Ղևտական 18։1-30
-
Անթույլատրելի սեռական հարաբերություններ (1-30)
18 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.
2 «Խոսիր իսրայելացիների հետ ու ասա նրանց. «Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը:+
3 Չվարվե՛ք այնպես, ինչպես վարվում են Եգիպտոսում, որտեղ ապրում էիք, ոչ էլ այնպես, ինչպես Քանանում են վարվում՝ այն երկրում, ուր տանում եմ ձեզ: Նրանց սովորույթներին* չհետևե՛ք:+
4 Պետք է իմ սահմանած օրենքներն* ու կանոնները պահեք և դրանց հետևեք:+ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը:
5 Պահեք իմ սահմանած օրենքներն ու կանոնները: Ով որ այդպես վարվի, դրա շնորհիվ կապրի:+ Ես Եհովան եմ:
6 Ձեզանից ոչ մեկը չպետք է սեռական հարաբերություն ունենա* իր մոտ ազգականներից որևէ մեկի հետ:+ Ես Եհովան եմ:
7 Չպետք է սեռական հարաբերություն ունենաս քո հոր կամ մոր հետ: Քո մոր հետ սեռական հարաբերություն չունենաս. չէ՞ որ նա քո մայրն է:
8 Սեռական հարաբերություն չունենաս քո հոր կնոջ հետ:+ Այդպիսով քո հորը կպատվազրկես:*
9 Սեռական հարաբերություն չունենաս քո քրոջ հետ, քո հոր աղջկա կամ քո մոր աղջկա հետ, անկախ նրանից՝ դու և նա նույն տանն եք ծնվել, թե ոչ:+
10 Սեռական հարաբերություն չունենաս քո թոռան հետ՝ լինի որդուդ դուստրը, թե աղջկադ դուստրը. այդպես ինքդ քե՛զ անպատիվ կանես:*
11 Սեռական հարաբերություն չունենաս քո հոր կնոջ աղջկա հետ, որ ծնվել է քո հորից, քանի որ նա քո քույրն է:
12 Սեռական հարաբերություն չունենաս քո հորաքրոջ հետ: Նա քո հոր արյունակիցն է:+
13 Սեռական հարաբերություն չունենաս քո մորաքրոջ հետ, քանի որ նա քո մոր արյունակիցն է:
14 Չպատվազրկես քո հորեղբորը՝* սեռական հարաբերություն ունենալով նրա կնոջ հետ: Նա քեզ համար արյունակից ազգականի պես է:+
15 Սեռական հարաբերություն չունենաս քո հարսի հետ:+ Չէ՞ որ նա քո որդու կինն է. դու չպետք է հարաբերություն ունենաս նրա հետ:
16 Սեռական հարաբերություն չունենաս քո եղբոր կնոջ հետ,+ քանի որ այդպես կպատվազրկես քո եղբորը:*
17 Սեռական հարաբերություն չունենաս և՛ կնոջ, և՛ նրա աղջկա հետ,+ ոչ էլ նրա տղայի աղջկա կամ դստեր աղջկա հետ: Նրանք այդ կնոջ արյունակիցներն են: Դա խայտառակ արարք* է:
18 Քենուդ քեզ որպես երկրորդ կին չառնես և նրա հետ սեռական հարաբերություն չունենաս, քանի դեռ կինդ ողջ է, որովհետև նրանց միջև մրցակցություն կառաջանա:+
19 Կնոջ դաշտանի անմաքրության ընթացքում նրա հետ սեռական հարաբերություն չունենաս:+
20 Ուրիշի* կնոջ հետ սեռական հարաբերություն չունենաս, քանի որ դա անելով՝ կպղծվես:+
21 Քո զավակներից ոչ մեկին չտաս* Մողոքին*+ և այդպիսով չանարգես քո Աստծու անունը:+ Ես Եհովան եմ:
22 Տղամարդը չպետք է սեռական հարաբերություն ունենա տղամարդու հետ:*+ Դա գարշելի է:
23 Տղամարդը չպետք է սեռական հարաբերություն ունենա կենդանու հետ ու պղծվի դրանով, ոչ էլ կինը պետք է սեռական հարաբերություն ունենա կենդանու հետ:+ Այդպես ոտնահարվում է այն, ինչ բնական է:
24 Այս արարքներից ոչ մեկով չպղծեք ձեզ, որովհետև այսպիսի բաներով են իրենց պղծել այն ազգերը, որոնց ես քշում եմ ձեր առաջից:+
25 Նրանց պատճառով երկիրը պղծվել է, և նրանց հանցանքի համար ես պատժելու եմ նրանց. այդ երկիրը փսխելու է իր բնակիչներին:+
26 Իսկ դուք պետք է պահեք իմ սահմանած օրենքներն* ու կանոնները+ և այդ գարշելի բաներից ոչ մեկը չպետք է անեք. սա վերաբերում է թե՛ բնիկին, թե՛ ձեր մեջ բնակվող պանդուխտին:+
27 Այդ գարշելի բաներն անում են այն երկրի մարդիկ, որտեղ դուք ապրելու եք,+ դրա համար էլ այդ երկիրը անմաքուր է դարձել:
28 Եթե դուք երկիրը չպղծեք, այն ձեզ չի փսխի, ինչպես որ փսխելու է ձեզնից առաջ այնտեղ եղող ազգերին:
29 Բայց եթե որևէ մարդ այս գարշելի արարքներից մեկն անի, նա պետք է վերացվի իր ժողովրդի միջից:
30 Դուք պետք է պահեք իմ առաջ ունեցած ձեր պարտավորությունը և չհետևեք այն գարշելի սովորույթներից որևէ մեկին, որոնց հետևել են ձեզնից առաջ եղողները,+ որպեսզի դրանցով չպղծվեք: Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»»:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «կանոններին»:
^ Կամ՝ «դատավճիռները»:
^ Այս և հաջորդ համարներում այս արտահայտությունը բառացի նշանակում է «բացել մերկությունը»:
^ Բռց.՝ «Դա քո հոր մերկությունն է»:
^ Բռց.՝ «որովհետև դա քո մերկությունն է»:
^ Բռց.՝ «Չբացես քո հորեղբոր մերկությունը»:
^ Բռց.՝ «քանի որ դա քո եղբոր մերկությունն է»:
^ Կամ՝ «անամոթություն», «այլասերվածություն»:
^ Կամ՝ «Դրացուդ», «Ընկերոջդ»:
^ Կամ՝ «չնվիրես», «չզոհաբերես»:
^ Բռց.՝ «Չպետք է տղամարդու հետ պառկես, ինչպես կնոջ հետ ես պառկում»:
^ Կամ՝ «իմ դատավճիռները»: