Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս հաջողության հասնեմ ուսման մեջ

Ինչպե՞ս հաջողության հասնեմ ուսման մեջ

ԳԼՈՒԽ 13

Ինչպե՞ս հաջողության հասնեմ ուսման մեջ

ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ գտնվում ես անտառախիտ ջունգլիում։ Անգամ արևի լույսը չի թափանցում այդտեղ։ Խիտ թփերը ամեն կողմից ճնշում են ու չեն թողնում, որ առաջ անցնես։ Սաղարթախիտ թավուտները ճեղքելու համար դու ստիպված ես դանակ օգտագործել։

Այս իրավիճակը քեզ հիշեցնո՞ւմ է դպրոցը։ Ամբողջ օրը գտնվում ես դասարանում, իսկ երեկոյան դասերդ պետք է սովորես։ Ոչ մի ազատություն, ասես ծուղակն ընկած լինես։ Ծանո՞թ է քեզ այս իրավիճակը։ Ստորև նշիր, թե որ առարկան է քեզ համար շատ դժվար։

․․․․․

Գուցե ծնողներդ և ուսուցիչներդ քեզ անընդհատ համոզում են, որ տվյալ առարկան լավ սովորես։ Բայց նրանք դա չեն անում քո կյանքը բարդացնելու համար։ Նրանք պարզապես ուզում են, որ դու լավագույնս օգտագործես քո պոտենցիալը ուսման մեջ։ Ի՞նչ կարող ես անել, եթե թվում է, թե քեզնից չափից ավելին են պահանջում, ինչի պատճառով ուզում ես հանձնվել։ Դու կարող ես ճեղքել սաղարթախիտ թավուտները համապատասխան գործիքներով։ Իսկ որո՞նք են դրանք։

Գործիք 1. Դրական վերաբերմունք ուսման հանդեպ։ Դժվար թե ցանկություն ունենաս սովորելու, եթե ուսումը քեզ չի հետաքրքրում։ Ուստի փորձիր տեսնել ավելին։ Պողոս առաքյալը գրեց. «Հերկողը հույսով պիտի հերկի, և կալսողը բերքից օգտվելու հույսով պիտի կալսի» (1 Կորնթացիներ 9։10

Բայց հանուն ինչի՞ «հերկել», եթե ոչ մի օգուտ չես տեսնում տվյալ առարկան սովորելու մեջ։ Գուցե մտածում ես, որ բոլոր առարկաները չէ, որ կարևոր են քեզ համար, համենայն դեպս այս պահին։ Սակայն տարբեր առարկաներից գիտելիքներ ստանալով՝ դու ավելի լավ կճանաչես քեզ շրջապատող աշխարհը։ Դրա շնորհիվ հետաքրքիր զրուցակից կդառնաս՝ «ամեն տեսակ մարդկանց համար ամեն ինչ» լինելով (1 Կորնթացիներ 9։ 22)։ Ի վերջո, գիտելիքները կսրեն քո մտային ունակությունները, որոնք քեզ պետք կգան ողջ կյանքի ընթացքում։

Գործիք 2. Մի՛ թերագնահատիր ուժերդ։ Դպրոցը կարող է բացահայտել քո մեջ թաքնված տաղանդը։ Պողոսը գրեց Տիմոթեոսին. «Կրակի նման վառ պահիր Աստծու պարգևը, որը քո մեջ է» (2 Տիմոթեոս 1։6)։ Ակներևաբար, Տիմոթեոսը հատուկ նշանակում ուներ քրիստոնեական ժողովում։ Սակայն Աստծուց ստացած իր «պարգևը»՝ ունակությունը, նա պետք է անընդհատ զարգացներ, որ այն չկորցներ։ Անշուշտ, սովորելու քո ունակությունները ուղղակիորեն Աստծուց չես ստացել, բայց դու ունես ունակություններ, որ միայն քեզ են հատուկ։ Դպրոցը կօգնի հայտնաբերելու և զարգացնելու ունակություններդ, որոնց մասին դու նույնիսկ չգիտեիր։

Մի՛ թերագնահատիր ուժերդ՝ մտածելով, որ ուսումը քո խելքի բանը չէ։ Երբ բացասական մտքերով ես համակվում ու մտածում ես, թե ոչ մի բանի ընդունակ չես, խորհիր, թե ինչն ես կարողանում լավ անել։ Օրինակ՝ ոմանք թերևս անհիմն քննադատում էին Պողոսի հռետորական ունակությունները, բայց նա պատասխանեց. «Նույնիսկ եթե ես անհմուտ եմ խոսելու մեջ, անկասկած այդպիսին չեմ գիտելիքների հարցում» (2 Կորնթացիներ 10։10; 11։6)։ Պողոսը գիտեր ոչ միայն իր թերի, այլև իր ուժեղ կողմերը։

Իսկ որո՞նք են քո ուժեղ կողմերը։ Եթե չես կարողանում այս հարցին պատասխանել, խոսիր վստահելի անձնավորության հետ։ Այդպիսի ընկերը կօգնի քեզ տեսնելու քո ուժեղ կողմերը և առավելագույնս օգտագործելու դրանք։

Գործիք 3. Եղիր կազմակերպված։ Անհնար է առանց ջանքերի հաջողության հասնել ուսման մեջ։ Վաղ թե ուշ դու պետք է ինչ-որ բան սկսես սովորել։ Գուցե այդ միտքն անգամ հաճելի չէ քեզ։ Սակայն պե՛տք է սովորել։ Եթե ջանքեր թափես, քեզ աստիճանաբար դուր կգա սովորելը։

Լավ սովորություններ զարգացնելու համար հարկավոր է ճիշտ կազմակերպել ժամանակը։ Հիշիր, քանի դեռ դպրոցում ես, ուսումը քեզ համար պետք է առաջնային լինի։ Ճիշտ է, Աստվածաշնչում գրված է, որ կա «ծիծաղելու ժամանակ.... և պարելու ժամանակ» (Ժողովող 3։1, 4; 11։9)։ Այդ պատճառով ինչպեսև մյուս երեխաները, դու ուզում ես զվարճանալ *։ Սակայն Ժողովող 11։4-ում նախազգուշացում է տրվում. «Քամուն նայողը սերմ չի ցանի, և ամպերին նայողը չի հնձի» (Ժողովող 11։4)։ Ի՞նչ ես սովորում. ուսումը առաջին տեղում, խաղը՝ երկրորդ։ Մի՛ անհանգստացիր, ժամանակ կգտնես թե՛ ուսման, թե՛ զվարճության համար։

Ինչպես անել տնային աշխատանքը

Ի՞նչ կարող ես անել, եթե չես կարողանում աչք բացել տնային աշխատանքներից։ Գուցե ունես նույն զգացումները, որ ուներ 17-ամյա Սանդրինը։ Նա ասում է. «Ամեն երեկո 2-ից 3 ժամ տնային աշխատանք էի անում՝ չհաշված շաբաթ-կիրակի օրերը»։ Որոշ երկրներում աշակերտները տնային առաջադրանքները կատարելուն ավելի շատ ժամանակ են տրամադրում։ Ինչպե՞ս դիմանալ նման ծանրաբեռնվածությանը։ Կարդա՛ 119-րդ էջի խորհուրդները։

Բացիր ճանապարհը

Պողոսը Տիմոթեոսին գրեց, թե ինչն է նպաստում հոգևոր առաջադիմությանը. «Խորհիր այս բաների մասին, կլանված եղիր դրանցով, որպեսզի առաջադիմությունդ հայտնի լինի բոլորին» (1 Տիմոթեոս 4։15)։ Ջանքեր թափելով՝ դու հաջողությունների կհասնես դպրոցում։

Հիշո՞ւմ ես սկզբում բերված օրինակը։ Անանցանելի ջունգլիում առանց դանակի առաջ չես գնա, գործիք, որը կօգնի քեզ բացելու ճանապարհը։ Նմանապես, երբ թվում է, թե ծնողներիդ և ուսուցիչներիդ պահանջները ուժերիցդ վեր են, օգտագործիր այս հոդվածում նշված երեք գործիքները։ Այդպես կբարելավես ունակություններդ ու կհամոզվես, որ ջանքերդ իզուր չէին։

ԱՅՍ ԹԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՏՆԵԼ 1-ԻՆ ՀԱՏՈՐԻ 18-ՐԴ ԳԼԽՈՒՄ։

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Դպրոցում առանց այդ էլ հեշտ չէ, հիմա էլ ծաղրանք ու ճնշումներ։ Ի՞նչ անել։

[ծանոթագրություն]

^ պարբ. 13 Զվարճությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող ես գտնել այս գրքի 8-րդ բաժնում։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Քամուն նայողը սերմ չի ցանի, և ամպերին նայողը չի հնձի» (Ժողովող 11։4

ԱՌԱՋԱՐԿ

Երբ սկսում ես պատրաստել նյութը, նախ աչքի անցկացրու այն։ Հետո ենթավերնագրերի օգնությամբ փորձիր պատկերացնել, թե ինչ հարցեր են քննարկվելու։ Այնուհետև կարդա նյութը՝ փնտրելով պատասխանները։ Վերջում փորձիր վերհիշել կարդացածդ։

ԳԻՏԵԻ՞Ր

Հուշաթերթիկներ օգտագործելով կամ այլ խորամանկ միջոցների դիմելով՝ անհատը կորցնում է վստահությունը ուրիշների աչքում, նաև դանդաղեցնում է իր առաջադիմությունը։ Բացի այդ, վնասում է Աստծու հետ իր փոխհարաբերությունը (Առակներ 11։1

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Հաջորդ կիսամյակում կփորձեմ ․․․․․ ստանալ հետևյալ առարկայից՝ ․․․․․

Այդ առարկան ավելի լավ սովորելու համար կփորձեմ անել հետևյալը՝ ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ինչո՞ւ պետք է դպրոցում սովորելիս ջանքեր թափես։

● Դասերը սովորելու ի՞նչ գրաֆիկ ունես։

● Ձեր տանը որտե՞ղ է ավելի հարմար տնային աշխատանքներն անել։

● Ի՞նչ կարող ես անել, որ հոբբին ու հանգիստը չխանգարեն դասերիդ։

[մեջբերում 117-րդ էջի վրա]

«Հասակակիցներիս առնչությամբ մի բան եմ նկատել. եթե կազմակերպված չես ուսման մեջ, ապա հոգևոր հարցերում էլ ես նույնը։ Ովքեր լավ չեն սովորում դպրոցում, Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությունն էլ են թերի անում» (Սիլվիա)։

[աղյուսակ/նկար 119-րդ էջի վրա]

Դաս անելու տեղ գտիր։ Մի կողմ դիր շեղող բաները։ Եթե հնարավոր է, սեղանի շուրջ նստիր։ Հեռուստացույց մի՛ միացրու կամ անջատիր այն։

Առաջնահերթություններ դիր։ Վճռիր, որ չես դիտելու հեռուստացույց, մինչև որ չկատարես տնային աշխատանքդ։

Մի՛ հետաձգիր։ Հստակ դասացուցակ կազմիր և հետևիր դրան։

Պլան կազմիր։ Մտածիր, թե որ առարկայից ես սկսելու, երկրորդ առարկան որն է լինելու, երրորդը և այդպես շարունակ։ Ցուցակ կազմիր ու յուրաքանչյուր առարկայի համար ժամանակ սահմանիր։ Ամեն անգամ յուրաքանչյուր հանձնարարություն կատարելուց հետո ցուցակի մեջ նշիր, որ այն արված է։

Ընդմիջումներ արա։ Եթե զգում ես, որ հոգնել ես ու չես կարողանում կենտրոնանալ, կարճ ընդմիջում արա։ Բայց հնարավորինս շուտ վերսկսիր։

Վստահիր ուժերիդ։ Հիշիր, որ լավ աշակերտը վատ աշակերտից տարբերվում է ոչ թե խելքով, այլ աշխատասիրությամբ։ Դու կարող ես հասնել հաջողության։ Ջանքեր թափիր, և անձամբ կհամոզվես։

[նկար 116-րդ էջի վրա]

Դպրոցը նման է անանցանելի ջունգլիի, բայց գործիքների օգնությամբ կարող ես բացել ճանապարհը