Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Չի՛ կարող պատահել»

«Չի՛ կարող պատահել»

«ՈՐԴԻՍ՝ Ջոնաթանը, իր ընկերների մոտ էր,— պատմում է Նյու Յորքում բնակվող մի մարդ։— Նրանք ապրում էին մեզանից մի քանի մղոն հեռավորության վրա։ Կնոջս այնքան էլ դուր չէր գալիս, որ նա գնում էր այնտեղ։ Վալենտինան միշտ վախենում էր, որ մեր որդին պետք է փողոց անցներ։ Բայց որդուս շատ էին հետաքրքրում էլեկտրոնային սարքավորումները, իսկ իր ընկերները արհեստանոց ունեին, որտեղ նա կարող էր նման սարքերի հետ աշխատելու փորձ ձեռք բերել։ Ես մեր տանն էի՝ Մանհեթնի արևմտյան մասում։ Կինս գնացել էր Պուերտո Ռիկո՝ բարեկամներին այցելելու։ «Շուտով Ջոնաթանը կվերադառնա»,— մտածում էի ես։ Հնչեց դռան զանգը։ «Հաստատ նա է»։ Բայց նա չէր։ Զանգողները ոստիկանության և շտապօգնության աշխատակիցներն էին։

— Ճանաչո՞ւմ եք այս վարորդական իրավունքը,— հարցրեց ոստիկանը։

— Այո՛, այն պատկանում է իմ որդուն՝ Ջոնաթանին։

— Մենք վատ լուր ունենք ձեզ համար։ Դժբախտ պատահար է տեղի ունեցել, և... ձեր որդին... ձեր որդին զոհվել է։

— Անհնա՛ր է, չի՛ կարող պատահել,— առաջին պահին բացականչեցի ես... Այդ ողբերգությունը մեծ վերք բացեց մեր սրտում, որ նույնիսկ այսքան տարի անց չի լավացել»։

«Մենք վատ լուր ունենք ձեզ համար։ Դժբախտ պատահար է տեղի ունեցել, և... ձեր որդին... ձեր որդին զոհվել է»

Բարսելոնում (Իսպանիա) բնակվող մի տղամարդ գրում է. «1960–ականներին մենք մի երջանիկ ընտանիք էինք։ Ես ու կինս՝ Մարիան, ունեինք երեք երեխա. Դավիթը 13 տարեկան էր, Պակիտոն՝ 11, իսկ Իզաբելը՝ 9։

1963 թ. մարտն էր։ Մի օր Պակիտոն դպրոցից տուն վերադարձավ՝ ասելով, որ գլուխը ուժեղ ցավում է։ Մենք չգիտեինք, թե ինչն էր պատճառը։ Բայց այդ անորոշությունը երկար չտևեց։ Երեք ժամ անց նա մահացավ։ Պատճառը գլխուղեղի արյունազեղումն էր։

Պակիտոյի մահվանից անցել է ավելի քան 30 տարի։ Սակայն մինչև օրս էլ չենք կարողանում հաշտվել այդ կորստի հետ։ Անհնար է զավակ կորցնել ու չզգալ, որ մի մեծ բան է կորել քեզանից՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ է անցել, և քանի երեխա ունես»։

Այս երկու դեպքերից երևում է, թե երեխայի մահը որքան խորը և մնայուն վերք է թողնում ծնողի սրտում։ Մի գիտնական այս առնչությամբ միանգամայն տեղին խոսքեր է ասել. «Երեխայի մահը սովորաբար ավելի ծանր ու ցավագին է ընդունվում, քան մեծահասակինը, քանզի ակնկալվում է, որ երեխան չպետք է ծնողից շուտ մահանա։ .... Եթե երեխա է մահանում, մահանում են նրա հետ կապված հույսերը, նրա չծնված զավակները [որդին, թոռները] և բոլոր այն բաները.... որ կյանքում նա դեռ պետք է վայելեր»։ Այսպիսի ցավ են ապրում նաև բոլոր այն կանայք, որոնց երեխան մահանում է վաղաժամ ծննդաբերության կամ վիժման պատճառով։

Վշտահար մի կին պատմում է. «Ամուսինս՝ Ռասելը, Երկրորդ աշխարհամարտի ժամանակ բուժօգնություն էր ցույց տալիս խաղաղօվկիանոսյան ճակատում։ Նա ականատես էր եղել մի քանի սարսափելի մարտերի։ Պատերազմից հետո ամուսինս եկավ Միացյալ Նահանգներ ու վերադարձավ խաղաղ կյանքի։ Հետագայում նա դարձավ Աստծու Խոսքի քարոզիչ։ Երբ նա 62 տարեկան էր, սկսեց գանգատվել սրտի ցավերից։ Թեև ամուսինս ձգտում էր ակտիվ կյանք վարել, սակայն 1988 թ. հուլիսին մահացավ ինֆարկտից։ Նրա մահն ուղղակի փշրեց ինձ։ Ես միշտ դժվարացել եմ նրան նույնիսկ «ցտեսություն» ասել. նա ոչ միայն ամուսին է եղել ինձ համար, այլ նաև մտերիմ ընկեր։ Մենք միասին ապրել ենք 40 տարի։ Ուստի առջևում ինձ միայնություն էր սպասում»։

Սրանք ընդամենը մի քանիսն են այն հազարավոր ողբերգություններից, որոնք աշխարհի տարբեր անկյուններում ամեն օր հարված են հասցնում բազմաթիվ ընտանիքների։ Քեզնից խլելով երեխայիդ, ամուսնուդ, կնոջդ, ծնողիդ կամ ընկերոջդ՝ մահն իսկապես դառնում է այն, ինչ Պողոս առաքյալն անվանեց ‘վերջին թշնամի’ (ԱԱ)։ Հարազատի մահը ողբացող շատ անհատներ կփաստեն դա։ Սկզբում մարդը հակված է լինում մերժելու այդ սարսափելի լուրը՝ ասելով. «Չի՛ կարող պատահել։ Ես դրան չեմ հավատում»։ Ապա նրա արձագանքը փոխվում է։ Այդ մասին, սակայն, կխոսենք ավելի ուշ (Ա Կորնթացիս 15։25, 26

Նախքան կքննարկենք, թե ինչ ապրումներ են ունենում հարազատ կորցրած անհատները, եկեք պատասխանենք երկու կարևոր հարցերի։ Արդյո՞ք մահով վերջակետ է դրվում մարդու կյանքին։ Արդյո՞ք կարող ենք հույս ունենալ, որ կրկին կտեսնենք մեր սիրելի մահացածներին։

Իրական հույս կա՛

Աստվածաշունչը գրի առնողներից մեկը՝ Պողոս առաքյալը, ցույց տվեց, որ այդ ‘վերջին թշնամուց’՝ մահից, ազատվելու հույս կա։ Նա գրեց. «Յետին [«վերջին», ԱԱ] թշնամին՝ որ կ’խափանուի՝ մահն է» (Ա Կորնթացիս 15։26)։ Ինչո՞ւ կարող էր Պողոսը այդքան վստահ լինել դրանում։ Քանզի նրա ուսուցիչն էր մեկը, որ հարություն էր առել մահվան քնից։ Այդ անձնավորությունը Հիսուս Քրիստոսն էր (Գործք 9։3–19)։ Ահա թե ինչու Պողոսը կարող էր գրել. «Որովհետեւ մարդով [Ադամով] եղաւ մահը, եւ մարդով էլ [Հիսուս Քրիստոսով] մեռելների յարութիւնը. քանզի ինչպէս Ադամով ամենը մեռնում են, այնպէս էլ Քրիստոսով ամենը կենդանանում են» (Ա Կորնթացիս 15։21, 22

Մի անգամ Նային քաղաքի մոտ Հիսուսը հանդիպեց մի որբևայրի կնոջ, որի որդին մահացել էր։ Կնոջ վիճակը տեսնելով՝ նա մեծ ցավ ապրեց։ Աստվածաշնչում կարդում ենք. «Երբոր [Հիսուսը] մօտեցաւ [Նային] քաղաքի դռանը, ահա մի մեռել էին դուրս բերում՝ իր մօր միածնունդ որդին. եւ նա որբեւայրի էր. եւ քաղաքիցն էլ մի մեծ բազմութիւն կար նորա հետ։ Եւ Տէրը նորան տեսաւ՝ գթաց նորա վերայ եւ ասեց նորան. Մի լար։ Եւ մօտ եկաւ՝ դագաղին դպաւ. եւ տանողները կանգնեցին. եւ ասեց. Երիտասարդ, քեզ եմ ասում՝ Վեր կաց։ Եւ մեռելը վեր կացաւ, նստեց եւ սկսեց խօսել. եւ նորան տուաւ իր մօրը։ Եւ ահ բռնեց ամենքին, եւ Աստուծուն փառք էին տալիս եւ ասում, թէ Մի մեծ մարգարէ է վեր կացել մեր մէջ, եւ թէ Աստուած իր ժողովրդին այցելել է»։ Ինչպես տեսնում ենք, Հիսուսն այնքան գթաց այրի կնոջը, որ հարություն տվեց նրա որդուն։ Պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում ապագայի համար (Ղուկաս 7։12–16

Բազմաթիվ ականատեսների ներկայությամբ Հիսուսն անմոռանալի մի բան արեց՝ հարություն տվեց մահացածին։ Դրանով նա փաստեց այն խոսքերի ճշմարտացիությունը, որ մինչ այդ ասել էր։ Հիսուսը մարգարեացել էր, որ ‘նոր երկնքի’ ներքո մարդիկ կրկին կյանքի կկոչվեն. «Սորա վերայ մի զարմանաք. որովհետեւ ժամանակ կ’գայ, որ ամենքը՝ որ գերեզմաններումն են, նորա ձայնը կ’լսեն։ Եւ դուրս կ’գան» (Յայտնութիւն 21։1, 3, 4; Յովհաննէս 5։28, 29; Բ Պետրոս 3։13

Մեկ ուրիշ դեպքում հարության ականատես դարձան Պետրոսը և մի քանի ուրիշ առաքյալներ։ Նրանք Գալիլեայի ծովի մոտ լսեցին հարություն առած Հիսուսի ձայնը. «Յիսուսը նորանց ասեց. Եկէք ճաշեցէք. եւ աշակերտներիցը ոչ ով չէր համարձակում հարցնել՝ թէ Դու ո՞վ ես. որովհետեւ գիտէին, որ Տէրն է։ Յիսուսն էլ եկաւ՝ եւ հացն առաւ՝ եւ նորանց տուաւ, եւ նոյնպէս էլ ձուկը։ Սա երրորդ անգամն է որ Յիսուսը իր աշակերտներին երեւեցաւ, մեռելներից յարութիւն առնելուց յետոյ» (Յովհաննէս 21։12–14

Ուստի Պետրոսը խոր համոզվածությամբ կարող էր ասել. «Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմութեան համեմատ մեզ վերստին ծնեց դէպի կենդանի յոյսը, Յիսուս Քրիստոսի մեռելներից յարութիւն առնելովը» (Ա Պետրոս 1։3

Պողոս առաքյալը նույնպես իր համոզվածությունը արտահայտեց այս հարցում. «[Հավատում եմ] ամեն բաների[ն].... որ օրէքումը եւ մարգարէներումը գրուած է. յուսալով այն Աստուծուն որին դորանք էլ սպասում են, թէ արդարների եւ մեղաւորների յարութիւն պիտի լինի» (Գործք 24։14, 15)։

Հետևաբար միլիոնավոր մարդիկ կարող են անխախտ հույս ունենալ, որ կրկին կտեսնեն իրենց մահացած հարազատներին հենց այստեղ՝ երկրի վրա, սակայն բոլորովին այլ պայմաններում։ Իսկ ինչպիսի՞։ Աստվածաշնչի այդ խոստմանն առնչվող մանրամասները կքննարկվեն մեր գրքույկի վերջին գլխում, որի վերնագիրն է՝ «Հաստատուն հույս մահացածների համար»։

Իսկ մինչ այդ պատասխանենք մի քանի հարցերի, որ ամենայն հավանականությամբ կունենաք, եթե ողբում եք ձեր սիրելի հարազատի մահը։ Ահա դրանցից մի քանիսը. բնակա՞ն են արդյոք իմ ապրումները։ Ինչպե՞ս ուժ գտնեմ ապրելու։ Ինչպե՞ս կարող են ուրիշներն օգնել ինձ։ Ինչպե՞ս կարող եմ ես օգնել հարազատի մահը ողբացող անհատին։ Եվ ամենակարևոր հարցերը. ի՞նչ հաստատուն հույս է տալիս Աստվածաշունչը մահացածների վերաբերյալ։ Երբևէ կտեսնե՞մ իմ մահացած հարազատներին։ Եթե այո, ապա որտե՞ղ։