ԳԼՈՒԽ 103
Կրկին մաքրում է տաճարը
ՄԱՏԹԵՈՍ 21։12, 13, 18, 19 ՄԱՐԿՈՍ 11։12–18 ՂՈՒԿԱՍ 19։45–48 ՀՈՎՀԱՆՆԵՍ 12։20–27
-
ՀԻՍՈՒՍԸ ԱՆԻԾՈՒՄ Է ԹԶԵՆՈՒՆ ԵՎ ՄԱՔՐՈՒՄ Է ՏԱՃԱՐԸ
-
ՀԻՍՈՒՍԸ ՊԵՏՔ Է ՄԱՀԱՆԱ, ՈՐ ՇԱՏԵՐԸ ԿՅԱՆՔ ՈՒՆԵՆԱՆ
Երիքովից հեռանալուց հետո Հիսուսն ու իր աշակերտները երեք գիշեր անցկացրել են Բեթանիայում։ Նիսանի 10-ին՝ երկուշաբթի վաղ առավոտյան, նրանք ճանապարհ են ընկնում դեպի Երուսաղեմ։ Հիսուսը քաղցած է ու երբ մի թզենի է տեսնում, մոտենում է, որ թուզ քաղի։
Այժմ մարտի վերջերն է, իսկ թուզը հունիսից շուտ չի հասունանում։ Սակայն թզենու տերևները ժամանակից շուտ են դուրս եկել։ Այդ պատճառով Հիսուսը մտածում է, որ գուցե ծառի վրա վաղ հասած թուզ լինի։ Բայց թզենու վրա պտուղ չկա։ Տերևները ծառին խաբուսիկ տեսք են տվել։ Ուստի Հիսուսն ասում է. «Թող այսուհետև քեզանից ոչ ոք պտուղ չուտի հավիտյան» (Մարկոս 11։14)։ Ծառը սկսում է չորանալ։ Այս ամենի նշանակությունը պարզ կդառնա հաջորդ առավոտ։
Շուտով Հիսուսն ու իր աշակերտները հասնում են Երուսաղեմ։ Հիսուսը գնում է տաճար, որտեղ նախորդ օրը՝ կեսօրին, նա ամեն ինչ ուշադրությամբ աչքի էր անցկացրել։ Այժմ նա անում է մի բան, ինչը որ արել էր երեք տարի առաջ՝ մ.թ. 30-ի Պասեքին (Հովհաննես 2։14–16)։ Հիսուսը վռնդում է «բոլոր նրանց, ովքեր առուծախ են անում տաճարում», և շուռ է տալիս «դրամափոխների սեղաններն ու աղավնի վաճառողների նստարանները» (Մարկոս 11։15)։ Նա նույնիսկ թույլ չի տալիս, որ մարդիկ քաղաքի մի մասից մյուսը իրեր տեղափոխելիս իրենց ճանապարհը կարճացնելու նպատակով անցնեն տաճարի գավիթով։
Ինչո՞ւ է Հիսուսը այսպիսի վճռական քայլեր ձեռնարկում տաճարում առուծախ անողների և դրամափոխների դեմ։ Նա ասում է. «Գրված չէ՞ արդյոք՝ «իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի բոլոր ազգերի համար»։ Բայց դուք այն ավազակների որջ եք դարձրել» (Մարկոս 11։17)։ Այդ մարդիկ չափազանց բարձր գին են պահանջում նրանցից, ովքեր ստիպված են կենդանիներ գնել զոհաբերության համար։ Այդ պատճառով Հիսուսը նրանց արածը համարում է կողոպուտ և ավազակություն։
Անկասկած, ավագ քահանաները, դպիրները և ժողովրդի գլխավորները լսում են, թե ինչ է արել Հիսուսը, և կրկին քայլեր են ձեռնարկում նրան սպանելու համար։ Սակայն նրանց դա չի հաջողվում, քանի որ Հիսուսի շուրջը միշտ շատ մարդիկ են հավաքվում։
Պասեքը նշելու համար եկել են ոչ միայն հրեաներ, այլև պրոզելիտներ՝ հրեաների կրոնն ընդունած մարդիկ։ Նրանց մեջ են նաև հույներ, որոնք եկել են մասնակցելու տոնին և երկրպագելու Աստծուն։ Հույները մոտենում են Փիլիպոսին (գուցե այն պատճառով, որ նա հունական անուն ունի) և ասում են, որ ուզում են տեսնել Հիսուսին։ Փիլիպոսը թերևս վստահ չէ, որ նման հանդիպումը տեղին է, ուստի որոշում է խորհրդակցել Անդրեասի հետ։ Նրանք երկուսով գնում են, որ հույների խնդրանքի մասին հայտնեն Հիսուսին, որն ակներևաբար դեռ տաճարում է։
Հիսուսը գիտի, որ մի քանի օրից մահանալու է։ Ուստի նա չի պատրաստվում մարդկանց հետաքրքրասիրությունը բավարարել կամ ճանաչում փնտրել։ Նա պատասխանում է իր երկու առաքյալներին՝ բերելով մի օրինակ. «Եկել է ժամը, որ մարդու Որդին փառավորվի։ Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ չի ընկնում ու չի մեռնում, միայն այդ մեկ հատիկն է մնում, բայց եթե մեռնում է, շատ պտուղ է տալիս» (Հովհաննես 12։23, 24)։
Գուցե թվա, թե ցորենի մեկ հատիկը քիչ արժեք ունի։ Սակայն երբ այդ սերմնահատիկը դնում են հողի մեջ, և այն «մեռնում» է, այդ ժամանակ ծլարձակում է և աստիճանաբար մեծանալով՝ դառնում է պտղաբեր հասկ՝ ցորենի բազմաթիվ հատիկներով։ Նմանապես, Հիսուսը՝ որպես կատարյալ մարդ, մեկն է։ Սակայն երբ Հիսուսը մահանա՝ մինչև վերջ հավատարիմ մնալով Աստծուն, նրա շնորհիվ հավիտենական կյանք կստանան շատերը՝ նրանք, ովքեր, Հիսուսի պես, անձնազոհ ոգի կդրսևորեն։ Հիսուսն ասում է. «Ով սիրում է իր հոգին, կործանում է այն, բայց նա, ով այս աշխարհում ատում է իր հոգին, կպահպանի այն հավիտենական կյանքի համար» (Հովհաննես 12։25)։
Հիսուսը շարունակում է. «Եթե մեկը ուզում է ծառայել ինձ, թող իմ հետևից գա, և որտեղ ես եմ, Հովհաննես 12։26)։ Սա իսկապես մեծ վարձատրություն է։ Նրանք, ովքեր պատվի կարժանացվեն Հոր կողմից, Աստծու Թագավորության մեջ կդառնան Քրիստոսի ընկերակիցները։
այնտեղ էլ իմ ծառան կլինի։ Եթե մեկը ծառայի ինձ, Հայրը կպատվի նրան» (Մտածելով այն ծանր տառապանքի և տանջալի մահվան մասին, որ սպասում են իրեն՝ Հիսուսն ասում է. «Հիմա հոգիս խռովված է, և ի՞նչ ասեմ. Հա՛յր, ազատի՛ր ինձ այս ժամից»։ Այնուամենայնիվ, Հիսուսը չի խուսափում Աստծու կամքը կատարելուց, այլ ասում է. «Բայց ես հենց այս ժամի համար եմ եկել» (Հովհաննես 12։27)։ Այո՛, Հիսուսը ամեն ինչում համամիտ է իր Հոր հետ և պատրաստ է անել այն, ինչ նպատակադրել է Աստված, անգամ զոհաբերել իր կյանքը։