ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Իրավաբանական հաշվետվություն
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ գործում է այլընտրանքային քաղաքացիական ծառայություն. հարգվում է քրիստոնեական չեզոքությունը
2013 թ.-ին Հայաստանի կառավարությունը ընդունեց այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին օրենք, որը հնարավորություն է տալիս Հայաստանում ապրող Եհովայի վկաներին, ովքեր խղճի հիմնավորմամբ հրաժարվում են զինծառայությունից, ազատազրկման դատապարտվելու փոխարեն կատարել այլընտրանքային ծառայություն։ 2014 թ. հունվարին մասնաճյուղը տեղեկացրեց, որ 71 եղբայրներ սկսել են կատարել այլընտրանքային ծառայություն՝ համաձայն նոր օրենքի։ Որոշ եղբայրներ, օրինակ, նշանակվեցին տարբեր բժշկական հիմնարկներում խոհանոցի բանվորի կամ սանիտարի աշխատանքի։ Ծառայությունը վերահսկող մարմինները դրական են արտահայտվել մեր եղբայրների աշխատանքային էթիկայի և գործի հանդեպ դրսևորած վերաբերմունքի մասին, թեև հաճախ նրանց դժվար գործեր են հանձնարարվել։ Եղբայրները ուրախ են, որ իրենց հնարավորություն է տրվել կատարելու քաղաքացիական ծառայություն, ինչի շնորհիվ նրանք կարողանում են նաև մաքուր պահել իրենց խիղճը։ a Եղբայրներից մեկը այսպես արտահայտվեց. «Մենք շնորհակալ ենք Եհովային, որ կարող ենք այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կատարել ու պահպանել մեր չեզոքությունը, և միևնույն ժամանակ ազատորեն երկրպագել իրեն»։
ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ կաթոլիկ եկեղեցուց բացի մյուս կրոններին էլ ամուսնություններ գրանցելու իրավունք տվեց
1954-ին Դոմինիկյան Հանրապետությունը դաշնագիր էր ստորագրել Վատիկանի հետ, որով կաթոլիկ եկեղեցուն տրվում էր ամուսնություններ գրանցելու եզակի իրավունք։ Եթե զույգը չէր ցանկանում եկեղեցում պսակվել, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատակիցն էր օրինականացնում նրանց ամուսնությունը։ Սակայն 2010-ին կառավարությունը ընդունեց նոր սահմանադրություն, որով հնարավորություն տրվեց այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին ստանալ լիցենզիա և գրանցել ամուսնություններ։ Կառավարությունն այդ նպատակով դասընթացներ կազմակերպեց։ Դոմինիկյան Հանրապետության մասնաճյուղը ընտրեց 30 երեցների, որ մասնակցեն այդ դասընթացներին։ Լիցենզիա ստանալու համար դիմողների թիվն անցում էր 2000-ը, սակայն այդ իրավունքը տրվեց միայն 32 հոգու, որից 30-ը մեր եղբայրներն էին։ Նրանք արդեն կարող են գրանցել Վկա զույգերի ամուսնությունը։
ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ վճռական են քարոզելու անվախորեն
2014/.թ. հունվարի 27-ին Կարնատակայում Մարդու իրավունքների պետական հանձնաժողովը սահմանեց, որ Հին Հուբլի քաղաքի ոստիկանության տեսուչը ոտնահարել է եղբայր Սունդիպ Մունիսուամի իրավունքները, քանի որ 2011 թ. հունիսի 28-ին չի պաշտպանել նրան իր վրա հարձակված ամբոխից։ Հանձնաժողովը ոտնահարված իրավունքների համար պատասխանատու ճանաչեց ոստիկանության տեսուչին և ոչ միայն պարտավորեցրեց Կարնատակայի
իշխանություններին պատժիչ միջոցներ ձեռնարկել ոստիկանության տեսուչի նկատմամբ, այլև հանձնարարեց 20 000 ռուփի (326 ԱՄՆ դոլար) վճարել եղբայր Մունիսուամին որպես հատուցում, որ վճարվելու էր տեսուչի աշխատավարձից։Եղբայր Մունիսուամին ասաց, որ իրենք ընտանիքով երախտապարտ են Եհովային այդ արտասովոր որոշման համար և վճռել են անվախորեն շարունակել քարոզել բարի լուրը։ Այդ որոշումը ամրացրել է եղբայրների հավատն ու վստահությունը, որ Եհովան կարող է պաշտպանել իր ժողովրդին։ Այն նաև լուրջ ազդակ է իշխանությունների համար, որ պաշտպանեն Կարնատակայում Եհովայի վկաների իրավունքները։ Եղբայր Մունիսուամիի և մեկ այլ եղբոր դեմ հարուցված քրեական գործը, որը վերաբերում է նույն միջադեպին, դեռևս քննվում է դատարանների կողմից։
ՂՐՂԸԶՍՏԱՆԻ Գերագույն դատարանի Սահմանադրական պալատը պաշտպանում է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը
2013 թ. նոյեմբերի 19-ը նշանակալից էր համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների համար։ Գերագույն դատարանի Սահմանադրական պալատը 11 Եհովայի վկաների գործով որոշում կայացրեց ու սահմանեց, որ այլընտրանքային ծառայության մասին Ղրղըզստանի օրենքը հակասահմանադրական է։ Այդ օրենքով պահանջվում էր, որ այլընտրանքային ծառայությունը կատարողները գումար վճարեն պետությանը, որը կծառայի ռազմական նպատակներին։ Օրենքը համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներից պահանջում էր նաև այլընտրանքային ծառայությունն ավարտելուց հետո հաշվառվել զինված ուժերի պահեստազորում։ Սահմանադրական պալատը սահմանեց, որ երբ նման հանգամանքներում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին պարտադրում են կատարել այլընտրանքային ծառայություն, խախտվում է կրոնի ազատության իրավունքը։ Այդ իսկ պատճառով 2014 թ. սկզբներին Ղրղըզստանի Գերագույն դատարանը կիրառեց Սահմանադրական պալատի որոշումը և արդարացրեց 14 Եհովայի վկաներին, ովքեր դատապարտվել էին նախկին օրենքով։ Նրանց օգտին կայացրած այս որոշումները վերջ դրեցին համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների կրոնի ազատության իրավունքը հարգելու համար մղված 7-ամյա պայքարին։ Այս խաղաղասեր երիտասարդների վճռականության շնորհիվ փառաբանվեց Եհովայի անունը, և ճանաչվեց երկրպագելու ազատության մեր իրավունքը Ղրղըզստանի Հանրապետությունում։
ՆԻԳԵՐԻԱ։ «Եհովան վարձատրեց ինձ»
Նիգերիայի Աբիա նահանգում Եհովայի վկաներին հաճախ սպառնում կամ վտարում են համայնքից, քանի որ վերջիններս հրաժարվում են անդամակցել տարիքային խմբավորումներին, b որոնց գործունեությունը հաճախ ներառում է բռնություն և ոգեհարցական ծեսեր։ 2005 թ. նոյեմբերին՝ վաղ առավոտյան, Ասագա Օհաֆիա գյուղի տարիքային խմբավորման անդամները ներխուժեցին եղբայր Էմմանուել Օգուոյի տուն, հափշտակեցին նրա ունեցվածքը՝ որպես անդամավճարի բռնագանձում։ Եղբոր ու նրա կնոջ ողջ ունեցվածքից մնաց ընդամենը նրանց հագի շորերը։ 2006-ին համայնքը գյուղից վտարեց եղբայր Օգուոյին։ Մոտակա գյուղում ապրող եղբայրներից մեկը ապաստան տվեց և հոգ տարավ նրանց մասին։ Թեև հաջորդ տարի եղբայրը վերադարձավ իր տուն, սակայն նրան շարունակում էին ստիպել, որ միանա տարիքային խմբավորմանը, և մերժում էին ունեցվածքը վերադարձնելու նրա խնդրանքները։
Ի վերջո 2014 թ. ապրիլի 15-ին Աբիա նահանգի բարձրագույն ատյանը որոշում կայացրեց հօգուտ եղբայր Օգուոյի՝ պաշտպանելով որևէ խմբավորման անդամակցելու և կրոնի ազատության իրավունքները։ Եղբայր Օգուոյի հափշտակված ունեցվածքը վերադարձվեց իրեն։ Այժմ համայնքի խիստ բացասական վերաբերմունքը Վկաների հանդեպ փոքր-ինչ մեղմվել է, և Ասագա Օհաֆիայում եղբայրները ազատորեն քարոզում են համայնքի բնակիչներին։
Դատարանի կողմից որոշումը հրապարակելուց հետո եղբայր Օգուոն ասաց. «Ես ցնծում էի ուրախությունից։ Անչափ երջանիկ էի։ Զգում էի, որ Եհովան հաղթանակ տարավ։ Հրեշտակները ինձ հետ էին։ Եհովան վարձատրեց ինձ»։
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ որոշում կայացրեց հօգուտ jw.org կայքի
Ռուսաստանում մեր եղբայրները բախվում են բազմաթիվ իրավաբանական խնդիրների, որոնք իրականում նպաստում են բարի լուրի տարածմանը (Փիլիպ. 1։12)։ Թեև որոշ պաշտոնյաներ և կրոնական առաջնորդներ խիստ հակառակվում են մեր երկրպագությանը, Ռուսաստանի եղբայրները պահում են իրենց անարատությունը, ու Եհովան օրհնում է նրանց ջանքերը։
Այս ամենի ապացույցն է իրավական մի հաղթանակ Տվեր քաղաքում։ 2013-ին Տվերի դատախազությունը բողոք էր ներկայացրել տեղի դատարան՝ պահանջելով Ռուսաստանում արգելքի տակ դնել jw.org կայքը։ Առանց Եհովայի վկաների ներկայացուցիչներին դատաքննության մասին տեղեկացնելու՝ դատարանը վճիռ էր կայացրել հօգուտ դատախազության։ Մեր եղբայրները իմացել էին դատարանի վճռի մասին և բողոքարկել էին այն։ 2014թ. հունվարի 22-ին Տվերի շրջանային դատարանը բեկանեց ստորին ատյանի վճիռը և որոշում կայացրեց հօգուտ մեզ։ Մեր միջազգային եղբայրության աղոթքների շնորհիվ և Եհովայի օգնությամբ Ռուսաստանի եղբայրության մեծ մասը այժմ կարող է օգտվել jw.org կայքի հոգևոր գանձերից։
ԹՈՒՐՔԻԱՆ շարունակում է ոտնահարել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը
Բարիշ Գյորմեզը Եհովայի վկա է, ով զինծառայությունից հրաժարվելու համար ավելի քան 4 տարի անցկացրել է բանտում։ Կալանավայրում նա զինվորական ոստիկանության կողմից ենթարկվել է դաժան վերաբերմունքի. նրան ծեծել են ոտքերով ու մահակներով։ Նա բանտախցում էլ հանգիստ չի ունեցել։ Քանի որ նրա հասակը 2,1 մետրից ավելի է, չէր կարողանում քնել բանտի տրամադրած անկողնու վրա։ Նա ստիպված պառկում էր երկու իրար կպած անկողինների վրա՝ անկյունագծով ծռված դիրքով։ Ի վերջո, կալանավայրի տնօրինությունը թույլատրեց նրան ունենալ ավելի մեծ ներքնակ, որը ուղարկեցին տեղի ժողովի անդամները։
2008 թ.-ին եղբայր Գյորմեզը և 3 այլ Վկաներ բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որում նշել են, որ Թուրքիան, չճանաչելով համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը, ոտնահարել է կրոնի ազատությունը։ 2014 թ. հունիսի 3-ին Դատարանը վճիռ կայացրեց հօգուտ 4 Վկաների c և պարտավորեցրեց Թուրքիայի կառավարությանը եղբայրներին հատուցել պատճառված վնասը և իրավաբանական ծախսերը։ Արդեն երրորդ անգամ է, որ Եվրոպական դատարանը այս հարցի վերաբերյալ վճիռ է կայացնում հօգուտ Եհովայի վկաների և ընդդեմ Թուրքիայի։ Չնայած ներկայումս Թուրքիայում ոչ մի Եհովայի վկա ազատազրկված չէ, սակայն հարցն ամբողջությամբ չի լուծվի, քանի դեռ Թուրքիան չի ճանաչում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը։
Ինչպես են զարգացել դեպքերը
Ադրբեջան։ Շարունակվում են ոստիկանության ներխուժումները մեր հանդիպման վայրեր, մեր գրականությունը ենթարկվում է գրաքննության, քարոզիչները ձերբակալվում են ծառայության ժամանակ, և գրանցվում են մարդու իրավունքների այլ խախտումներ։ Բացի այդ, կառավարությունը շարունակ մերժում է պետականորեն գրանցել Եհովայի վկաների կրոնական համայնքը։ Այս հարցի վերաբերյալ 19 Եհովայի վկաներ դիմում են ներկայացրել ՄԻԵԴ ընդդեմ Ադրբեջանի։ Չնայած այս դժվարություններին՝ Եհովայի օրհնությունը ակնհայտ է, քանի որ քարոզիչների թիվը շարունակում է աճել, ինչպես նաև ադրբեջաներենով լույս է տեսել Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունն ամբողջությամբ։
Էրիթրեա։ Եղբայրները շարունակում են հավատարմորեն ծառայել Եհովային՝ չնայած դաժան հալածանքին։ 1994 թ. սեպտեմբերի 24-ից առայսօր Պաուլոս Իյասուն, Իսակ Մոգոսը և Նեգեդե Տեկլեմարիամը գտնվում են ազատազրկման մեջ։ 2014 թ. ապրիլի 14-ին՝ Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյի ժամանակ, Էրիթրեայի իշխանությունները ձերբակալեցին մոտ 150 Վկաների և հետաքրքրվող անձանց՝ կանանց ու տղամարդկանց։ Ձերբակալվածների նվազագույն տարիքը 1 տարեկան 4 ամսական էր, իսկ առավելագույնը՝ 85 տարեկան։ 2014 թ. ապրիլի 27-ին՝ հատուկ հանրային ելույթի ժամանակ, իշխանությունները կալանավորեցին 30-ից ավել Վկաների և հետաքրքրվող անձանց։ Ձերբակալվածների մեծ մասը ազատ է արձակվել։
Ղազախստան։ Կրոնի հարցերով վարչությունը արգելել է 14 հրատարակությունների ներմուծումը Ղազախստանի Հանրապետության տարածք ու դրանց տարածումը։ Բացի այդ, մեր եղբայրները իրավունք չունեն իրենց հավատալիքների մասին խոսել այն տարածքից դուրս, որտեղ գրանցված է իրենց ժողովը։ Այդ իսկ պատճառով մոտ 50 եղբայրներ դատապարտվել են ապօրինի միսիոներական գործունեություն կատարելու հիմքով։ Արտահայտվելու ազատության իրավունքը պաշտպանելու նպատակով 26 գանգատ է ներկայացվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողով։