ԳԼՈՒԽ 30
Հիսուսը Աստծու Որդին է
-
ԱՍՏՎԱԾ ՀԻՍՈՒՍԻ ՀԱՅՐՆ Է
-
ՀԻՍՈՒՍԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԼԻՆԵԼՈՒ
Երբ որոշ հրեաներ մեղադրում են Հիսուսին, որ նա, շաբաթ օրը մարդ բուժելով, խախտել է Օրենքը, նա պատասխանում է. «Իմ Հայրը մինչև հիմա գործում է, և ես նույնպես գործում եմ» (Հովհաննես 5։17)։
Այո՛, այն, ինչ Հիսուսն անում է, արգելված չէ Շաբաթին վերաբերող օրենքով։ Ինչպես որ Աստված է բարի գործեր անում, այնպես էլ Հիսուսն է քարոզում և բուժում մարդկանց։ Հիսուսը ամեն օր է բարի գործեր անում։ Սակայն Հիսուսի տված պատասխանը ավելի է զայրացնում նրա հակառակորդներին, և նրանք առիթ են փնտրում, որ սպանեն նրան։
Հրեաներին վրդովվեցնում է ոչ միայն այն, որ Հիսուսը, իրենց կարծիքով, խախտել է Օրենքը, այլև այն, որ նա ասում է, թե Աստծու Որդին է։ Հրեաները այդ խոսքերը Աստծու դեմ հայհոյանք են համարում, քանի որ մտածում են, թե Հիսուսը այդպես իրեն հավասարեցնում է Աստծուն։ Սակայն Հիսուսը չի վախենում նրանցից և շարունակում է խոսել Հոր հետ ունեցած իր հատուկ փոխհարաբերությունների մասին. «Հայրը սիրում է Որդուն և նրան ցույց է տալիս այն ամենը, ինչ ինքն է անում» (Հովհաննես 5։20)։
Հայրը կյանքի Աղբյուրն է, և անցյալում նա բազմիցս փաստել է դա՝ զորություն տալով իր հավատարիմ ծառաներին, որ նրանք հարություն տան մարդկանց։ Հիսուսը ասում է. «Ինչպես որ Հայրն է հարություն տալիս մահացածներին և կենդանացնում նրանց, այնպես էլ Որդին է կենդանացնում նրանց, ում ցանկանում է» (Հովհաննես 5։21)։ Ինչպիսի՜ հուսադրող խոսքեր։ Հիսուսը մեր օրերում նույնպես հարություն է տալիս մարդկանց, բայց հոգևոր առումով։ Նա ասում է. «Ով լսում է իմ խոսքը և հավատում է ինձ ուղարկողին, հավիտենական կյանք ունի, և նա դատաստանի տակ չի մտնում, այլ մահից անցել է դեպի կյանք» (Հովհաննես 5։24)։
Աստվածաշնչում չկա հիշատակում այն մասին, որ Հիսուսը մինչ այդ բառացի հարություն է տվել որևէ մահացածի, այնուամենայնիվ, նա իրեն մեղադրողներին ասում է, որ այդպիսի հարություն լինելու է։ Հիսուսն ասում է. «Գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են, նրա ձայնը կլսեն և դուրս կգան» (Հովհաննես 5։28, 29)։
Թեև Հիսուսը առանձնահատուկ դեր ունի, սակայն նա հստակ ասում է, որ ինքը ենթարկվում է Աստծու գլխավորությանը. «Ես ինքս ինձանից ոչինչ չեմ կարող անել.... ես ոչ թե իմ կամքն եմ փնտրում, այլ ինձ ուղարկողի կամքը» (Հովհաննես 5։30)։ Հիսուսն առաջին անգամ հրապարակորեն հայտնում է, որ ինքը կարևոր դեր ունի Աստծու նպատակների մեջ։ Սակայն Հիսուսին մեղադրողները այդ մասին վկայություն են ստացել ոչ միայն նրանից։ Հիսուսն ասում է. «Դուք մարդիկ ուղարկեցիք Հովհաննեսի [Հովհաննես Մկրտչի] մոտ, և նա ճշմարտության մասին վկայեց» (Հովհաննես 5։33)։
Հիսուսին մեղադրողները թերևս հիշում են, որ մոտ երկու տարի առաջ Հովհաննեսը հրեա կրոնական առաջնորդներին ասել էր այն Մեկի մասին, որը գալու էր իրենից հետո, և որի մասին նրանք խոսում էին որպես «Մարգարեի» և «Քրիստոսի» (Հովհաննես 1։20–25)։ Հիշեցնելով, թե մի ժամանակ ինչ մեծ հարգանք էին նրանք տածում Հովհաննեսի հանդեպ, որն այժմ բանտարկության մեջ է՝ Հիսուսն ասում է. «Դուք մի փոքր ժամանակ ուզեցիք ցնծալ նրա լույսով» (Հովհաննես 5։35)։ Սակայն Հիսուսը իր կատարած գործերով ավելի մեծ վկայություն է տալիս, քան Հովհաննես Մկրտիչը։
Հիսուսն ասում է. «Այն գործերը, որոնք ես անում եմ [այդ թվում հիվանդներին բուժելը], հենց դրանք են վկայում, որ Հայրն է ուղարկել ինձ»։ Ապա շարունակում է. «Հայրը, որ ուղարկեց ինձ, ինքը վկայեց իմ մասին» (Հովհաննես 5։36, 37)։ Օրինակ՝ Աստված վկայեց Հիսուսի մասին վերջինիս մկրտության ժամանակ (Մատթեոս 3։17)։
Այդպիսով՝ Հիսուսին մեղադրողները նրան չընդունելու համար ոչ մի արդարացում չունեն։ Հիսուսի մասին են վկայում Գրությունները, որոնք կրոնական առաջնորդները, ինչպես իրենք են պնդում, մանրամասնորեն ուսումնասիրում են։ Հիսուսն ասում է. «Իրականում եթե դուք Մովսեսին հավատայիք, ինձ էլ կհավատայիք, քանի որ նա գրեց իմ մասին։ Բայց եթե նրա գրածներին չեք հավատում, էլ ինչպե՞ս կհավատաք իմ ասածներին» (Հովհաննես 5։46, 47)։