Թագավորությունը բաժանվում է
Պատմություն 65
Թագավորությունը բաժանվում է
ԳԻՏԵ՞Ս, թե այս մարդն ինչու է իր վերնազգեստը պատռում։ Եհովան է նրան պատվիրել այդ անել։ Նա Աստծու Աքիա մարգարեն է։ Իսկ գիտե՞ս, թե ինչ է նշանակում մարգարե. մարդ, որի միջոցով Աստված նախօրոք տեղեկացնում է, թե ինչ է լինելու։
Այս նկարում Աքիան զրուցում է Հերոբովամի հետ։ Սողոմոնի կողմից նրան հանձնարարված է հետևել որոշ շինարարական աշխատանքների ընթացքին։ Ճանապարհի մոտ հանդիպելով Հերոբովամին՝ Աքիան տարօրինակ մի բան է անում. նա հանում է իր նոր վերնազգեստը ու բաժանում 12 կտորների։ Ապա ասում է Հերոբովամին. «10 կտորը վերցրու քեզ»։ Գիտե՞ս, թե ինչու է Աքիան Հերոբովամին տալիս 10 կտորը։
Նա բացատրում է, որ Եհովան պատրաստվում է թագավորությունը վերցնել Սողոմոնի ձեռքից և 10 ցեղերը տալ իրեն՝ Հերոբովամին։ Այսինքն՝ Իսրայելի միայն երկու ցեղն է մնալու Սողոմոնի որդի Ռոբովամի իշխանության տակ։
Աքիայի ասածների մասին տեղեկանալով՝ Սողոմոնը խիստ զայրանում է։ Նա փորձում է սպանել Հերոբովամին, բայց վերջինս փախչում է Եգիպտոս։ Որոշ ժամանակ անց Սողոմոնը մահանում է։ Նա թագավորել էր 40 տարի, իսկ նրա փոխարեն թագավոր է դառնում իր որդի Ռոբովամը։ Լսելով Սողոմոնի մահվան լուրը՝ Հերոբովամը Եգիպտոսից վերադառնում է Իսրայել։
Ռոբովամը չար թագավոր է։ Ժողովրդի հանդեպ նա շատ ավելի դաժան է վարվում, քան իր հայր Սողոմոնը։ Հերոբովամը մի քանի պատկառելի մարդկանց հետ միասին գնում է Ռոբովամի մոտ՝ խնդրանքով, որ նա ժողովրդի հետ լավ վերաբերվի։ Բայց Ռոբովամը ոչ միայն չի լսում նրանց, այլև է՛լ ավելի է չարանում։ Ուստի ժողովուրդը Հերոբովամին թագավոր է հռչակում Իսրայելի 10 ցեղերի վրա, իսկ մնացած երկու՝ Բենիամինի ու Հուդայի ցեղերը մնում են Ռոբովամի իշխանության տակ։
Հերոբովամը չի ցանկանում, որ ժողովուրդը երկրպագության համար գնա Երուսաղեմ՝ Եհովայի տաճարը։ Ուստի, նա երկու ոսկե հորթ է պատրաստում ու 10 ցեղից բաղկացած իր ժողովրդին ստիպում է երկրպագություն մատուցել դրանց։ Շատ չանցած՝ երկիրը չարությամբ ու բռնությամբ է լցվում։
Անախորժությունների մեջ է նաև երկցեղ թագավորությունը։ Ռոբովամի գահ բարձրանալուց հինգ տարի էլ չի անցնում, երբ Եգիպտոսի թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա։ Նա իր հետ շատ գանձեր է տանում Եհովայի տաճարից։ Եվ այսպես՝ տաճարն իր սկզբնական շքեղ վիճակում մնում է միայն կարճ ժամանակ։
Գ Թագաւորաց 11։26–43; 12։1–33; 14։21–31։