Ծննդոց 12։1-20
12 Եհովան Աբրամին ասաց. «Հեռացիր քո երկրից, քո հարազատներից ու քո հոր տնից և գնա այն երկիր, որը ցույց կտամ քեզ:+
2 Ես քեզ մեծ ազգ կդարձնեմ ու կօրհնեմ, մեծ անուն կստեղծեմ քեզ համար, և դու ուրիշների համար օրհնություն կդառնաս:+
3 Քեզ օրհնողներին կօրհնեմ ու քեզ անիծողներին կանիծեմ,+ և երկրի բոլոր տոհմերը* կօրհնվեն* քո միջոցով»:+
4 Ուստի Աբրամը գնաց, ինչպես որ Եհովան ասել էր իրեն: Ղովտն էլ գնաց նրա հետ: Աբրամը 75 տարեկան էր, երբ դուրս եկավ Խառանից:+
5 Աբրամը վերցրեց իր կնոջը՝ Սարային,+ և իր եղբորորդուն՝ Ղովտին,+ ինչպես նաև իրենց կուտակած ողջ ունեցվածքն+ ու Խառանում ձեռք բերած ծառաներին և ճանապարհ ընկավ դեպի Քանանի երկիր:+ Հասնելով Քանան՝
6 Աբրամը շարունակեց ճամփորդել այդ երկրով և հասավ մինչև Սյուքեմ+ կոչված վայրը՝ Մորեի մեծ ծառերի մոտ:+ Այդ ժամանակ քանանացիներն էին ապրում այդ երկրում:
7 Եհովան երևաց Աբրամին ու ասաց. «Քո սերնդին+ եմ տալու այս երկիրը»:+ Ուստի Աբրամն այնտեղ զոհասեղան շինեց Եհովայի համար, ով հայտնվել էր իրեն:
8 Որոշ ժամանակ անց նա այդ վայրից տեղափոխվեց լեռնային շրջան, որը գտնվում էր Բեթելից+ արևելք, և իր վրանը կանգնեցրեց այնպիսի տեղում, որից արևմուտք Բեթելն էր, իսկ արևելք՝ Գային:+ Այնտեղ նա զոհասեղան շինեց Եհովայի համար+ և սկսեց կանչել Եհովայի անունը:*+
9 Այնուհետև Աբրամը հավաքեց իր վրաններն ու ճանապարհ ընկավ դեպի Նեգև՝+ իր ճամբարը տեղափոխելով մի վայրից մյուսը:
10 Հետո Քանանի երկրում սով սկսվեց, և Աբրամը ուղևորվեց Եգիպտոս, որ որոշ ժամանակ այնտեղ ապրի,*+ քանի որ երկրում սովը սաստիկ էր:+
11 Երբ արդեն պետք է մտներ Եգիպտոս, իր կնոջը՝ Սարային, ասաց. «Խնդրում եմ, լսիր ինձ: Դու, ինչ խոսք, գեղեցիկ կին ես:+
12 Երբ եգիպտացիները տեսնեն քեզ, հաստատ կասեն՝ սա նրա կինն է, ուստի ինձ կսպանեն ու կտիրանան քեզ:*
13 Խնդրում եմ, ասա, որ իմ քույրն ես, որպեսզի ինձ վատ բան չպատահի, և կյանքս փրկվի»:*+
14 Երբ Աբրամը Եգիպտոս մտավ, եգիպտացիները նկատեցին, որ կինը շատ գեղեցիկ է:
15 Փարավոնի իշխանավորները նույնպես տեսան կնոջը և սկսեցին գովաբանել նրան փարավոնի առաջ: Ուստի կնոջը տարան փարավոնի տուն:
16 Հանուն նրա՝ փարավոնը Աբրամին լավ վերաբերվեց ու նրան տվեց ոչխարներ, խոշոր եղջերավոր անասուններ, արու և էգ էշեր, ուղտեր, ինչպես նաև ծառաներ ու աղախիններ:+
17 Բայց Եհովան փարավոնի ու նրա տան վրա սաստիկ պատուհասներ բերեց Աբրամի կնոջ՝ Սարայի+ պատճառով:
18 Ուստի փարավոնը կանչեց Աբրամին ու ասաց. «Այս ի՞նչ բերեցիր գլխիս: Ինչո՞ւ չասացիր, որ նա քո կինն է:
19 Ինչո՞ւ ասացիր՝ իմ քույրն է:+ Քիչ էր մնում՝ նրան կնության առնեի: Ահա՛ քո կինը: Վերցրո՛ւ նրան ու գնա՛»:
20 Եվ փարավոնը իր մարդկանց հրաման տվեց, որ Աբրամին ու նրա կնոջը ողջ ունեցվածքով հանդերձ ճանապարհ դնեն:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «ընտանիքները»:
^ Եբր. բայաձևը ցույց է տալիս, որ օրհնվելու համար հարկավոր էր լինելու ջանք թափել:
^ Եբր. արտահայտությունը ներառում է հետևյալ իմաստները՝ «օգնության կանչել Աստծուն՝ տալով նրա անունը», «ապավինել Աստծուն», «հռչակել Աստծու անունը»:
^ Կամ՝ «այնտեղ ապրի որպես օտարական»:
^ Բռց.՝ «քեզ ողջ կթողնեն»:
^ Կամ՝ «հոգիս ողջ մնա»: