1 Տիմոթեոս 5։1-25
5 Խստորեն մի՛ քննադատիր տարեց մարդուն:+ Ընդհակառակը, մեղմությամբ հորդորիր նրան, ինչպես հոր, իսկ երիտասարդ տղամարդկանց հորդորիր, ինչպես եղբայրների,
2 մեծահասակ կանանց՝ ինչպես մայրերի, երիտասարդ կանանց՝ ինչպես քույրերի, ամենայն մաքրությամբ:
3 Հոգ տար* այրի կանանց, որոնք իսկապես անօգնական են մնացել:*+
4 Բայց եթե որևէ այրի երեխաներ և թոռներ ունի, թող նրանք սովորեն Աստծու հանդեպ նվիրվածությունը նախևառաջ ցույց տալ իրենց ընտանիքներում+ և հոգ տանեն ծնողներին, տատերին ու պապերին՝ կատարելով իրենց պարտականությունը,+ քանի որ դա է հաճելի Աստծուն:+
5 Այրին, ով իսկապես անօգնական է մնացել ու ապրուստի միջոց չունի, իր հույսը դնում է Աստծու վրա+ և օր ու գիշեր աղաչանքներ ու աղոթքներ է անում:+
6 Իսկ այն այրին, ով ձգտում է միայն իր ցանկությունները բավարարել, թեև ապրում է, բայց հոգևորապես մեռած է:
7 Ուստի շարունակիր նրանց* տալ այս հրահանգները, որ անմեղադրելի լինեն:
8 Անկասկած, եթե որևէ մեկը հոգ չի տանում նրանց, ում հանդեպ պարտավորություն ունի, հատկապես՝ իր ընտանիքի անդամներին, նա հավատն ուրացել է և անհավատից էլ վատն է:+
9 Ցուցակի մեջ թող ընդգրկվի այն այրին, ով առնվազն 60 տարեկան է, հավատարիմ է եղել իր ամուսնուն*
10 և ճանաչված է իր լավ գործերով,+ այսինքն՝ լավ է դաստիարակել իր երեխաներին,+ հյուրասիրություն է դրսևորել,+ լվացել է սրբերի ոտքերը,*+ օգնության է հասել նեղության մեջ լինողներին,+ անձնվիրաբար ամեն տեսակ բարիք է արել:
11 Բայց երիտասարդ այրի կանայք չպետք է ընդգրկվեն ցուցակի մեջ, քանի որ երբ նրանք Քրիստոսին ծառայելու փոխարեն թույլ են տալիս, որ իրենց սեռական ցանկությունները գլուխ բարձրացնեն, որոշում են ամուսնանալ:
12 Իրենց սկզբնական խոստումը* դրժելով՝ նրանք դատապարտություն են բերում իրենց վրա:
13 Բացի այդ՝ նրանք պարապության են սովորում՝ տնից տուն շրջելով, այո՛, ոչ միայն պարապ են մնում, այլև բամբասում են և ուրիշների գործերին խառնվում՝+ խոսելով բաներ, որ չպետք է խոսեն:
14 Դրա համար ուզում եմ, որ երիտասարդ այրիներն ամուսնանան,+ երեխաներ ունենան,+ տան գործերով զբաղվեն և հակառակորդներին քննադատության առիթ չտան:
15 Բանն այն է, որ այդ այրիներից ոմանք արդեն շեղվել են ճիշտ ուղուց և Սատանային են հետևում:
16 Եթե որևէ հավատացյալ կին այրի ազգականներ ունի, թող ի՛նքը օգնի նրանց, որ ժողովի վրա հավելյալ բեռ չընկնի: Այդ դեպքում ժողովը կկարողանա օգնել այն այրիներին, ովքեր իսկապես անօգնական են մնացել:+
17 Երեցները թող կրկնակի պատվի արժանանան+ ժողովը լավ առաջնորդելու համար,+ հատկապես նրանք, ովքեր շատ ջանք են թափում Աստծու խոսքի մասին խոսելու և ուսուցանելու գործում:+
18 Չէ՞ որ սուրբ գրվածքներում ասվում է՝ «Կալ անող ցլի բերանին դնչկալ չդնեք»,+ նաև ասվում է՝ «Աշխատողը արժանի է, որ ստանա իր վարձը»:+
19 Երեցի դեմ ներկայացված մեղադրանքը մի՛ ընդունիր որպես ճշմարտություն, քանի դեռ այն չի հաստատվել երկու կամ երեք վկաների կողմից:+
20 Նրանց, ովքեր մեղք են գործում,+ նկատողություն արա* բոլորի առաջ,+ որպեսզի դա նախազգուշացում լինի վերջիններիս համար:
21 Աստծու, Քրիստոս Հիսուսի և ընտրյալ հրեշտակների առջև ամենայն լրջությամբ պարտավորեցնում եմ քեզ, որ հետևես այս հրահանգներին առանց կանխակալ կարծիքի և առանց կողմնապահության:+
22 Երբեք մի՛ շտապիր ձեռքերդ դնել որևէ մեկի վրա,*+ մասնակից մի՛ եղիր ուրիշների մեղքերին, մաքուր պահիր քեզ:
23 Քանի որ հաճախակի ես հիվանդանում ու ստամոքսի խնդիրներ ունես, ջուր մի՛ խմիր,* մի քիչ գինի օգտագործիր:
24 Որոշ մարդկանց մեղքերը բոլորին են հայտնի, և նրանք անմիջապես են ստանում իրենց դատաստանը, իսկ ոմանց մեղքերը ավելի ուշ են հայտնի դառնում:+
25 Այդպես էլ բարի գործերն են հայտնի լինում բոլորին+ և եթե դեռ հայտնի էլ չեն, միևնույն է, ծածուկ չեն մնա:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «Պատվիր»:
^ Բռց.՝ «իսկապես այրի են»:
^ Ըստ ամենայնի, վերաբերում է այրիներին և նրանց հարազատներին:
^ Բռց.՝ «մեկ ամուսնու կին է եղել»:
^ Աստվածաշնչյան ժամանակներում հյուրի ոտքերը լվանալը հյուրասիրության ու բարության դրսևորում էր համարվում: Բառարանում տես «Սրբեր»:
^ Բռց.՝ «առաջին հավատը»:
^ Կամ՝ «ուղղիր»:
^ Այսինքն՝ ոչ ոքի հապճեպորեն նշանակում մի՛ տուր:
^ Կամ՝ «միայն ջուր մի՛ խմիր»: