Մարկոս 15։1-47
15 Լույսը բացվելուն պես ավագ քահանաները, երեցներն ու Օրենքի ուսուցիչները՝* ամբողջ Սինեդրիոնը, խորհրդակցելուց հետո Հիսուսին կապեցին ու տարան հանձնեցին Պիղատոսին: +
2 Պիղատոսը հարցրեց նրան. «Դու հրեաների թագավո՞րն ես»:+ Նա պատասխանեց. «Հենց այդպես էլ կա»:*+
3 Ավագ քահանաները շատ մեղադրանքներ էին ներկայացնում Հիսուսի դեմ:
4 Ուստի Պիղատոսը կրկին հարցրեց նրան. «Պատասխան չունե՞ս:+ Տես՝ ինչքան շատ մեղադրանքներ են ներկայացնում քո դեմ»:+
5 Սակայն Հիսուսը էլ ոչ մի պատասխան չտվեց, ինչը շատ զարմացրեց Պիղատոսին:+
6 Նա սովորաբար ամեն Պասեքին ժողովրդի խնդրանքով ազատ էր արձակում որևէ բանտարկյալի:+
7 Այդ ժամանակ բանտարկության մեջ էր Բարաբբա անունով մի մարդ իր նման այլ խռովարարների հետ, որոնք խռովության ժամանակ սպանություն էին գործել:
8 Ամբոխը մոտեցավ ու դիմեց Պիղատոսին, որ նա, ըստ իր սովորության, բավարարի իրենց խնդրանքը:
9 Ի պատասխան՝ Պիղատոսն ասաց. «Կուզե՞ք՝ ազատ արձակեմ ձեր՝ հրեաներիդ թագավորին»:+
10 Նա այդ հարցը տվեց, որովհետև գիտեր, որ ավագ քահանաները նախանձից դրդված էին Հիսուսին իր ձեռքը հանձնել:+
11 Բայց ավագ քահանաները հրահրեցին ամբոխին, որ փոխարենը պահանջեն ազատ արձակել Բարաբբային:+
12 Պիղատոսը կրկին հարցրեց նրանց. «Հապա ի՞նչ անեմ նրան, ում հրեաների թագավոր եք կոչում»:+
13 Նորից ու նորից բղավելով՝ նրանք ասացին. «Սյա՛նը գամիր»:*+
14 Սակայն Պիղատոսն ասաց. «Ինչի՞ համար, ի՞նչ վատ բան է արել»: Բայց նրանք ավելի բարձր էին բղավում. «Սյա՛նը գամիր»:+
15 Ուստի Պիղատոսը, ցանկանալով գոհացնել ամբոխին, Բարաբբային ազատ արձակեց, իսկ Հիսուսին մտրակել տվեց+ ու հանձնեց զինվորներին, որ տանեն սյանը գամեն:+
16 Զինվորները Հիսուսին տարան կուսակալի պալատի բակ և այնտեղ հավաքեցին ամբողջ զորագունդը:+
17 Ապա նրան մանուշակագույն* թիկնոց հագցրին, փշերից մի պսակ հյուսեցին, դրեցին նրա գլխին
18 և սկսեցին բացականչել. «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր»:+
19 Եղեգով գլխին էին խփում, թքում էին նրա վրա և ծնկի գալով խոնարհվում նրա առաջ:
20 Հիսուսին ծաղրուծանակի ենթարկելուց հետո հանեցին մանուշակագույն թիկնոցը, հագցրին նրա վերնահագուստները ու տարան սյանը գամելու:+
21 Նրանք տանջանքի սյունը* տանելու գործը պարտադրեցին մի անցորդի՝ Կյուրենիայից ոմն Սիմոնի՝ Ալեքսանդրոսի և Ռուֆոսի հորը, որը հարակից գյուղական տարածքից էր գալիս:+
22 Հիսուսին բերեցին մի վայր, որ կոչվում է Գողգոթա, ինչը թարգմանվում է «գանգ»:+
23 Այստեղ նրան զմուռսի* հետ խառնած գինի տվեցին՝+ որպես թմրեցնող միջոց, բայց նա չխմեց:
24 Հիսուսին սյանը գամեցին և նրա վերնահագուստները բաժանելու համար վիճակ* գցեցին, որ տեսնեն, թե ում ինչ կհասնի:+
25 Առավոտյան մոտ ժամը ինն էր,* երբ նրան սյանը գամեցին:
26 Գլխավերևում փակցված էր նրա դեմ մեղադրանքը ցույց տվող հետևյալ գրությունը՝ «Հրեաների թագավորը»:+
27 Նրա հետ նաև երկու ավազակների էին սյան վրա մահապատժի դատապարտել, մեկին՝ աջ կողմում, մյուսին՝ ձախ:+
28 ....*
29 Անցնող-դարձողները անպատվում էին Հիսուսին ու գլուխները շարժելով՝+ ասում. «Պա՛հ, տաճարը քանդող ու երեք օրում կառուցողիս տեսեք:+
30 Դե փրկի՛ր քեզ, իջի՛ր տանջանքի սյունից»:
31 Ավագ քահանաներն ու Օրենքի ուսուցիչներն էլ էին ծաղրում նրան՝ ասելով. «Ուրիշներին փրկեց, իսկ իրեն չի կարողանում փրկել:+
32 Դե թող Քրիստոսը՝ Իսրայելի թագավորը, հիմա ցած իջնի տանջանքի սյունից, որ տեսնենք ու հավատանք»:+ Անգամ Հիսուսի կողքին սյան վրա մահապատժի ենթարկված ավազակներն էին նախատում նրան:+
33 Կեսօրին մոտ* խավար իջավ այդ ամբողջ երկրի վրա և տևեց մինչև ժամը երեքի* կողմերը:+
34 Ժամը երեքին Հիսուսը բարձր ձայնով բացականչեց՝ «Էլի՛, էլի՛, լամա՞ սաբաքթանի», որ թարգմանվում է «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ես ինձ թողել»:+
35 Դա լսելով՝ մոտակայքում կանգնածներից ոմանք ասացին. «Տեսեք, Եղիային է կանչում»:
36 Մեկը վազեց, սպունգը թաթախեց թթված գինու մեջ ու փայտի ծայրին հագցնելով՝ մոտեցրեց նրան, որ խմի,+ և ասաց. «Սպասեք՝ տեսնենք՝ Եղիան կգա՞ նրան ցած իջեցնելու»:
37 Հիսուսը բարձր ձայնով բացականչեց ու շունչը տվեց:+
38 Եվ սրբարանի վարագույրը,+ վերից վար պատռվելով, երկու մասի բաժանվեց:+
39 Հիսուսի տանջանքի սյունից ոչ հեռու կանգնած հարյուրապետը, որը տեսավ, թե ինչ էր կատարվում նրա մահվան ժամանակ, ասաց. «Այս մարդն իսկապես Աստծու Որդին էր»:+
40 Այնտեղ կանայք էլ կային, որ հեռվից հետևում էին այդ ամենին: Նրանց թվում էին Մարիամ Մագդաղենացին, Փոքր Հակոբոսի ու Հովսեսի մայր Մարիամը և Սալոմեն,+
41 որոնք ուղեկցում էին Հիսուսին և հոգ տանում նրան,+ երբ նա Գալիլեայում էր: Ուրիշ շատ կանայք էլ կային, որ Հիսուսի հետ եկել էին Երուսաղեմ:
42 Արդեն իրիկնամուտ էր, և քանի որ պատրաստության օրն էր, այսինքն՝ Շաբաթին նախորդող օրը,
43 արիմաթեացի Հովսեփը՝ Խորհրդի* պատվարժան մի անդամ, որը սպասում էր Աստծու թագավորությանը, համարձակություն հավաքելով՝ մտավ Պիղատոսի մոտ ու խնդրեց, որ Հիսուսի մարմինը իրեն տան:+
44 Սակայն Պիղատոսն ընկավ տարակուսանքի մեջ, թե ինչպես կարող էր Հիսուսն արդեն մահացած լինել, և կանչելով հարյուրապետին՝ հարցուփորձ արեց այդ մասին:
45 Երբ հարյուրապետն ամեն բան հաստատեց, Պիղատոսը Հովսեփին թույլ տվեց վերցնել մարմինը:
46 Նա էլ բարձրորակ կտավ գնեց, Հիսուսին սյան վրայից իջեցրեց և այդ կտավով փաթաթելով՝ դրեց մի ժայռափոր գերեզմանում,+ ապա մի քար գլորեց ու փակեց գերեզմանի մուտքը:+
47 Իսկ Մարիամ Մագդաղենացին և Հովսեսի մայր Մարիամը մնացին այնտեղ և նայում էին Հիսուսի գերեզմանին:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «դպիրները»:
^ Բռց.՝ «Ինքդ ես ասում»: Սա դարձված էր, որով հաստատում էին ասվածը:
^ Կամ՝ «Սյան վրա մահապատժի՛ ենթարկիր»:
^ Այս գույնը կապ ուներ հարստության և արքայական փառքի հետ:
^ Բառարանում տես «Տանջանքի սյուն»:
^ Թանկարժեք, անուշաբույր խեժ:
^ Բռց.՝ «Երրորդ ժամն էր [արևածագից հաշված]»:
^ Տես հավելված Ա3:
^ Բռց.՝ «իններորդ ժամի [արևածագից հաշված]»:
^ Բռց.՝ «Վեցերորդ ժամին [արևածագից հաշված]»:
^ Կամ՝ «Սինեդրիոնի»: