Դանիել 7։1-28

  • Տեսիլք չորս գազանների մասին (1-8)

    • Պոռոտախոս փոքր եղջյուր է ի հայտ գալիս (8)

  • Հինավուրցը սկսում է դատավարությունը (9-14)

    • Մարդու որդու նման մեկը թագավոր է հռչակվում (13, 14)

  • Դանիելին բացատրվում է այդ ամենի նշանակությունը (15-28)

    • Չորս գազանները չորս թագավորներ են (17)

    • Սրբերը ստանալու են թագավորությունը (18)

    • Տասը եղջյուրներ՝ թագավորներ են ի հայտ գալու (24)

7  Բաբելոնի թագավոր Բաղդասարի+ իշխանության առաջին տարում Դանիելը, իր անկողնում պառկած, տեսիլքներ տեսավ երազում:+ Նա գրի առավ երազը՝+ մանրամասն նկարագրելով այն, ինչ տեսել էր:  Դանիելն արձանագրեց. «Գիշերը ես տեսիլքներ էի տեսնում. երկնքի չորս քամիները ալեկոծում էին մեծ ծովը:+  Ծովից չորս հսկա գազաններ+ դուրս եկան, որոնք տարբերվում էին մեկը մյուսից:  Առաջինը առյուծի էր նման+ և արծվի թևեր ուներ:+ Ես տեսա, թե ինչպես նրա թևերը պոկվեցին, նա բարձրացվեց երկրից ու մարդու պես երկու ոտքի վրա կանգնեցվեց, և նրան մարդու սիրտ տրվեց:  Երկրորդ գազանը արջի էր նման:+ Նա բարձրացվել էր մի կողմի վրա, և նրա երախում՝ ատամների մեջ, երեք կողոսկր կար: Նրան ասվեց. «Վե՛ր կաց, շատ մի՛ս կեր»:+  Դրանից հետո ես մեկ այլ գազան տեսա, որն ընձառյուծի էր նման,+ սակայն մեջքին թռչնի չորս թև ուներ: Այդ գազանը չորս գլուխ ուներ,+ և նրան իշխանություն տրվեց ղեկավարելու:  Դրանից հետո գիշերվա տեսիլքներում չորրորդ գազանին տեսա, որը սարսափազդու և զարհուրելի էր ու արտասովոր ուժ ուներ: Նա երկաթե մեծ ատամներ ուներ, ամեն ինչ խժռում ու ջարդուփշուր էր անում, իսկ ինչ մնում էր, տրորում էր ոտքերով:+ Նա տարբերվում էր նախորդ գազաններից և տասը եղջյուր ուներ:  Մինչ ուշադիր նայում էի այդ եղջյուրներին, մեկ ուրիշ՝ փոքր եղջյուր+ հայտնվեց դրանց մեջտեղը, և նախորդ եղջյուրներից երեքը պոկվեցին դրա առաջ: Այս եղջյուրը մարդու աչքերի պես աչքեր ուներ, նաև պոռոտախոս* բերան:+  Հետո տեսա, որ գահեր դրվեցին, և Հինավուրցը+ նստեց իր գահին:+ Նրա հագուստը ձյան պես սպիտակ էր,+ իսկ գլխի մազերը մաքուր բրդի պես էին: Նրա գահը ասես բոցավառ կրակ լիներ, և գահի անիվները՝ բորբոքված կրակ:+ 10  Նրա գահից կրակե մի գետ էր բխում:+ Հազար հազարավորներ ծառայում էին նրան, և բյուր բյուրավորներ* կանգնած էին նրա առաջ:+ Դատարանը+ սկսեց դատավարությունը,* և գրքեր բացվեցին: 11  Ես շարունակեցի նայել, որովհետև լսում էի, թե ինչ մեծ-մեծ խոսքեր է ասում եղջյուրը:+ Եվ տեսա, որ գազանը սպանվեց, և նրա մարմինը գցվեց կրակն ու ոչնչացվեց: 12  Իսկ մյուս գազաններից+ իշխանությունը խլվեց, և նրանց կյանքը երկարացվեց մի ժամանակով ու ժամանակահատվածով: 13  Հետո գիշերվա տեսիլքներում տեսա, որ երկնքի ամպերով գալիս էր մարդու որդու նման մեկը:+ Նրան թույլ տրվեց մոտենալ Հինավուրցին,+ և նա մոտ բերվեց նրան: 14  Նրան տրվեց իշխանություն,+ պատիվ+ ու թագավորություն, որպեսզի տարբեր լեզուներով խոսող բոլոր ժողովուրդներն ու ազգերը ծառայեն նրան:+ Նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, որը վերջ չի ունենա, և նրա թագավորությունը չի կործանվի:+ 15  Իմ՝ Դանիելիս տեսած տեսիլքները վախեցրին ինձ, ու ներսս տակնուվրա եղավ:+ 16  Ես մոտեցա կանգնածներից մեկին ու հարցրի, թե ինչ նշանակություն ունի այս ամենը, և նա բացատրեց: 17  «Այդ չորս հսկա գազանները+ չորս թագավորներ են, որոնք երկրից են դուրս գալու:+ 18  Սակայն թագավորությունը Ամենաբարձրյալի սրբերը+ կստանան+ և դրան կտիրեն+ հավիտյան, այո՛, հավիտյանս հավիտենից»: 19  Հետո ես ցանկացա ավելին իմանալ չորրորդ գազանի մասին, որը տարբերվում էր մյուս բոլորից, խիստ ահազդու էր, երկաթե ատամներ ուներ, պղնձե ճանկեր, և որը ամեն ինչ խժռում ու ջարդուփշուր էր անում, իսկ ինչ մնում էր, տրորում էր ոտքերով:+ 20  Ցանկացա իմանալ նաև նրա գլխի տասը եղջյուրների+ և այն եղջյուրի մասին, որը դուրս եկավ, որի առաջ երեք եղջյուր ընկավ,+ և որն աչքեր ու պոռոտախոս բերան ուներ և մյուսներից ավելի մեծ էր երևում: 21  Այնուհետև տեսա, որ այդ եղջյուրը սրբերի դեմ պատերազմ սկսեց: Նա հաղթում էր նրանց,+ 22  մինչև որ եկավ Հինավուրցը,+ և հօգուտ Ամենաբարձրյալի սրբերի՝+ դատավճիռ կայացվեց, ու մինչև որ հասավ որոշված ժամանակը, որ սրբերը տիրեն թագավորությանը:+ 23  Ահա թե ինչ ասաց նա. «Չորրորդ գազանը չորրորդ թագավորությունն է, որը ի հայտ է գալու երկրի վրա, և որը տարբերվելու է մյուս բոլոր թագավորություններից: Այն խժռելու է ողջ երկիրը, կոխկրտելու է և ջարդուփշուր է անելու այն:+ 24  Իսկ տասը եղջյուրները տասը թագավորներ են, որոնք այդ թագավորությունից են ելնելու: Նրանցից հետո մեկ ուրիշն է հայտնվելու, որը տարբերվելու է այդ տասից և նվաստացնելու է երեք թագավորների:+ 25  Նա խոսելու է Բարձրյալի դեմ+ և շարունակ հալածելու է Ամենաբարձրյալի սրբերին: Նա մտադիր է լինելու փոխել ժամանակներն ու օրենքը, և սրբերը նրա ձեռքն են տրվելու մի ժամանակ, ժամանակներ ու կես ժամանակ:*+ 26  Բայց դատարանը կսկսի դատավարությունը, ու այդ թագավորին կզրկեն իշխանությունից, որպեսզի նա կործանվի և իսպառ ոչնչացվի:+ 27  Թագավորությունը, իշխանությունն ու ողջ երկնքի տակ եղող թագավորությունների փառքը տրվեցին Ամենաբարձրյալի սրբերից կազմված ժողովրդին:+ Նրանց թագավորությունը հավիտենական թագավորություն է,+ և բոլոր տերությունները կծառայեն ու կհնազանդվեն նրանց»: 28  Ահա սա էր իմ՝ Դանիելիս տեսածն ու լսածը: Մտքերս ինձ այն աստիճան տագնապեցրին, որ գունատվեցի: Սակայն այդ ամենը ես պահեցի սրտումս»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «պարծեցող»:
Կամ՝ «տասը հազար անգամ տասը հազար»:
Բռց.՝ «նստեց»:
Այսինքն՝ երեք ու կես ժամանակ: