բառարաններ ու քերականական գրքեր կան։ Եթե ուզում ես սովորել օտտավա լեզուն, ամենալավ միջոցը սա է՝ գտիր մի տատիկի կամ պապիկի, որ սովորեցնի քեզ»։

Իսկ արժե՞ այդպիսի ջանքեր թափել։ Մի անգամ օջիբվա լեզվով խոսող մի կին նշեց, որ Եհովայի վկաները իրենց թափած ջանքերով տարբերվում են մյուս կրոնների անդամներից։ Նրա խոսքերով՝ երբ Վկաները գնում են մարդկանց տները և օջիբվա լեզվով նրանց համար կարդում են Աստվածաշունչը, մարդիկ իրենց ավելի անկաշկանդ են զգում և հաճույքով քննարկում են աստվածաշնչյան թեմաներ։

Բերտ անունով մի թարգմանիչ, որը մեծացել է Ալբերտա նահանգի Բլադ ռեզերվացիայում, ասում է. «Ես տեսել եմ, թե ինչպես են բլեկֆուտ ցեղի մարդիկ իրենց կրծքին սեղմում մեր հրատարակությունները և ասում. «Սա իմ լեզուն է։ Սա ինձ համար է»։ Հաճախ տեսնում եմ, թե ինչպես են նրանց աչքերը արցունքով լցվում, երբ իրենց մայրենի լեզվով տեսանյութ են դիտում»։

Կրի լեզվով խոսող մի կնոջ շատ է դուր եկել իր մայրենի լեզվով «Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը» տեսանյութը։ Այդ կինն ասում է, որ տեսանյութը դիտելիս նրան թվում էր, թե իր մայրն է իր հետ խոսում։

Մեծ ջանքեր են ներդրվում

Շատ Վկաներ մեծ ջանքեր են ներդնում, որպեսզի Աստվածաշնչի մխիթարական լուրը քարոզեն բնիկ ժողովուրդներին։ Թերենսը և նրա կինը՝ Օրլինը, հիշում են իրենց կատարած ճանապարհորդություններից մեկը։ Նրանք պատմում են. «Մեր խումբը մի քանի մեքենայով մոտ 12 ժամ գնում էր սառցապատ ճանապարհներով, որ վկայություն տա Լիթլ Գրանդ Ռապիդս ռեզերվացիայի բնակիչներին։ Արձագանքն ապշեցնող էր»։

Որոշ Վկաներ էլ թողել են իրենց հարմարավետ տները, որ բնիկ ժողովուրդների համայնքներին ավելի մոտ ապրեն։ Դանիելն ու նրա կինը՝ Լիենը, Մանիտուլին կղզում երեք ամիս քարոզելուց հետո որոշեցին տեղափոխվել այնտեղ։ Դանիելն ասում է. «Մենք ուրախ ենք, որ հիմա ավելի շատ ժամանակ կարող ենք տրամադրել բնիկների վստահությունը շահելու և նրանց հետաքրքրությունը զարգացնելու համար»։

«Որովհետև անկեղծորեն սիրում եմ նրանց»

Ինչո՞ւ են Եհովայի վկաները այդքան ջանք թափում բնիկ ժողովուրդներին բարի լուրը քարոզելու համար։ Բերտի կինը՝ Ռոզան, ասում է. «Ես ինքս բնիկ կանադացի եմ։ Իմ փորձից գիտեմ, թե որքան օգտակար է կիրառել աստվածաշնչյան սկզբունքները, և դա մղում է ինձ ճշմարտությունը հայտնել ուրիշներին»։

Օրլին ասում է. «Ես ուզում եմ, որ կրի ժողովուրդն էլ ստանա մեր Արարչի տված առաջնորդությունը։ Ինձ համար մեծ պատիվ է օգնել նրանց մտերմանալու Եհովայի հետ և հաղթահարելու ամենօրյա դժվարությունները»։

Մարկը ծառայում է բլեկֆուտ թարգմանչական խմբում։ Ինչո՞ւ է նա ջանում օգնել իր համայնքում ապրող բնիկներին։ Նա պատասխանում է. «Որովհետև անկեղծորեն սիրում եմ նրանց»։

a Այս լեզուներից մի քանիսով խոսում են նաև Միացյալ Նահանգներում ապրող բնիկ ժողովուրդները։