Ղևտական 27։1-34

  • Երդումով Աստծուն տրվածը հետ գնելը (1-27)

    • Մարդիկ (1-8)

    • Կենդանիներ (9-13)

    • Տներ (14, 15)

    • Արտեր (16-25)

    • Առաջնեկներ (26, 27)

  • Եհովային անվերապահորեն նվիրված բաները (28, 29)

  • Տասներորդ մասը հետ գնելը (30-34)

27  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.  «Խոսիր իսրայելացիների հետ ու ասա. «Եթե մի մարդ հատուկ երդում տա,+ որ որևէ մեկին կնվիրի Եհովային, այսինքն՝ դա կանի՝ վճարելով սահմանված արժեքը,  ապա 20-ից 60 տարեկան տղամարդու համար սահմանված արժեքը կլինի 50 սիկղ* արծաթ՝ սուրբ վայրի կշռաչափով,*  իսկ կնոջ համար սահմանված արժեքը կլինի 30 սիկղ:*  Հինգից 20 տարեկան տղայի համար սահմանված արժեքը կլինի 20 սիկղ,* աղջկա համար՝ 10 սիկղ:*  Մեկ ամսականից մինչև հինգ տարեկան տղայի համար սահմանված արժեքը կլինի հինգ սիկղ* արծաթ, աղջկա համար՝ երեք սիկղ:*  Վաթսուն տարեկան և ավելի բարձր տարիքի տղամարդու համար սահմանված արժեքը 15 սիկղ* կլինի, կնոջ համար՝ 10 սիկղ:  Բայց եթե երդում տվողը չափազանց աղքատ է և սահմանված արժեքը չի կարող տալ,+ ապա այն մարդը, ում մասին երդում է տրվել, պետք է կանգնի քահանայի առաջ, և քահանան նրա համար արժեք կսահմանի՝ հաշվի առնելով երդում տվողի հնարավորությունները:+  Եթե մարդը երդում է տալիս, որ զոհաբերության համար պիտանի կենդանի կնվիրաբերի Եհովային, ապա այդ կենդանին պետք է առանձնացվի որպես Եհովային պատկանող սուրբ մի բան: 10  Նա չի կարող դրա փոխարեն ուրիշ կենդանի բերել, ոչ էլ կարող է փոխանակել լավը վատով կամ վատը լավով: Բայց եթե, այնուամենայնիվ, մի կենդանին փոխանակի մյուսով, ապա թե՛ առաջին կենդանին, թե՛ դրա փոխարեն բերվածը կպատկանեն Աստծուն որպես սուրբ մի բան: 11  Եթե երդումով խոստացվածը անմաքուր կենդանի է,+ որը չի կարելի որպես զոհ մատուցել Եհովային, ապա այդ կենդանուն նա պետք է բերի քահանայի առաջ: 12  Քահանան կսահմանի դրա արժեքը՝ կախված այն բանից՝ կենդանին լավն է, թե վատը: Դրա արժեքը կլինի այնքան, որքան քահանան կսահմանի: 13  Եթե երդում տվողը երբևէ ցանկանա հետ գնել այն, ապա պետք է վճարի սահմանված արժեքը՝ ավելացնելով դրա հինգերորդ մասը:+ 14  Եթե մարդն իր տունը նվիրի* Եհովային որպես սուրբ մի բան, քահանան կսահմանի դրա արժեքը՝ կախված այն բանից՝ տունը լավն է, թե վատը: Դրա արժեքը կլինի այնքան, որքան քահանան կսահմանի:+ 15  Եթե նվիրողը ցանկանա հետ գնել իր տունը, ապա պետք է վճարի սահմանված արժեքը՝ ավելացնելով դրա հինգերորդ մասը: Այդ ժամանակ տունը իրենը կլինի: 16  Եթե մարդն իր արտի մի մասը նվիրի* Եհովային որպես սուրբ մի բան, դրա արժեքը պետք է որոշվի ըստ այն բանի, թե որքան սերմ կարելի է ցանել այնտեղ. մի խոմեր* գարու սերմի դիմաց՝ 50 սիկղ արծաթ: 17  Եթե նա իր արտը նվիրաբերի* Հոբելյանական տարում,+ դրա գինը կլինի այն, ինչ սահմանվել է: 18  Բայց եթե արտը նվիրաբերվի Հոբելյանական տարուց հետո, ապա քահանան դրա գինը կհաշվի ըստ այն տարիների թվի, որ մնացել են մինչև հաջորդ Հոբելյանը, և սահմանված արժեքը համապատասխանաբար կնվազեցվի:+ 19  Եթե արտը նվիրողը երբևէ ցանկանա հետ գնել այն, ապա պետք է վճարի այդ արժեքը՝ ավելացնելով դրա հինգերորդ մասը: Դրանից հետո արտը իրենը կլինի: 20  Եթե նա արտը հետ չգնի, և այն վաճառվի ուրիշի, ապա այլևս հնարավոր չի լինի այն հետ գնել: 21  Երբ Հոբելյանական տարում արտը վերադարձվի, այն կպատկանի Եհովային որպես մեկընդմիշտ նրան նվիրված արտ և սուրբ կլինի: Այն կդառնա քահանաների սեփականությունը:+ 22  Եթե մի մարդ որպես սուրբ բան Եհովային նվիրի* իր գնած արտը, որն իր ժառանգական սեփականության մի մասը չէ,+ 23  քահանան դրա գինը կհաշվի ըստ այն տարիների թվի, որ մնացել են մինչև Հոբելյանը, և նվիրողը նույն օրը պետք է տա սահմանված գինը:+ Այդ նվիրաբերությունը կպատկանի Եհովային որպես սուրբ մի բան: 24  Հոբելյանական տարում արտը կվերադարձվի նրան, ումից գնվել էր, ում այն պատկանում էր:+ 25  Բոլոր արժեքները պետք է սահմանվեն սիկղով՝ ըստ սուրբ վայրի կշռաչափի: Սիկղը պետք է 20 դանգ* լինի: 26  Ոչ ոք չպետք է կենդանիների առաջնեկներին նվիրաբերի* Եհովային որպես սուրբ մի բան, քանի որ առաջնեկն արդեն իսկ նրանն է: Լինի ցուլ, թե ոչխար՝ այն պատկանում է Եհովային:+ 27  Եթե այն անմաքուր կենդանիներից է, և տերը ցանկանում է փրկագնել դրան, ապա պետք է տա սահմանված արժեքը և ավելացնի դրա հինգերորդ մասը:+ Սակայն եթե տերը հետ չգնի, քահանան այն կվաճառի ըստ սահմանված արժեքի: 28  Բայց մեկընդմիշտ նվիրվածը, այսինքն՝ այն, ինչ մարդն անվերապահորեն* նվիրում է Եհովային՝ լինի մարդ, կենդանի կամ սեփական արտ, չի կարող վաճառվել կամ հետ գնվել: Մեկընդմիշտ նվիրված ամեն բան Եհովային է պատկանում և անչափ սուրբ է:+ 29  Մահվան դատապարտված* անձը չի կարող փրկագնվել:+ Նա անպատճառ պետք է մահվան մատնվի:+ 30  Երկրի տված ամեն բերքի տասներորդ մասը՝+ լինի արտի տված բերքից, թե ծառերի պտղից, Եհովային է պատկանում: Այն Եհովային պատկանող սուրբ բան է: 31  Եթե մարդ ցանկանա հետ գնել բերքի տասներորդ մասը, ապա պետք է վճարի դրա արժեքը և ավելացնի նաև այդ արժեքի հինգերորդ մասը: 32  Ինչ վերաբերում է նախիրների ու հոտերի տասներորդ մասին, ապա հովիվը կենդանիներին հաշվելիս՝ դրանց իր ցուպի տակով անցկացնելիս, պետք է ամեն տասներորդին* առանձնացնի Եհովայի համար՝ որպես նրան պատկանող սուրբ մի բան: 33  Նա չպետք է զննի կենդանուն՝ տեսնելու՝ լավն է, թե վատը, ոչ էլ պետք է այն փոխարինի մեկ ուրիշով: Բայց եթե երբևիցե փորձի փոխանակել, ապա երկու կենդանին էլ կպատկանեն Աստծուն՝ որպես սուրբ մի բան:+ Դրանք չեն կարող հետ գնվել»»: 34  Սրանք այն պատվիրաններն են, որ Եհովան Սինա լեռան վրա տվեց Մովսեսին,+ որ նա փոխանցի իսրայելացիներին:

Ծանոթագրություններ

Կամ՝ «սուրբ նպատակով օգտագործվող սիկղով»:
Մոտ 570 գ: Տես հավելված Բ14:
Մոտ 342 գ:
Մոտ 228 գ:
Մոտ 114 գ:
Մոտ 57 գ:
Մոտ 34 գ:
Մոտ 171 գ:
Բռց.՝ «սրբագործի»: Բառարանում տես «Սրբագործել»:
Բռց.՝ «սրբագործի»: Բառարանում տես «Սրբագործել»:
Մոտ 220 լ: Տես հավելված Բ14:
Բռց.՝ «սրբագործի»: Բառարանում տես «Սրբագործել»:
Բռց.՝ «սրբագործի»: Բառարանում տես «Սրբագործել»:
Մոտ 11,4 գ: Տես հավելված Բ14:
Բռց.՝ «սրբագործի»: Բառարանում տես «Սրբագործել»:
Կամ՝ «որպես կործանման դատապարտված բան»: Բառարանում տես «Կործանման դատապարտված»:
Կամ՝ «Կործանման դատապարտված»:
Կամ՝ «տասներորդ գլուխը»: