Աստվածաշնչյան սկզբունքներ, որոնք կարող են օգնել քեզ, եթե կորցրել ես աշխատանքդ
Աշխատանքը կորցնելը կարող է դժվար լինել ոչ միայն ֆինանսապես, այլև զգացական և մտավոր առումներով։ Հետևյալ առաջարկները, որոնք հիմնված են Աստվածաշնչի իմաստուն սկզբունքների վրա, կարող են օգնել ձեզ հաղթահարել այդ իրավիճակը:
Ուրիշների հետ խոսիր զգացումներիդ մասին
Ինչ է ասում Աստվածաշունչը. «Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ» (Առակներ 17։17)։
Աշխատանքդ կորցնելուց հետո գուցե տխրես, բարկանաս, հիասթափվես կամ էլ քեզ ձախողակ համարես։ Այդ զգացումներիդ մասին խոսիր ընտանիքիդ անդամների կամ մտերիմ ընկերներիդ հետ, քանի որ նրանք կարող են էմոցիոնալ առումով աջակցել քեզ։ Նրանք նաև կարող են գործնական խորհուրդներ տալ, որոնք կօգնեն քեզ նոր աշխատանք գտնել։
Չափից շատ մի՛ անհանգստացիր
Ինչ է ասում Աստվածաշունչը. «Մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին, որովհետև վաղվա օրը կունենա իր մտահոգությունները» (Մատթեոս 6։34)։
Աստվածաշունչը հորդորում է մեզ նախապես ծրագրեր կազմել (Առակներ 21։5)։ Այնուամենայնիվ, այն նաև մեզ խորհուրդ է տալիս շատ չանհանգստանալ ապագայի համար, քանի որ հաճախ մեր մտավախությունները չեն իրականանում։ Ավելի լավ է կենտրոնանալ այսօրվա գործերի վրա։
Աստվածաշունչը մեզ գործնական խորհուրդներ է տալիս սթրեսը հաղթահարելու վերաբերյալ։ Ավելին իմանալու համար կարդա «Ինչպես դիմակայել սթրեսին» հոդվածը։
Բյուջեիդ մեջ փոփոխություններ արա
Ինչ է ասում Աստվածաշունչը. «Ես գիտեմ, թե ինչ է կարիքի մեջ լինելը, և գիտեմ, թե ինչ է առատության մեջ լինելը» (Փիլիպպեցիներ 4։12)։
Հարմարվիր քո ներկայիս իրավիճակին: Փոփոխություններ արա փողը ծախսելու սովորություններիդ մեջ. քո ունեցածից ավելին մի՛ ծախսիր: Զգույշ եղիր, որ անտեղի պարտքեր չանես (Առակներ 22:7)։
Քո ներկայիս ֆինանսական վիճակին հարմարվելու համար կարող ես հետաքրքիր առաջարկներ գտնել «Ինչպե՞ս ապրել քիչ գումարով» հոդվածում։
Ժամանակդ իմաստնորեն օգտագործիր
Ինչ է ասում Աստվածաշունչը. «Իմաստությամբ վարվեք.... ձեզ համար գնելով հարմար ժամանակը» (Կողոսացիներ 4։5)։
Թեև այլևս չունես ֆիքսված աշխատանքային գրաֆիկ, ուշադիր եղիր, թե ինչպես ես ծախսում ժամանակդ: Այդպես վարվելը կօգնի կյանքում կայունություն ապահովել և կամրապնդի ինքնագնահատականդ։
Հարմարվող եղիր
Ինչ է ասում Աստվածաշունչը. «Ամեն տեսակ աշխատանքից օգուտ կա» (Առակներ 14։23)։
Պատրաստ եղիր տարատեսակ աշխատանքներ անելու։ Հնարավոր է՝ հարկ լինի անել այնպիսի գործեր, որոնք ավելի ցածրակարգ են թվում կամ ավելի քիչ են վարձատրվում, քան քո նախկին աշխատանքն էր։
Հաստատակամ եղիր
Ինչ է ասում Աստվածաշունչը. «Առավոտյան ցանիր քո սերմը և մինչ երեկո ձեռքիդ հանգիստ մի՛ տուր, որովհետև չգիտես, թե որտեղ այն կհաջողվի» (Ժողովող 11։6)։
Շարունակիր աշխատանք փնտրել։ Ուրիշներին ասա, որ աշխատանք ես փնտրում։ Խոսիր բարեկամներիդ, ծանոթներիդ, նախկին աշխատակիցներիդ և հարևաններիդ հետ։ Դիմիր աշխատանքի տեղավորման գործակալություններին, հետևիր գովազդներին կամ կայքերում առկա թափուր հաստիքների հայտարարություններին։ Ի մտի ունեցիր, որ նախքան աշխատանք գտնելը գուցե հարկ լինի շատ հարցազրույցների մասնակցել կամ բազմաթիվ ռեզյումեներ լրացնել։