Երկու մշակույթների արանքում. ի՞նչ անեմ
ԳԼՈՒԽ 22
Երկու մշակույթների արանքում. ի՞նչ անեմ
Հայրդ և մայրդ տեղափոխվել են ուրիշ երկի՞ր։
□ Այո □ Ոչ
Դասընկերներիդ լեզուն և մշակույթը օտա՞ր են քեզ համար։
□ Այո □ Ոչ
«Ընտանիքս իտալական ծագում ունի։ Մենք բացահայտորեն արտահայտում ենք մեր ջերմ զգացմունքները մարդկանց նկատմամբ։ Այժմ ապրում ենք Մեծ Բրիտանիայում։ Այստեղ մարդիկ շատ կարգապահ են և քաղաքավարի։ Այս երկու մշակույթներն էլ օտար են ինձ համար. անգլիացիների համար իտալացի եմ, իտալացիների համար՝ անգլիացի» (Ժոզե, Անգլիա)։
«Դպրոցում ուսուցիչս ասում էր, որ նայեմ նրան, երբ խոսում է։ Բայց հայրս ասում էր, որ տգեղ է, երբ ինձ հետ խոսում է, ու ես նրա աչքերի մեջ եմ նայում։ Երկու քարի արանքում էի» (Պատրիկ, ծնվել է Ֆրանսիայում, սակայն ծնողները Ալժիրից են)։
ԻՆՉ խոսք, ծնողներդ մեծ դժվարությունների են բախվել, երբ տեղափոխվել են ուրիշ երկիր։ Նրանք հայտնվել են այնպիսի միջավայրում, որտեղ մշակույթը, լեզուն և նույնիսկ մարդկանց հագուկապը տարբերվել է։ Նրանք ակնհայտորեն տարբերվում են իրենց շրջապատի մարդկանցից։ Գուցե նրանց հանդեպ անհարգալից են եղել կամ էլ հնարավոր է՝ կանխակալ վերաբերմունք են դրսևորել։
Դու է՞լ ես նման զգացումներ ունեցել։ Ստորև կխոսենք, թե ինչ դժվարությունների են բախվում պատանիները նման իրավիճակում։ Դիր ✔ նշանը այն տարբերակի կողքին, որը քեզ համար ամենադժվարն է։
□ Ծաղրանք։ Նուրը պատանի էր, երբ իր ընտանիքը Հորդանանից տեղափոխվեց Հյուսիսային Ամերիկա։ Աղջիկն ասում է. «Մարդիկ ծաղրում էին մեզ մեր հագուկապի պատճառով։ Մեզ համար էլ տարօրինակ էր ամերիկյան հումորը»։
□ Ազգային պատկանելություն։ «Ծնվել եմ Գերմանիայում,— ասում է Նադյան։— Քանի որ ծնողներս իտալացի են, ես ակցենտով էի խոսում գերմաներեն, դրա համար էլ դպրոցում ինձ ասում էին «հիմար օտարերկրացի»։ Բայց երբ եկա Իտալիա, ասում էին, որ գերմաներեն ակցենտ ունեմ։ Չգիտեմ, թե հիմա ես ով եմ։ Ուր էլ գնամ, օտար եմ»։
□ Մշակութային բախում ընտանիքում։ Աննան ութ տարեկան էր, երբ նրա ընտանիքը տեղափոխվեց Անգլիա։
Նա պատմում է. «Ես ու եղբայրս հեշտությամբ հարմարվեցինք Լոնդոնին, բայց ծնողներիս համար շատ դժվար էր, քանի որ երկար տարիներ ապրել էին Մադեյրա պորտուգալական կղզում»։Վոյենը երեք տարեկան էր, երբ նրա ծնողները, որոնք կամբոջացի են, տեղափոխվեցին Ավստրալիա։ Աղջիկը պատմում է. «Ծնողներս ոչ մի կերպ չէին հարմարվում նոր կյանքին։ Հայրս հաճախ վհատվում էր և բարկանում, որ չէի հասկանում նրա մտածելակերպը»։
□ Լեզվական խնդիր ընտանիքում։ Իենը ութ տարեկան էր, երբ նրա ընտանիքը Էկվադորից տեղափոխվեց Նյու Յորք։ Վեց տարի Միացյալ Նահանգներում ապրելուց հետո նա ասում է. «Հիմա ավելի շատ անգլերեն եմ խոսում, քան իսպաներեն։ Ուսուցիչներս խոսում են անգլերեն, ընկերներս խոսում են անգլերեն, ես էլ եղբորս հետ եմ խոսում անգլերեն։ Անգլերենը գլխիցս դուրս է հանում իսպաներենը»։
Լին, որը ծնվել է Ավստրալիայում, իսկ ծնողները կամբոջացի են, ասում է. «Երբ խոսում եմ ծնողներիս հետ և ուզում եմ որևէ հարց մանրամասնորեն բացատրել, զգում եմ, որ չեմ կարողանում շատ լավ արտահայտել մտքերս նրանց լեզվով»։
Նուրը, որի մասին նշվեց, ասում է. «Հայրս ջանք էր թափում, որ ստիպի մեզ իր լեզվով խոսել տանը, բայց մենք չէինք ուզում խոսել արաբերեն։ Արաբերեն սովորելը մեզ համար ավելորդ բեռ էր։ Մեր ընկերները անգլերեն էին խոսում։ Հեռուստահաղորդումները նույնպես անգլերեն էին։ Մեր ինչի՞ն էր պետք արաբերենը»։
Ի՞նչ կարող ես անել
Վերը նշված պատանիների խոսքերը ցույց են տալիս, որ միայն դու չես բախվում նմանատիպ խնդիրների։ Ինչ խոսք, դու կարող ես խուսափել այդ խնդիրներից՝ ամբողջովին մոռանալով
քո մշակույթը և որդեգրելով նոր մշակույթ։ Սակայն հավանաբար կվիրավորես ծնողներիդ, եթե այդպես վարվես, դա նաև կարող է հիասթափության պատճառ լինել քեզ համար։ Ուստի կարելի է սովորել հաղթահարել դժվարությունները և փորձել տեսնել քո հանգամանքների դրական կողմը։ Քննենք հետևյալ առաջարկները։Ինչպես վերաբերվել ծաղրանքին։ Միևնույնն է, ինչ էլ անես, չես կարող բոլորի հետ լավ լինել։ Նրանք, ովքեր սիրում են ծաղրել մարդկանց, միշտ պատրվակ կգտնեն (Առակներ 18։24)։ Ուստի անիմաստ է փորձել փոխել քո հանդեպ ունեցած նրանց կանխակալ կարծիքը։ «Ծաղրողը իրեն հանդիմանողին չի սիրում»,— նշեց իմաստուն Սողոմոն թագավորը (Առակներ 15։12)։ Նման վերաբերմունքը միայն բացահայտում է ծաղրողի տգիտությունը, ոչ թե զոհի «սխալները»։
Ինչ անել, եթե ազգային պատկանելության հետ կապված խնդիր կա։ Բնական է ցանկանալ պատկանել որևէ խմբի, օրինակ՝ ընտանիքի կամ մշակույթի։ Սակայն սխալ է մտածել, որ քո արժանիքները որոշվում են նրանով, թե ինչ մշակութային ծագում ունես կամ ինչ ընտանիքից ես։ Մարդիկ թերևս այդպես դատեն, բայց Աստված՝ ոչ։ «Աստված կողմնակալ չէ,— գրել է Պետրոս առաքյալը,— այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործեր 10։34, 35)։ Եթե ամեն բան անես Եհովա Աստծուն հաճեցնելու համար, նա քեզ իր ընտանիքի անդամը կհամարի (Եսայիա 43։10; Մարկոս 10։29, 30)։ Դրանից ավելի լավ «ազգություն» կարո՞ղ ես ունենալ։
Ինչպես հաղթահարել մշակութային բախումը Եփեսացիներ 6։2, 3)։
ընտանիքում։ Գրեթե յուրաքանչյուր ընտանիքում երեխաների և ծնողների տեսակետները տարբերվում են։ Քո պարագայում գուցե այդ տարբերությունը ավելի մեծ լինի. հնարավոր է՝ ծնողներդ ուզում են ապրել իրենց երկրի սովորություններով, իսկ դու՝ նոր երկրի կարգուկանոնով։ Այնուամենայնիվ, եթե ուզում ես, որ ամեն բան լավ ընթանա, պետք է «պատվես քո հորն ու մորը» (Մի՛ ըմբոստացիր ծնողներիդ դեմ զուտ այն պատճառով, որ նրանց սովորությունները դուր չեն գալիս քեզ, հակառակը՝ փորձիր մտածել, թե ինչու են ծնողներդ հավատարիմ մնում այդ սովորություններին (Առակներ 2։10, 11)։ Տուր քեզ հետևյալ հարցերը. «Այդ սովորությունները հակասո՞ւմ են Աստվածաշնչի սկզբունքներին։ Եթե ոչ, ապա ի՞նչն է, որ ինձ դուր չի գալիս։ Ինչպե՞ս կարող եմ հարգանքով արտահայտել իմ զգացմունքները ծնողներիս» (Գործեր 5։29)։ Ինչ խոսք, քեզ համար շատ ավելի հեշտ կլինի պատվել ծնողներիդ՝ հասկանալ նրանց մտածելակերպը և արտահայտել քո զգացմունքները, եթե կարողանաս լավ խոսել նրանց լեզվով։
Ինչպես հաղթահարել լեզվական խնդիրը ընտանիքում։ Որոշ ծնողներ հասկացել են, որ եթե միայն մայրենի լեզվով են խոսում տանը, ապա երեխաները հետագայում կարողանում են լավ իմանալ երկու լեզու։ Դու էլ փորձիր այսպես վարվել։ Խնդրիր ծնողներիդ, որ քեզ գրել-կարդալ սովորեցնեն։ Ստելիսը, որը մեծացել է Գերմանիայում, բայց մայրենի լեզուն հունարենն է, ասում է. «Ծնողներս ամեն օր ինձ հետ քննարկում էին օրվա խոսքը։ Նրանք բարձրաձայն կարդում էին մեկնաբանությունը, իսկ ես գրում էի։ Այժմ կարդում և գրում եմ թե՛ հունարեն, թե՛ գերմաներեն»։
Ծնողներիդ լեզուն իմանալուց ուրիշ ի՞նչ օգուտ կա։ «Ես սովորեցի ծնողներիս լեզուն, քանի որ ուզում էի զգացապես և ամենակարևորը, հոգևոր առումով մտերիմ լինել նրանց
հետ։ Մայրենի լեզուն սովորելու շնորհիվ հասկանում եմ, թե ինչ են նրանք զգում, նրանք էլ կարողանում են ինձ հասկանալ»,— ասում է Ժոզեն, որի մասին նշվեց հոդվածի սկզբում։Ոչ թե խոչընդոտ, այլ կամուրջ
Արդյոք քո ծագումը խոչընդո՞տ կհամարես, որը բաժանում է քեզ ուրիշներից, թե՞ կամուրջ, որը միավորում է քեզ նրանց հետ։ Շատ պատանի քրիստոնյաներ հասկացել են, որ մեկ ուրիշ պատճառ էլ ունեն մշակութային այդ անդունդի վրա կամուրջ գցելու համար։ Նրանք ուզում են Աստծու Թագավորության բարի լուրը հայտնել նաև մյուս ներգաղթյալներին (Մատթեոս 24։14; 28։19, 20)։ Սալոմաուն, որի ընտանիքը տեղափոխվեց Լոնդոն, երբ նա հինգ տարեկան էր, պատմում է. «Լավ ես զգում, երբ կարողանում ես երկու լեզվով բացատրել Աստվածաշունչը։ Ես համարյա մոռացել էի իմ մայրենի լեզուն, բայց այսօր տեղափոխվել եմ պորտուգալախոս ժողով և ազատ խոսում եմ թե՛ անգլերեն, թե՛ պորտուգալերեն»։
Իսկ Նուրը հասկացավ, որ արաբերեն խոսող ավետարանիչների կարիք կա։ Նա ասում է. «Հիմա դասընթացների եմ գնում և փորձում եմ հետ բերել կորցրածս։ Իմ տրամադրվածությունը փոխվել է։ Այժմ ուզում եմ ուղղվել, ուզում եմ սովորել»։
Փաստորեն, եթե երկու կամ ավելի մշակույթների ես ծանոթ և խոսում ես երկու կամ ավելի լեզուներով, կարելի է ասել, որ մեծ հնարավորություններ են բացված քո առաջ։ Երկու մշակույթների ծանոթ լինելը կօգնի քեզ խորությամբ հասկանալու մարդկանց զգացմունքները և պատասխանելու աստվածաշնչյան հարցերին (Առակներ 15։23)։ Փրիթին, որը հնդիկ է, բայց ծնվել է Անգլիայում, ասում է. «Այն բանի շնորհիվ, որ երկու մշակույթի եմ ծանոթ, ավելի ինքնավստահ եմ ծառայության մեջ։ Հասկանում եմ երկու մշակույթների մարդկանց՝ ինչին են հավատում և ինչ ապրելակերպ ունեն»։
Այժմ կարո՞ղ ես դու էլ քո հանգամանքներին նայել որպես առավելություն և ոչ թե թերություն։ Հիշի՛ր, Եհովան սիրում է քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս։ Նրա համար կարևոր չէ, թե ինչ ծագում ունես դու կամ ընտանիքդ։ Կարո՞ղ ես այն պատանիների պես, որոնց խոսքերը մեջբերված էին այս հոդվածում, գիտելիքներդ ու փորձդ օգտագործել, որ օգնես քո լեզվով խոսող մարդկանց ճանաչելու մեր անկողմնակալ և սիրող Եհովա Աստծուն։ Այդպես դու իրոք երջանիկ կլինես (Գործեր 20։35)։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ
«Աստված կողմնակալ չէ» (Գործեր 10։34)։
ԱՌԱՋԱՐԿ
Եթե հասակակիցներդ ծաղրեն քեզ, ուշադրություն մի՛ դարձրու և մի՛ կորցրու հումորիդ զգացումը։ Եթե այդպես արձագանքես, հավանաբար նրանց համար այլևս հետաքրքիր չի լինի քեզ ծաղրել։
ԳԻՏԵԻ՞Ր
Եթե սովորես երկրորդ լեզուն, աշխատանք գտնելու ավելի շատ հնարավորություններ կունենաս։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ
Որպեսզի ավելի լավ հասկանամ ծնողներիս լեզուն, ես ․․․․․
Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․
Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ
● Ինչո՞ւ ծնողներիդ մշակույթին ծանոթ լինելը կօգնի ավելի լավ ճանաչելու ինքդ քեզ։
● Ի՞նչ առավելություններ ունես դու՝ այն պատանիների հետ համեմատած, որոնց ծնողները նույն ազգությունն ունեն։
[մեջբերում 160-րդ էջի վրա]
«Ես ուրախանում եմ, երբ օգնում եմ մարդկանց։ Կարողանում եմ ճշմարտությունը պատմել ռուսախոսներին, ֆրանսախոսներին և մոլդովախոսներին» (Օլեգ)։
[նկար 161-րդ էջի վրա]
Քո մշակույթը համարիր կամուրջ, որը միավորում է քեզ ուրիշների հետ