ՎՐԱՍՏԱՆ
Մինչև հիմա որտե՞ղ էիք
Արթուր Գերեխելիա
-
ԾՆՎԵԼ Է 1956 թ.-ին
-
ՄԿՐՏՎԵԼ Է 1991 թ.-ին
-
ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Մկրտվելուց ընդամենը ութ ամիս հետո հեռացավ տնից և թողեց բարգավաճող բիզնեսը, որ ծառայի այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կար։
ՆՈՐ էի մկրտվել, երբ երեցները հարցրին ինձ, թե արդյոք ցանկանում եմ ընդլայնել ծառայությունս։ 1992 թ. մայիսի 4-ին ներկա եղա մի հատուկ հանդիպման, որը կազմակերպվել էր այն անհատների համար, ովքեր պատրաստ էին տեղափոխվելու այնպիսի տարածքներ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կար։ Հաջորդ օրը ես ու համագործակիցս տեղափոխվեցինք Բաթումի նավահանգիստ, որը գտնվում է Աջարիա երկրամասում։
Երբ Բաթումում առաջին անգամ սկսեցի քարոզել, շատ լարված էի։ Մտածում էի. «Ինչպե՞ս սկսեմ զրույցը»։ Ի՜նչ մեծ անակնկալ էր, երբ ինձ հանդիպած առաջին կինը բացականչեց. «Մինչև հիմա որտե՞ղ էիք»։ Նա այնքան էր ցանկանում շատ բան իմանալ Վկաների մասին, որ հենց հաջորդ օրը մեր օգնությամբ սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։
Բաթում գալուց առաջ մեզ տվեցին ճշմարտությամբ հետաքրքրվող անհատների հասցեների մի ցուցակ։ Քանի որ քաղաքին լավ ծանոթ չէինք, փողոցում անցորդներին էինք խնդրում, որ ուղղություն ցույց տան մեզ։ Շատերը չէին կարողանում
օգնել, քանի որ փողոցների մեծ մասը վերջերս վերանվանվել էր։ Բայց նրանք հետաքրքրություն էին ցույց տալիս մեր հայտնած լուրի հանդեպ։ Շատ չանցած՝ մենք սկսեցինք Աստվածաշունչ ուսումնասիրել 10–15 անհատներից բաղկացած խմբերի հետ։Մեր գալուց ընդամենը չորս ամիս անց ավելի քան 40 անհատներ արդեն կանոնավորաբար հաճախում էին ժողովի հանդիպումներին։ Մենք մտածում էինք. «Ո՞վ հոգ կտանի այս մարդկանց մասին»։ Ավելի ուշ վրացական բանակի և աբխազական անջատողականների միջև զինված ընդհարման պատճառով իմ նախկին ժողովի բոլոր անդամները տեղափոխվեցին Բաթում։ Ընդամենը մեկ օրում նոր ժողով կազմավորվեց, որտեղ ծառայում էին փորձառու երեցներ ու ռահվիրաներ։