Վկաների գլխավոր վարչության տեղը փոխվում է
2009թ. հուլիսին Եհովայի վկաները Նյու Յորքի հյուսիսում տարածք գնեցին, որպեսզի այնտեղ տեղափոխեն իրենց գլխավոր վարչությունը։ 102 հեկտար մակերես ունեցող այս տարածքը գտնվում է մոտ 80 կմ հյուսիս-արևմուտք այժմ Բրուքլինում գործող մասնաշենքերից, որոնք 1909-ից շահագործվում են Վկաների կողմից։
Մոտ 800 վկաներ կապրեն և կաշխատեն այս նոր տարածքում, որտեղ կառուցվելու են չորս բնակելի շենքեր, ինչպես նաև երկու շինություն գրասենյակների և սպասարկման բաժինների համար։ Նախատեսվում է կառուցել նաև Եհովայի վկաների ժամանակակից պատմության մի համեստ թանգարան։
Շինարարությունը կիրականացվի 18 հեկտար հողատարածքում, իսկ մնացած մասը կմնա անփոփոխ։ Շինություններին հարակից տարածքում չեն լինի լայն սիզամարգեր։ Ընդհանուր կանաչապատ գոտին կներդաշնակեցվի հարակից անտառին։
Ճարտարապետները նախագծել են այնպիսի շենքեր, որոնք խնայում են և՛ էլեկտրաէներգիան, և՛ բնական ռեսուրսները, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունն և շահագործման ծախսերը։ Օրինակ՝ տանիքներին ցանվելու են ցրտադիմացկուն և քիչ խնամք պահանջող բույսեր, ինչը կնվազեցնի անձրևաջրերի հոսքը և շենքերի ներսում ջերմաստիճանի տատանումը։ Գրասենյակները նախագծված են այնպես, որ լուսավորության համար օգտագործվի բնական լույսը։ Ջրի խնայողությանը նույնպես մեծ ուշադրություն է դարձվել։
Ինչո՞ւ ենք տեղափոխվում։ Նախկինում Աստվածաշունչը և աստվածաշնչյան գրականությունը տպագրվում էր միմիայն Բրուքլինում։ Սակայն ժամանակի ընթացքում Եհովայի վկաների ուրիշ երկրներում գտնվող մասնաճյուղերը ևս սկսեցին իրականացնել տպագրություն։ Իսկ 2004թ.-ին Բրուքլինի տպագրության և առաքման բաժինները տեղափոխվեցին Ուոլքիլ՝ Բրուքլինից 145 կիլոմետր հյուսիս-արևմուտք (Նյու Յորք)։
Շահագործման ծախսերը նույնպես հաշվի են առնվել։ Բրուքլինում գտնվող շինությունները շահագործելն ու բարվոք վիճակում պահելը բավականին մեծ ծախսեր են պահանջում։ Տեղափոխվելով նոր վայր, որտեղ շինությունները ավելի քիչ կլինեն և իրար ավելի մոտ՝ Վկաները կկարողանան էլ ավելի արդյունավետորեն օգտագործել դրամական միջոցները ի նպաստ Աստվածաշնչի համաշխարհային կրթական գործին։
Վերջնական թույլտվությունը ստանալու համար պետք է անցկացվի էկոլոգիական փորձաքննություն։ Եթե խնդիրներ չառաջանան, շինարարությունը կսկսվի 2013թ.-ին և կավարտվի չորս տարվա ընթացքում։
Բացի Ուոլքիլի տպագրական համալիրից, Եհովայի վկաները ունեն նաև կրթական համալիր, որը գտնվում է Պատերսոնում, Նյու Յորք։ Կազմակերպությունը շատ երկրներում ունի մասնաճյուղեր։ Ամբողջ աշխարհում Եհովայի վկաների թիվը անցնում է յոթ ու կես միլիոնը։