Գիտեի՞ք արդյոք
Հնագիտությունը թիկունք կանգնո՞ւմ է Աստվածաշնչին
«Բիբլիքըլ արքիոլոջի ռիվյու» հանդեսում տպագրվեց մի հոդված, որում ասվում էր, որ Եբրայերեն Գրություններում նշված «առնվազն 50 անհատների» գոյության մասին այսօր կարելի է փաստել հնագիտական հայտնագործությունների միջոցով (Biblical Archaeology Review)։ Դրանց թվում են Հուդայի և Իսրայելի 14 թագավորները, օրինակ՝ այնպիսի հայտնի անհատներ, ինչպիսիք են Դավիթը, Եզեկիան, նաև ոչ այդքան հայտնի թագավորներ՝ Մանայեմը, Փակեեն։ Ցուցակում կան նաև 5 փարավոններ և Ասորեստանի, Բաբելոնի, Մովաբի, Պարսկաստանի ու Ասորիքի 19 թագավորներ։ Աստվածաշնչում և հնագիտական արձանագրություններում կան հիշատակումներ ոչ միայն միապետների մասին, այլ նաև ավելի ցածր պաշտոն ունեցող անհատների՝ քահանայապետների, դպիրների և այլ պաշտոնյաների։
Հոդվածում նշվում է, որ այս մարդկանց ինքնությունը հաստատվում է «մեծ թվով մասնագետների համաձայնությամբ»։ Քրիստոնեական Հունարեն Գրություններում նույնպես խոսվում է պատմական դեմքերի մասին, և հնագիտական փաստերը ապացուցում են, որ իրականում գոյություն են ունեցել այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Հերովդեսը, Պոնտացի Պիղատոսը, Տիբերիոսը, Կայիափան, Սերգիոս Պողոսը։
Ե՞րբ են առյուծները անհետացել աստվածաշնչյան երկրներից
Թեև այսօր առյուծներ չկան Սուրբ երկրում, սակայն Աստվածաշնչի մոտ 150 արձանագրություններ ցույց են տալիս, որ առյուծներ եղել են այդ տեղանքում։ Ճիշտ է, առյուծների մասին մեծ մասամբ խոսվում է փոխաբերական իմաստով, բայց կան նաև համարներ, որոնցում նշվում է բառացի առյուծների մասին։ Օրինակ՝ Դավիթը, Սամսոնը և Բանեան առյուծ են սպանել (Դատավորներ 14։5, 6; 1 Սամուել 17։34, 35; 2 Սամուել 23։20)։ Որոշ մարդկանց էլ առյուծներն են սպանել (1 Թագավորներ 13։24; 2 Թագավորներ 17։25)։
Հին ժամանակներում ասիական առյուծներ (Panthera leo persica) հանդիպում էին Փոքր Ասիայից և Հունաստանից մինչև Պաղեստին, Ասորիք, Միջագետք ընկած տարածքներում, ինչպես նաև Հնդկաստանի հյուսիսարևմտյան մասում։ Ահ և ակնածանք ներշնչող այս կենդանին հաճախ է հանդիպում Մերձավոր Արևելքի մշակույթում։ Օրինակ՝ Բաբելոնի Շքերթի ճանապարհը զարդարված էր առյուծների պատկերներով։
Ըստ որոշ տեղեկությունների՝ խաչակիրները Պաղեստինում առյուծների էին որսում մինչև մ.թ. 12-րդ դարի վերջը։ 1300-ականներից հետո այդ տարածքում առյուծները գրեթե վերացան։ Սակայն մինչև 19-րդ դարը Միջագետքում և Ասորիքում, իսկ մինչև 20-րդ դարի առաջին կեսը Իրանում և Իրաքում նրանց մասին դեռ տեղեկություններ կային։