1 Կորնթացիներ 15։1-58

  • Քրիստոսի հարությունը (1-11)

  • Հարությունը հավատի հիմքն է (12-19)

  • Քրիստոսի հարությունը երաշխիք է (20-34)

  • Ֆիզիկական մարմին, ոգեղեն մարմին (35-49)

  • Անմահություն և անապականություն (50-57)

  • Զբաղված լինենք Տիրոջ գործում (58)

15  Եղբայրնե՛ր, հիշեցնում եմ ձեզ այն բարի լուրը, որը հռչակեցի,+ և որը դուք ընդունեցիք ու հաստատակամորեն պաշտպանեցիք:  Եթե ամուր կառչած եք մնում իմ հռչակած այդ բարի լուրին, ուրեմն փրկության ճանապարհին եք, իսկ եթե ոչ, ապա զուր տեղն եք հավատացյալ դարձել:  Ձեզ փոխանցած ամենակարևոր բաների թվում, որոնք ինքս էլ ստացել եմ, այն է, որ Քրիստոսը մահացավ մեր մեղքերի համար, ինչպես ասվել էր սուրբ գրքերում,+  և որ նա գրվածի համաձայն՝+ թաղվեց+ ու երրորդ օրը+ հարություն առավ:+  Նա երևաց Կեփասին,*+ ապա՝ 12 առաքյալներին:+  Դրանից հետո միանգամից ավելի քան 500 եղբայրների երևաց,+ որոնցից մի քանիսը ննջել են մահվան քնով, բայց շատերը մինչև հիմա դեռ մեզ հետ են:  Այնուհետև երևաց Հակոբոսին,+ ապա՝ բոլոր առաքյալներին,+  իսկ ամենքից հետո երևաց նաև ինձ՝+ իբրև վաղաժամ ծնվածի:  Բանն այն է, որ ես առաքյալների մեջ փոքրագույնն եմ և արժանի էլ չեմ առաքյալ կոչվելու, քանի որ հալածել եմ Աստծու ժողովը:+ 10  Սակայն Աստծու անզուգական բարության շնորհիվ ես այն եմ, ինչ կամ: Եվ իմ հանդեպ նրա դրսևորած այդ բարությունը ապարդյուն չի եղել. ես մյուս բոլորից ավելի շատ գործ եմ արել: Բայց ինչ էլ որ արել եմ, ոչ թե իմ շնորհիվ եմ արել, այլ Աստծու անզուգական բարության, որ դրսևորվել է իմ հանդեպ: 11  Բոլորս էլ՝ թե՛ ես, թե՛ նրանք, նույն բանն ենք քարոզում, և դուք հավատացել եք այդ լուրին: 12  Ուրեմն եթե քարոզվում է, որ Քրիստոսը հարություն է առել,+ ինչպե՞ս են ձեզնից ոմանք ասում, թե մահացածների հարություն չկա: 13  Եթե իսկապես մահացածների հարություն չկա, ուրեմն Քրիստոսն էլ հարություն չի առել: 14  Իսկ եթե Քրիստոսը հարություն չի առել, ուրեմն մեր քարոզչությունն իզուր է, և ձեր հավատն էլ է իզուր: 15  Դեռ ավելին՝ մենք նաև Աստծու սուտ վկաներ ենք դուրս գալիս,+ որովհետև վկայել ենք, թե Աստված հարություն է տվել Քրիստոսին,+ ինչը, փաստորեն, չի կարող ճիշտ լինել, եթե մահացածները իրականում հարություն չեն առնելու: 16  Չէ՞ որ եթե մահացածները հարություն չեն առնելու, ուրեմն Քրիստոսն էլ հարություն չի առել: 17  Իսկ եթե Քրիստոսը հարություն չի առել, ձեր հավատն անիմաստ է, դուք դեռ մնում եք ձեր մեղքերի մեջ,+ 18  և նրանք էլ, ովքեր, լինելով Քրիստոսի հետևորդ, ննջեցին մահվան քնով, մեկընդմիշտ կորան:+ 19  Եթե մենք միայն այս կյանքի համար ենք հույս դրել Քրիստոսի վրա, ապա բոլոր մարդկանց մեջ ամենախղճալին ենք: 20  Բայց իրողությունն այն է, որ Քրիստոսը հարություն է առել. նա ննջեցյալների մեջ առաջին պտուղն է:+ 21  Ինչպես որ մարդու միջոցով ի հայտ եկավ մահը,+ այնպես էլ մարդու միջոցով մահացածների հարություն կլինի:+ 22  Այո՛, ինչպես Ադամի պատճառով բոլորը մահանում են,+ այնպես էլ Քրիստոսի շնորհիվ բոլորը կյանքի կբերվեն:+ 23  Բայց կա այսպիսի հերթականություն. առաջին հարություն առածը* Քրիստոսն է,+ հետո՝ նրա ներկայության ժամանակ, հարություն կառնեն նրանք, ովքեր Քրիստոսինն են:+ 24  Իսկ վերջում, երբ Քրիստոսը ոչնչացրած լինի բոլոր կառավարությունները, բոլոր իշխանությունները և ուժերը, նա Թագավորությունը կհանձնի իր Աստծուն ու Հորը:+ 25  Նա պետք է թագավորի, մինչև որ Աստված բոլոր թշնամիներին նրա ոտքերի տակ դնի:+ 26  Եվ վերջին թշնամին, որ պետք է ոչնչացվի, մահն է:+ 27  Սուրբ գրվածքներում ասվում է, որ Աստված «ամեն բան հպատակեցրեց նրան՝ դնելով նրա ոտքերի տակ»:+ Բայց երբ ասվում է, որ ամեն բան հպատակեցվեց,+ պարզ է, որ ամեն բան՝ բացի Աստծուց՝ հպատակեցնողից:+ 28  Երբ ամեն բան հպատակեցվի Որդուն, այդ ժամանակ Որդին ինքն էլ կհպատակվի ամեն բան իրեն հպատակեցնողին՝ Աստծուն,+ որպեսզի Աստված ամեն ինչ լինի ամենքի համար:+ 29  Եթե մահացածների հարություն չկա, ի՞նչ կլինի նրանց, ովքեր մկրտվում են մահ ճաշակելու համար:+ Ուրեմն էլ ինչո՞ւ են դրա համար մկրտվում: 30  Կամ ինչո՞ւ ենք մշտապես վտանգի ենթարկվում:+ 31  Ամեն օր ես մահվան առաջ եմ կանգնում: Եղբայրնե՛ր, հավաստիացնում եմ ձեզ, որ դա իրողություն է, ճիշտ ինչպես այն փաստը, որ ես հպարտանում եմ ձեզնով՝ մեր Տեր Քրիստոս Հիսուսի աշակերտներով: 32  Ի՞նչ օգուտ, որ Եփեսոսում գազանների հետ կռվեցի, ինչպես այլ մարդիկ:*+ Եթե մահացածները հարություն չեն առնելու, ուրեմն «եկեք ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք»:+ 33  Չխաբվե՛ք: Վատ ընկերակցությունները քայքայում են օգտակար սովորությունները:*+ 34  Սթափվեք ու ճիշտ վարվեք, մեղք մի՛ գործեք: Ձեզնից ոմանք Աստծու մասին ճշգրիտ գիտելիքներ չունեն: Սա ձեզ ամաչեցնելու համար եմ ասում: 35  Բայց գուցե մեկն ասի. «Մահացածները ինչպե՞ս են հարություն առնելու: Կամ ինչպիսի՞ մարմնով են հարություն առնելու»:+ 36  Ո՛վ անխոհեմ մարդ, չգիտե՞ս, որ ցանածը չի բուսնի, մինչև որ չքայքայվի: 37  Եվ ինչ որ ցանվում է, բույսը* չէ, որը հետագայում աճելու է, այլ լոկ հատիկը՝ լինի ցորենի, թե մեկ այլ բանի, 38  սակայն Աստված այն աճեցնում է՝ տալով դրան իր ուզած մարմինը, սերմերից յուրաքանչյուրին՝ իր մարմինը: 39  Բոլորի մարմինները նույնը չեն. մարդկանց մարմինը ուրիշ է, անասունների մարմինը՝ ուրիշ, թռչունների մարմինը՝ ուրիշ, ձկներինը՝ ուրիշ: 40  Նաև կան երկնքում բնակվողներ+ և երկրի վրա բնակվողներ,+ բայց երկնքում բնակվողների մարմնի շքեղությունն ուրիշ է, և երկրի վրա բնակվողների մարմնինը՝ ուրիշ: 41  Ուրիշ է արևի շքեղությունը, ուրիշ է լուսնինը,+ և ուրիշ է աստղերինը: Աստղերն էլ իրենց շքեղությամբ տարբերվում են մեկը մյուսից: 42  Այդպես է նաև մահացածների հարությունը: Ցանվում է մարմին, որը քայքայվում է, հարություն է առնում չքայքայվող մարմին:+ 43  Ցանվում է անպատվության ենթարկված մարմին, հարություն է առնում փառավորված մարմին:+ Ցանվում է թույլ մարմին, հարություն է առնում զորեղ մարմին:+ 44  Ցանվում է ֆիզիկական մարմին, հարություն է առնում ոգեղեն մարմին: Եթե կա ֆիզիկական մարմին, կա նաև ոգեղեն մարմին: 45  Գրված է. «Առաջին մարդ Ադամը կենդանի էակ* դարձավ»:+ Իսկ վերջին Ադամը դարձավ կյանք տվող ոգի:+ 46  Առաջինը ոգեղեն մարմինը չէր, այլ ֆիզիկականն էր: Ոգեղենը հետո եկավ: 47  Առաջին մարդը երկրից էր և հողից էր կազմավորված,+ իսկ երկրորդ մարդը երկնքից է:+ 48  Երկրի վրա ապրողները նման են նրան, ով հողից էր կազմված, իսկ երկնքում եղողները նման են երկնքից եկածին:+ 49  Եվ ինչպես որ հողեղենին ենք նման,+ այնպես էլ կնմանվենք երկնայինին:+ 50  Եղբայրնե՛ր, ասեմ, որ միսն ու արյունը չեն կարող Աստծու թագավորություն մտնել, քայքայվող մարմինը չի կարող ժառանգել այն, ինչը չի քայքայվում: 51  Մի սրբազան գաղտնիք հայտնեմ ձեզ. բոլորս չէ, որ կննջենք մահվան քնով, բայց բոլորս կփոխվենք+ 52  հանկարծակի, մեկ ակնթարթում, վերջին շեփորի հնչելու ժամանակ: Շեփորը կհնչի,+ և մահացածները հարություն կառնեն՝ ստանալով չքայքայվող մարմին, և մենք կփոխվենք: 53  Քայքայվող մարմինը պետք է փոխարինվի չքայքայվող մարմնով,+ և այս մահկանացու մարմինը՝ անմահ մարմնով:+ 54  Եվ երբ քայքայվող մարմինը փոխարինվի չքայքայվող մարմնով, և մահկանացու մարմինը՝ անմահ մարմնով, այդ ժամանակ կկատարվեն այս գրվածները. «Մահն առհավետ վերացվեց»:+ 55  «Մա՛հ, ո՞ւր է քո հաղթանակը: Մա՛հ, ո՞ւր է քո խայթոցը»:+ 56  Խայթոցը, որ մահ է բերում, մեղքն է,+ իսկ մեղքի զորությունը բացահայտվեց Օրենքի շնորհիվ:*+ 57  Բայց շնորհակալ ենք Աստծուն, որ մահվան դեմ հաղթանակ է տալիս մեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով:+ 58  Հետևաբար, իմ սիրելի՛ եղբայրներ, եղեք հաստատուն,+ անսասան և միշտ զբաղված եղեք*+ Տիրոջ գործում՝ իմանալով, որ Տիրոջը մատուցվող ծառայության մեջ ձեր ջանքերը իզուր չեն:+

Ծանոթագրություններ

Հայտնի է նաև որպես Պետրոս:
Բռց.՝ «առաջին պտուղը»:
Կամ հնարավոր է՝ «եթե մարդկային մտածելակերպով դատեի»:
Կամ՝ «լավ վարքը», «բարձր բարոյական արժեքները»:
Բռց.՝ «մարմինը»:
Կամ՝ «հոգի»:
Բռց.՝ «մեղքի զորությունը Օրենքն է»:
Կամ՝ «շատ անելիք ունեցեք»: