Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 53

Թագավոր, որը իշխանություն ունի բնության ուժերի վրա

Թագավոր, որը իշխանություն ունի բնության ուժերի վրա

ՄԱՏԹԵՈՍ 14։22–36 ՄԱՐԿՈՍ 6։45–56 ՀՈՎՀԱՆՆԵՍ 6։14–25

  • ՄԱՐԴԻԿ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՀԻՍՈՒՍԻՆ ԹԱԳԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼ

  • ՀԻՍՈՒՍԸ ՔԱՅԼՈՒՄ Է ՋՐԻ ՎՐԱՅՈՎ ԵՎ ՀԱՆԴԱՐՏԵՑՆՈՒՄ Է ՔԱՄԻՆ

Մարդիկ շատ են զարմանում՝ տեսնելով, որ Հիսուսը հրաշքով կերակրում է հազարավոր մարդկանց։ Նրանք մտածում են, որ «սա այն մարգարեն է [Մեսիան], որ պետք է գար աշխարհ», և կարծում են, որ նա կարող է հրաշալի կառավարիչ լինել իրենց համար (Հովհաննես 6։14; 2 Օրենք 18։18)։ Ուստի որոշում են Հիսուսին թագավոր դարձնել։

Հիսուսը, սակայն, հասկանում է, թե ինչ են ցանկանում անել մարդիկ։ Ուստի նա արձակում է նրանց, իսկ իր աշակերտներին պատվիրում է նավ նստել ու գնալ Բեթսայիդա, հետո Կափառնայում։ Իսկ ինքը բարձրանում է սարը, որ գիշերը մենակ լինի ու աղոթի։

Լուսաբացին մոտ Հիսուսը լուսնի լույսի ներքո հեռվից նկատում է աշակերտների նավակը։ Ուժգին քամուց ծովը սաստիկ ալեկոծվում է, և առաքյալները «դժվարությամբ են թիավարում, քանի որ քամին հակառակ կողմից է փչում» (Մարկոս 6։48)։ Հիսուսը իջնում է սարից և սկսում է ալիքների վրայով քայլել դեպի իր աշակերտները։ Մինչ այդ նրանք «արդեն մոտ հինգ կամ վեց կիլոմետր թիավարել են» (Հովհաննես 6։19)։ Աշակերտները, տեսնելով Հիսուսին ծովի վրայով քայլելիս, մտածում են, թե նա ուրվական է, որը ինչպես իրենց է թվում, ուզում է անցնել նավի կողքով, և վախեցած բղավում են. «Սա ուրվական է» (Մարկոս 6։49

Հիսուսը հանգստացնում է նրանց՝ ասելով. «Քաջացե՛ք։ Այդ ե՛ս եմ։ Մի՛ վախեցեք»։ Սակայն Պետրոսն ասում է. «Տե՛ր, եթե դու ես, հրամայիր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։ Հիսուսը պատասխանում է. «Ե՛կ»։ Պետրոսը նավից իջնում է և ջրի վրայով քայլելով՝ գնում դեպի Հիսուսը։ Բայց փոթորկին նայելով՝ վախենում է ու սկսում է սուզվել։ Նա բղավում է. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։ Հիսուսն իսկույն մեկնում է իր ձեռքը, բռնում նրան ու ասում. «Ո՛վ թերահավատ, ինչո՞ւ կասկածեցիր» (Մատթեոս 14։27–31

Հենց որ Պետրոսն ու Հիսուսը նավ են մտնում, քամին հանդարտվում է։ Այս ամենը տեսնելով՝ աշակերտները ապշում են։ Բայց մի՞թե դա նրանց պետք է զարմացնի։ Եթե նրանք հասկանային «թե ինչ կատարվեց հացերի հետ», այսինքն՝ թե ինչպես մի քանի ժամ առաջ Հիսուսը կերակրեց հազարավոր մարդկանց, ապա չէին զարմանա, որ նա կարողանում է նաև քայլել ջրի վրայով և հանդարտեցնել քամին։ Այժմ աշակերտները խոնարհվում են նրա առաջ և ասում. «Դու իրոք Աստծու Որդին ես» (Մարկոս 6։52; Մատթեոս 14։33

Շուտով նրանք հասնում են Գեննեսարեթի գեղեցիկ ու բերրի հարթավայրը, որը ընկած է Կափառնայումից հարավ։ Նրանք այստեղ խարիսխ են գցում և ափ են դուրս գալիս։ Մարդիկ ճանաչում են Հիսուսին և շրջակա բոլոր վայրերից նրա մոտ են բերում հիվանդների։ Եվ երբ հիվանդները դիպչում են Հիսուսի վերնահագուստի ծոպերին, լիովին առողջանում են։

Այդ ընթացքում նրանք, ովքեր ներկա են եղել, երբ Հիսուսը հրաշքով կերակրել է հազարավոր մարդկանց, նկատում են, որ նա հեռացել է այդ տարածքից։ Եվ երբ Տիբերիայից նավակներ են մոտենում ափին, մարդիկ նստում են այդ նավակները և ուղևորվում դեպի Կափառնայում՝ Հիսուսին փնտրելու։ Նրան գտնելով՝ հարցնում են. «Ռաբբի՛, ե՞րբ եկար այստեղ» (Հովհաննես 6։25)։ Սակայն ինչպես հետո կտեսնենք, Հիսուսը հանդիմանում է նրանց։