Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Սուրաբայայի ժողովը, 1954թ.

ԻՆԴՈՆԵԶԻԱ

Գալիս են Գաղաադն ավարտած միսիոներներ

Գալիս են Գաղաադն ավարտած միսիոներներ

1951թ. հուլիսին Ջակարտայի փոքրիկ ժողովը հավաքվեց՝ դիմավորելու Պիտեր Վանդերհագենին։ Նա Գաղաադն ավարտած առաջին միսիոներին, որ եկավ Ինդոնեզիա։ Մինչև տարվա վերջ ուրիշ 13 միսիոներներ էլ եկան Ավստրալիայից, Գերմանիայից և Նիդերլանդներից։ Արդյունքում՝ Ինդոնեզիայի քարոզիչների թիվը գրեթե կրկնապատկվեց։

Հոլանդացի միսիոներ Ֆրեդրիկա Ռենսկերսը պատմում է. «Ես մտածում էի, որ տնից տուն կքարոզեմ՝ մարդկանց հետ հաղորդակցվելով ժեստերի միջոցով։ Բայց քանի որ շատերը խոսում էին հոլանդերեն, սկզբնական շրջանում մեծ մասամբ այդ լեզվով էի քարոզում»։ Իսկ Ռոնալդ Ջական, որը եկել էր Ավստրալիայից, ասում է. «Մեզանից ոմանք օգտագործում էին վկայության քարտ, որը պարունակում էր աստվածաշնչյան կարճ տեղեկություն ինդոնեզերենով։ Ամեն անգամ դուռը թակելուց առաջ արագ աչքի էի անցկացնում քարտի վրա գրվածը և փորձում էի բառերը անգիր ասել»։

Միսիոներներն իրենց եռանդուն ծառայությամբ լավ օրինակ էին թողնում մյուսների համար, և դրա շնորհիվ ընդամենը մեկ տարում քարոզիչների թիվը արագ աճեց՝ 34-ից հասնելով 91-ի։ 1951թ. սեպտեմբերի 1-ին Ջակարտայի կենտրոնական շրջանում՝ Անդրե Էլիասի տանը, Դիտարանի ընկերության մասնաճյուղ հիմնվեց։ Ռոնալդ Ջական նշանակվեց մասնաճյուղի ծառայող, այսինքն՝ վերակացու։

Բարի լուրը քարոզվում է այլ վայրերում

1951թ. նոյեմբերին Պիտեր Վանդերհագենը նշանակվեց ծառայելու Մանադոյում (Հյուսիսային Սուլավեսի), որտեղ Թիո Ռատուն և նրա կինը փոքր խումբ էին հիմնել։ Տեղացիների մեծ մասը քրիստոնեություն էր դավանում և խոր հարգանք ուներ Աստծու Խոսքի հանդեպ։ Շատերը Վկաներին ներս էին հրավիրում ու խնդրում, որ նրանք բացատրեն աստվածաշնչյան ուսմունքները։ Հաճախ Վկաները սկսում էին խոսել մոտ 10 հոգուց բաղկացած խմբի հետ։ Տասնհինգ րոպե անց մարդկանց թիվն ավելանում էր՝ հասնելով 50-ի։ Իսկ մեկ ժամ անց քննարկումն արդեն շարունակվում էր տան բակում, և ավելի քան 200 մարդ էր հավաքված լինում։

1952թ. սկզբներին Ալբերտ և Ջին Մելտբիները միսիոներական տուն հիմնեցին Արևելյան Ճավայի Սուրաբայա քաղաքում, որն իր մեծությամբ երկրորդն է Ինդոնեզիայում։ Այնտեղ նրանց միացան վեց միսիոներ քույրեր՝ Գերտրուդ Օտտը, Ֆրեդրիկա Ռենսկերսը, Սյուզի և Մերիան Սթուվեյները, Էվելին Փլատը և Միմի Հարփը։ Ֆրեդրիկա Ռենսկերսը պատմում է. «Տեղացիներից շատերը մուսուլմաններ էին, բայց մոլեռանդ չէին և բարյացակամորեն էին վերաբերվում մեզ։ Մարդիկ ծարավ էին ճշմարտության, ուստի հեշտ էր Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսել։ Երեք տարի անց Սուրաբայայի ժողովը արդեն 75 քարոզիչ ուներ»։

Միսիոներական տուն Ջակարտայում

Մոտավորապես այդ ժամանակահատվածում Ազիս անունով մի մուսուլման, որն ապրում էր Պադանգում (Արևմտյան Սումատրա), նամակ գրեց մասնաճյուղ՝ խնդրելով, որ իրեն հոգևոր օգնություն տրամադրեն։ Ազիսը 1930-ականներին ուսումնասիրել էր ավստրալացի ռահվիրաների հետ, բայց հետո՝ ճապոնական օկուպացիայի ընթացքում նրանց հետ կապը խզվել էր։ Հետագայում նրա ձեռքն էր ընկել Եհովայի վկաների կողմից հրատարակված մի գրքույկ։ Ազիսը գրում է. «Երբ գրքույկի վրա տեսա Ջակարտայի հասցեն, անչափ ուրախացա»։ Մասնաճյուղը անմիջապես Պադանգ ուղարկեց շրջանային վերակացու Ֆրանս վան Վլիտին։ Նա իմացավ, որ Ազիսը խոսել էր իր հարևան Նազար Ռիսի՝ պետական մի ծառայողի հետ, որը ծարավ էր ճշմարտության։ Այդ երկու տղամարդիկ՝ իրենց ընտանիքներով հանդերձ, ընդունեցին ճշմարտությունը։ Ազիսը հետագայում դարձավ երեց։ Իսկ Նազար Ռիսը դարձավ հատուկ ռահվիրա, և նրա երեխաներից շատերը այսօր նախանձախնդիր Վկաներ են։

Ֆրանս վան Վլիտը և նրա փոքր քույրը՝ Նելըl

Որոշ ժամանակ անց Ֆրանս վան Վլիտը այցելեց մի ոչ ակտիվ հոլանդացի եղբոր, որը Բալիկպապանում (Արևելյան Կալիմանտան) մասնակցում էր պատերազմի հետևանքով վնասված մի նավթազտման գործարանի վերանորոգման աշխատանքներին։ Ֆրանսը ծառայության մեջ համագործակցեց այդ եղբոր հետ և հորդորեց նրան, որ ուսումնասիրություն անցկացնի մի քանի հետաքրքրվող մարդկանց հետ։ Նախքան Նիդերլանդներ վերադառնալը այդ եղբայրը արդեն մի փոքր խումբ էր հիմնել Բալիկպապանում։

Ավելի ուշ նոր մկրտված մի քույր՝ Տիտի Կյուտինը, տեղափոխվեց Բանջարմասին (Հարավային Կալիմանտան)։ Տիտին քարոզեց դայակ ցեղի իր հարազատներին՝ օգնելով նրանցից շատերին իմանալու ճշմարտությունը։ Այդ անհատներից շատերը վերադարձան Կալիմանտանի խորքերում գտնվող իրենց գյուղերը և այնտեղ հիմնեցին խմբեր, որոնք հետագայում ամուր ժողովներ դարձան։

Տպագրվում է գրականություն ինդոնեզերենով

Երբ քարոզչական գործը մեծ թափ առավ, եղբայրները տեսան, որ ավելի շատ ինդոնեզերեն գրականություն է հարկավոր։ 1951թ.-ին ինդոնեզերեն թարգմանվեց «Թող Աստված ճշմարիտ լինի» գիրքը։ Բայց իշխանությունները վերափոխեցին ինդոնեզերենի ուղղագրական համակարգը, ուստի հարկ եղավ, որ մասնաճյուղը վերանայի այդ թարգմանությունը։ a Երբ գիրքը վերջապես լույս տեսավ, այն մեծ հետաքրքրություն առաջացրեց ինդոնեզացի ընթերցողների շրջանում։

1953թ.-ին մասնաճյուղը տպագրեց «Դիտարան» պարբերագրի 250 օրինակ ինդոնեզերենով։ Վերջին անգամ ինդոնեզերենով այդ պարբերագիրը լույս էր տեսել 12 տարի առաջ։ Միմիոգրաֆով տպագրված 12-էջանոց այդ պարբերագիրը սկզբնական շրջանում պարունակում էր միայն ուսումնասիրության հոդվածներ։ Երեք տարի անց պարբերագիրը դարձավ 16-էջանոց, և մի աշխարհիկ տպագրական ընկերություն ամեն ամիս այն թողարկում էր 10000 օրինակով։

Իսկ «Արթնացե՛ք»-ը ինդոնեզերենով ամեն ամիս սկսեց լույս ընծայվել 1957թ.-ից։ Դրա տպաքանակը արագորեն աճեց՝ հասնելով 10000 օրինակի։ Քանի որ ողջ երկրում տպագրական թղթի պակաս կար, եղբայրները պետք է դիմեին պետական մարմիններին թղթի ձեռքբերման գրավոր թույլտվություն ստանալու համար։ Պետական պաշտոնյան, որը զբաղվում էր եղբայրների դիմումի հարցերով, ասաց նրանց. «Իմ կարծիքով՝ «Մենարա Պենգավալը» (Դիտարանը) Ինդոնեզիայում թողարկվող լավագույն պարբերագրերից է, և ես շատ ուրախ եմ, որ կարող եմ օգնել ձեզ թղթի ձեռքբերման թույլատրագիր ստանալ ձեր նոր ամսագրի տպագրության համար»։

a 1945թ.-ից հետո ինդոնեզերենի ուղղագրական համակարգը երկու անգամ մեծ փոփոխությունների է ենթարկվել, որոնց նպատակը հիմնականում նախկինում ընդունված հոլանդերեն ուղղագրության տարրերը լեզվից հանելն էր։