Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԷԼՖՐԻԴԵ ՈՒՐԲԱՆ | ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Գոհացուցիչ կյանք՝ միսիոներական ծառայության մեջ

Գոհացուցիչ կյանք՝ միսիոներական ծառայության մեջ

Կյանքիս առաջին տարիները լի էին ողբերգություններով։ Ծնվել եմ 1939 թ. դեկտեմբերի 11-ին Չեխոսլովակիայում. երեք ամիս էր, ինչ բռնկվել էր Երկրորդ աշխարհամարտը։ Ծննդաբերական բարդությունների պատճառով երկու շաբաթ անց մայրս մահացավ։ Հայրս էլ մինչ այդ տեղափոխվել էր Գերմանիա՝ արտագնա աշխատանքի։ Հուրախություն ինձ՝ մորական պապս ու տատս հանձն առան իմ խնամքը և սկսեցին պահել-մեծացնել ինձ։ Այդ ժամանակ նրանք դեռ երեք երեխա էին մեծացնում՝ մորս փոքր քույրերին։

Տատիս ու պապիս հետ

 1945 թ.-ին աշխարհամարտն ավարտվեց։ Սակայն հետպատերազմյան շրջանում կյանքը պակաս ծանր չէր։ Քանի որ մենք գերմանացի էինք, մեզ արտաքսեցին Չեխոսլովակիայից և ուղարկեցին Գերմանիա։ Այնտեղի քաղաքներն ավերակների մեջ էին ու չքավոր բնակիչներով լի։ Լինում էին օրեր, երբ մի փոքր ուտելիքի համար մորաքույրերս մի ամբողջ գիշեր հերթ էին կանգնում։ Երբեմն էլ անտառ էինք գնում, մոշ ու սունկ հավաքում և հետո դրանք հացի հետ փոխանակում։ Սնունդն այն աստիճան սուղ էր, որ մարդիկ ընտանի կենդանիներ էին գողանում և ուտում։ Անկողին սոված մտնելը սովորական բան էր դարձել մեզ համար։

Առաջին անգամ լսում ենք ճշմարտությունը

 Պապս ու տատս կաթոլիկ էին, բայց մենք Աստվածաշունչ չունեինք։ Պապս ցանկացավ այն գնել տեղի քահանայից, բայց վերջինս մերժեց՝ ասելով, որ եկեղեցու անդամներին պատարագ լսելն էլ է հերիք։ Արդյունքում պապիս սրտում բազմաթիվ անպատասխան հարցեր մնացին Աստծու մասին։

 Ես յոթ տարեկան էի, երբ երկու Եհովայի վկա թակեցին մեր դուռը։ Նրանք Աստվածաշնչի միջոցով պարզ ու սպառիչ պատասխաններ տվեցին պապիս հարցերին, որոնք այնպիսի թեմաներով էին, ինչպիսիք են Երրորդությունը, դժոխքը ու մահացածների վիճակը։ Արդյունքում պապս լիովին համոզվեց, որ գտել է ճշմարտությունը։ Դրանից հետո մի Վկա ամուսնական զույգ սկսեց կանոնավորաբար Աստվածաշունչ ուսումնասիրել մեր ողջ ընտանիքի հետ։

Կյանքի նպատակ եմ դնում

 Դեռ մանուկ հասակից Եհովայի հանդեպ սերն աճեց իմ սրտում։ Այնքա՜ն էի սիրում հոդվածներ կարդալ միսիոներների մասին, ովքեր հեռավոր տարածքներում ծառայում էին Եհովային։ Ինձ միշտ հետաքրքրում էր՝ ինչպիսի՞ն է նրանց կյանքը, ի՞նչ են զգում, երբ քարոզում են այն մարդկանց, ովքեր երբեք չեն լսել Եհովայի անունը։

Միսիոներ ծառայելու նպատակ դնելուց կարճ ժամանակ առաջ

 Տասներկու տարեկանում միսիոներ դառնալու նպատակ դրեցի և դրան հասնելու համար սկսեցի հստակ քայլեր անել։ Սկզբում ջանացի բարի լուրի եռանդուն քարոզիչ դառնալ։ Այնուհետև՝ 1954 թ. դեկտեմբերի 12-ին, մկրտվեցի և որոշ ժամանակ անց ռահվիրա դարձա։ Կամաց-կամաց մոտենում էի նպատակիս իրականացմանը։

 Գիտեի, որ միսիոներական «Գաղաադ» դպրոցում սովորելու համար պետք է լավ անգլերեն իմանամ, ուստի ճիգ գործադրեցի, որ սովորեմ այդ լեզուն։ Մտքովս անցավ, որ լեզուս բացելու համար կարելի է զրուցել Գերմանիայում զինծառայություն կատարող ամերիկացի զինվորների հետ։ Մի օր մոտեցա զինվորներից մեկին ու ասացի. «Ես Քրիստոսն եմ»։ Նա էլ բարեհամբույր կերպով ուղղեց ինձ. «Երևի ուզում էիք ասել՝ ես քրիստոնյա եմ»։ Արի ու տես, որ անգլերենի հարցում դեռ այնքան հմուտ չէի, որքան կարծում էի։

 20 տարեկանս բոլորելուց կարճ ժամանակ անց տեղափոխվեցի Անգլիա։ Այնտեղ առավոտյան ժամերին մի Վկա ընտանիքի տանը դայակ էի աշխատում։ Կեսօրից հետո տնետուն էի գնում, ինչն արտակարգ հնարավորություն էր անգլերենս բարելավելու համար։ Մեկ տարի Անգլիայում անցկացնելուց հետո արդեն բավականին լավ էի տիրապետում լեզվին։

 Վերադարձա Գերմանիա և 1966 թ. հոկտեմբերին նշանակվեցի ծառայելու որպես հատուկ ռահվիրա Մեխերնիխում։ Այնտեղ եղանակը շատ սառն էր։ Պակաս սառը չէր նաև բարի լուրի հանդեպ բնակիչների արձագանքը։ Անգամ սառնամանիքին նրանք երբեք մեզ ներս չէին հրավիրում։ Իմ աղոթքներում հաճախ էի Եհովային աղերսում. «Եթե օրերից մի օր թույլ տաս, որ միսիոներ ծառայեմ, աղաչում եմ, ինձ տաք երկիր կուղարկես»։

Հասնում եմ նպատակիս

 Մի քանի ամիս հատուկ ռահվիրա ծառայելուց հետո Եհովայից ստացա այն, ինչ այդքան փափագում էի. ես հրավիրվեցի սովորելու միսիոներական «Գաղաադ» դպրոցի 44-րդ դասարանում։ 1967 թ. սեպտեմբերի 10-ին մեր ավարտականն էր։ Կարո՞ղ եք կռահել, թե ուր նշանակվեցի։ Մի չքնաղ արևադարձային երկիր Կենտրոնական Ամերիկայում՝ Նիկարագուա։ Այնտեղի միսիոներները գրկաբաց ընդունեցին ինձ ու իմ երեք ծառայակիցներին։ Ինձ զգում էի այնպես, ինչպես Պողոս առաքյալը, ով հավատակիցներին տեսնելուն պես «շնորհակալություն հայտնեց Աստծուն և քաջություն առավ» (Գործեր 28։15

«Գաղաադ» դպրոցում (ձախ կողմում եմ)՝ իմ համադասարանցիների՝ Ֆրանսիս և Մարգարեթ Շիփլիների հետ

 Ես նշանակվեցի մի հանգիստ քաղաք՝ Լեոն, որտեղ էլ վճռեցի հնարավորինս շուտ իսպաներեն սովորել։ Երկու ամիս շարունակ՝ օրական 11 ժամ, պարապում էի ու տառապում, սակայն ոչ մի էական արդյունքի չէի հասնում։

 Հիշում եմ՝ մի օր ծառայության ժամանակ մի կին ինձ մրգային խմիչք առաջարկեց, որը Նիկարագուայում «ֆրեսկո» են անվանում։ Կարծում էի, թե նրան պատասխանել եմ, որ միայն «ֆիլտրված ջուր» եմ խմում։ Սակայն այդ կնոջ շփոթված հայացքից հասկացա, որ մի բան այն չեմ ասել։ Մի քանի օր անց իմացա, որ իմ կոտրված իսպաներենի պատճառով նրան ասել էի, թե միայն «սուրբ ջուր» եմ խմում։ Լավ էր, որ ժամանակի ընթացքում իսպաներենս բարելավվեց։

Ես ու Մարգարիտը՝ 17 տարվա միսիոներ ծառայակիցս

 Աստվածաշնչի իմ ուսումնասիրողները մեծ մասամբ ընտանիքներ էին։ Լեոնում ինձ ապահով էի զգում, ուստի սիրում էի ուսումնասիրությունները երեկոյան ժամերին անցկացնել, երբեմն մինչև իսկ գիշերվա ժամը 10-ը։ Քաղաքում գրեթե բոլորին անունով ճանաչում էի։ Տունդարձի ճանապարհին ողջունում ու զրույցի էի բռնվում իմ ջերմ հարևանների հետ, ովքեր սովորաբար երեկոներն անցկացնում էին իրենց տների դիմաց նստած՝ վայելելով մեղմ զեփյուռը։

 Լեոնում մի քանիսին օգնեցի սերտել ճշմարտությունը։ Նրանցից մեկը Նուբիա անունով մի կին էր՝ ութ մանկահասակ տղաների մայր։ Ուսումնասիրեցինք մինչև 1976 թ., ինչից հետո նշանակվեցի Մանագուա և կորցրի Նուբիայի ու նրա երեխաների հետ կապը։ 18 տարի անց Լեոնում համաժողովի մասնակցեցի։ Ընդմիջմանը շրջապատվեցի մի խումբ երիտասարդներով։ Ճիշտ կռահեցիք՝ Նուբիայի որդիներն էին։ Ուրախությունից ցնծում էի, որ Նուբիայի ջանքերը պտուղներ են բերել, ու նա իր զավակներին ուղղորդել է դեպի ճշմարտության ճանապարհ։

Միսիոներական ծառայություն՝ անհանգիստ ժամանակներում

 1970-ականների վերջերին Նիկարագուայում սոցիալական և քաղաքական համատարած փոփոխություններ եղան։ Մենք չէինք նահանջում քարոզչական գործում՝ անում էինք մեր լավագույնը։ Ինձ նշանակված տարածքը Մասայան էր, որը գտնվում էր մայրաքաղաքից դեպի հարավ։ Աղմկոտ ցույցերն ու զինված ապստամբությունները սովորական երևույթ էին այնտեղ։ Մի երեկո, երբ ժողովի հանդիպման էինք, սանդինիստական ապստամբների և կառավարական պահակախմբի միջև փոխհրաձգություն սկսվեց։ Ստիպված եղանք պառկել Թագավորության սրահի հատակին, որպեսզի փամփուշտի բաժին չդառնանք։ a

 Մի օր էլ, երբ դուրս էի եկել ծառայության, հանդիպեցի մի դիմակավորված սանդինիստի, ով նշան էր բռնել և ուր որ է կրակելու էր պահակայինին։ Փորձեցի փախչել, բայց դիմացս ավելի շատ դիմակավորվածներ հայտնվեցին։ Վազեցի դեպի փողոցի անկյունը, բայց թաքնվելու տեղ չունեի. փակուղու մեջ էի։ Այդ լարված պահին կառավարական ուղղաթիռներից սկսեց փամփուշտների անձրև տեղալ։ Հանկարծ մի մարդ բացեց իր տան դուռը ու ինձ ներս քաշեց։ Պապանձվել էի. Եհովան փրկեց ինձ։

Արտաքսվում եմ

 Մասայայում ծառայեցի մինչև 1982 թ. մարտի 20-ը։ Այդ օրը երբեք չեմ մոռանա։ Առավոտյան, երբ ես ու իմ հինգ միսիոներ ծառայակիցները պատրաստվում էինք նախաճաշել, հանկարծ նկատեցի, թե ինչպես են մի խումբ սանդինիստական զինվորներ, գնդացիրները ձեռքին, շարժվում դեպի միսիոներական տան հետնաբակ։ Նրանք անսպասելիորեն ներխուժեցին ճաշասենյակ, և զինվորներից մեկը անողոքաբար ասաց. «Մեկ ժամ ունեք. մեկական ճամպրուկ եք հավաքում ու հետևում մեզ»։

 Զինվորները մեզ տարան մի ֆերմա ու մի քանի ժամ պահեցին այնտեղ։ Ապա մեզնից չորսին նստեցրին փոքրիկ ավտոբուս և ուղարկեցին Կոստա Ռիկայի սահման։ Մեզ վտարեցին երկրից։ Ժամանակի ընթացքում արտաքսված միսիոներների թիվը հասավ 21-ի։

 Կոստա Ռիկայի եղբայրները դիմավորեցին մեզ։ Հաջորդ օրն արդեն Սան Խոսեում գտնվող մասնաճյուղում էինք։ Այնտեղ երկար չմնացինք։ Մոտ 10 օր անց ութ միսիոներներով ճանապարհ ընկանք մեր նոր նշանակման վայր՝ Հոնդուրաս։

Ծառայում եմ Հոնդուրասում

 Նշանակվեցի ծառայելու Հոնդուրասի մայրաքաղաք Տեգուսիգալպայում։ 33 տարի ծառայելով այնտեղ՝ ականատես եղա տպավորիչ աճի. ժողովների թիվը մեկից հասավ ութի։ Ցավոք, տարիների ընթացքում Տեգուսիգալպայում թափ առավ բռնությամբ լի հանցագործությունը։ Գողերն ամենուր էին։ Ինձ մի քանի անգամ թալանեցին։ Երբեմն հանդիպում էի ավազակախմբերի անդամների, որոնք փորձում էին ինձնից գումար կորզել, ինչպես իրենք էին ասում՝ «պատերազմի հարկ» վերցնել։ Ես էլ ասում էի՝ «Ինձ մոտ գումարից անհամեմատ ավելի արժեքավոր բան կա», ու մի թերթիկ կամ ամսագիր էի տալիս։ Այդպես ամեն անգամ պրծնում էի նրանց ձեռքից։

 Տեգուսիգալպայում մարդիկ մեծ մասամբ խաղաղ էին ու բարի։ Նրանցից ոմանց օգնեցի սերտել ճշմարտությունը։ Լավ հիշում եմ ուսումնասիրողներիցս մեկին՝ Բեթիին։ Թվում էր, թե նա լավ առաջադիմում է, բայց օրերից մի օր ասաց, որ ուզում է միանալ ավետարանչական եկեղեցուն։ Խոր հիասթափություն ապրեցի, սակայն երկու տարի անց այն փոխարինվեց ուրախությամբ. Բեթին հեռացավ եկեղեցուց և կրկին սկսեց իմ օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ո՞րն էր պատճառը։ Բեթին ուժգին կարոտում էր այն իսկական սերը, որ զգացել էր ժողովում (Հովհաննես 13։34, 35)։ Նա ասաց ինձ. «Ձեր հանդիպումներին դուք ջերմորեն ընդունում եք բոլորին՝ անկախ նրանից՝ հարուստ են, թե աղքատ։ Դուք շատ եք տարբերվում»։ Հետագայում Բեթին մկրտվեց։

 2014 թ.-ին Տեգուսիգալպայի միսիոներական տունը փակվեց, ու ինձ նշանակեցին ծառայելու Պանամայում։ Այժմ ապրում եմ այնտեղի միսիոներական տանը չորս երկարամյա միսիոներների հետ։

Հոգևոր նպատակներին հասնելը իրական երջանկություն է բերում

 Արդեն մոտ 55 տարի է՝ միսիոներական ծառայության մեջ եմ։ Առողջական խնդիրների պատճառով այժմ դժվարանում են անել այնքան, որքան նախկինում։ Բայց Եհովան օգնում է ինձ, որ եռանդորեն շարունակեմ իր մասին ուսուցանել մյուսներին։

 Կարո՞ղ էի կյանքս այլ նպատակների նվիրել։ Իհարկե կարող էի։ Բայց եթե այդպես վարվեի, ձեռքիցս այնքա՜ն օրհնություններ բաց կթողնեի։ Ես շատ հարուստ եմ իմ բազմաթիվ ընկերներով և ավելի քան 50 հոգևոր որդիներով ու դուստրերով, որոնց օգնել եմ սերտել ճշմարտությունը։ Այս բազմանդամ ընտանիքից բացի՝ ես վայելում եմ իմ թանկագին մորաքույր Շթեֆիի սերն ու աջակցությունը, ով բնակվում է Գերմանիայում։

 Թեպետ ամուրի եմ մնացել, բայց ինձ երբեք ու երբեք միայնակ չեմ զգացել։ Եհովան միշտ կողքիս է եղել։ Բացի այդ՝ շրջապատված եմ եղել աննման ընկերներով, ինչպիսին է Մարգարիտ Ֆոսթերը։ Նրա հետ 17 տարի շարունակ ուս ուսի միսիոներ ենք ծառայել։ Միասին անմոռաց պահեր ենք ապրել և մինչ օրս մտերիմ ընկերներ ենք (Առակներ 18։24

 Մեծագույն գոհունակություն եմ զգում այն բանի գիտակցումից, որ կյանքս ապրել եմ լավագույն ձևով՝ լիարժեքորեն ծառայել եմ Եհովային։ Ես իրականացրի իմ մանկության երազանքն ու անթիվ-անհամար ոգևորիչ հուշեր ձեռք բերեցի։ Ես իսկապես երջանիկ եմ և փափագում եմ ծառայել Եհովային հավիտյա՛ն։

a Նիկարագուայում ազգային-ազատագրական սանդինիստական ճակատը 1970-ականներին ամրացրեց իր դիրքերը և ի վերջո գահընկեց արեց ավելի քան 40 տարի իշխանություն բանեցրած դինաստիային։