ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՍԱՏԱՆԱՆ ԻՐԱԿԱ՞Ն ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է
Պե՞տք է վախենանք Սատանայից
Այն շատ դժվար է հայտնաբերել։ Անգույն և անհոտ է, կարող է հանկարծակիի բերել իր զոհերին։ Թերևս աշխարհում թունավորմամբ մահացության դեպքերի կեսը կարելի է վերագրել մեկ հանցագործի՝ ածխածնի օքսիդին (շմոլ գազ)։ Սակայն խուճապի մատնվելու կարիք չկա։ Գազը հայտնաբերելու և դրանից պաշտպանվելու միջոցներ կան։ Շատ մարդիկ, իմաստություն դրսևորելով, ազդանշանիչ սարք են տեղադրում և ցանկացած ազդանշանի դեպքում անմիջապես արձագանքում են։
Ածխածնի օքսիդի նման՝ Սատանան անտեսանելի է, մարդկանց համար շատ դժվար է նշմարել նրա գոյությունը, և նա չափազանց վտանգավոր է։ Սակայն Աստված մեզ առանց օգնության չի թողել։ Եթե օգտվես նրա տված հետևյալ պարգևներից, կարիք չես ունենա վախենալու Սատանայից։
Ընտրության հնարավորություն։ Հակոբոս 4։7-ում ասվում է. «Հակառակվեք Բանսարկուին, և նա կփախչի ձեզանից»։ Թեև Սատանան զորավոր է, նա չի կարող ստիպել քեզ անել բաներ, որ դու չես ուզում անել։ Դու ընտրության հնարավորություն ունես։ 1 Պետրոս 5։9-ում գրված է. «Ամուր հավատով դեմ կանգնեք [Սատանային]»։ Հիշիր, Սատանան հեռացավ, երբ Հիսուսը հաստատակամորեն դիմադրեց երեք փորձություններին (Մատթեոս 4։11)։ Դու նույնպես կարող ես ընտրել՝ դիմադրել Սատանայի հարձակումներին, թե ոչ։
Աստծու հետ ընկերություն։ Հակոբոս 4։8-ում մեզ հորդոր է տրվում «մոտենալ Աստծուն»։ Եհովան անձամբ հրավիրում է քեզ մտերիմ ընկերական հարաբերություններ զարգացնելու իր հետ։ Ինչպե՞ս կարող ես դա անել։ Լավագույն ձևը նրա մասին Աստվածաշնչից ավելի շատ բան սովորելն է (Հովհաննես 17։3)։ Այն, ինչ կսովորես Եհովայի մասին, կմղի քեզ սիրելու նրան, իսկ այդ սերը իր հերթին կմղի քեզ կատարելու նրա կամքը (1 Հովհաննես 5։3)։ Ինչպիսի՞ն կլինի քո երկնային Հոր արձագանքը, երբ դու մոտենաս նրան։ Հակոբոսը շարունակում է՝ ասելով, որ Աստված «կմոտենա» քեզ։
Պաշտպանություն տալու խոստում։ Առակներ 18։10-ում կարդում ենք. «Եհովայի անունը ամուր աշտարակ է։ Նրա մեջ է փախչում արդարը և պաշտպանություն ստանում»։ Ինչ խոսք, դա չի նշանակում, որ Աստծու անունը հաջողություն բերող թալիսման է։ Հակառակը՝ դա նշանակում է, որ նրանք, ովքեր իսկապես ակնածում են Աստծու անունից, կարող են պաշտպանության համար ամեն ժամանակ կանչել նրան։
Աստվածաշնչյան օրինակ։ Գործեր 19։19 համարը հետաքրքիր բան է պատմում Եփեսոսի նորահավատ քրիստոնյաների մասին. «Մոգությամբ զբաղվողներից բավականին թվով մարդիկ իրենց գրքերը մեկտեղ հավաքեցին և ամենքի առաջ այրեցին։ Երբ դրանց գինը հաշվեցին, պարզվեց, որ հիսուն հազար արծաթադրամի արժողություն ունեին» *։ Այդ քրիստոնյաները ոչնչացրին ոգեհարցության հետ կապված բոլոր առարկաները՝ չնայած դրանց նյութական արժեքին։ Այս օրինակը մեծապես կարող է օգնել մեզ այսօր։ Ներկայիս աշխարհը ներծծված է գուշակությամբ ու ոգեհարցությամբ։ Նույնիսկ ոգեհարցության հետ կապված առարկաներն ու սովորությունները, որոնք անվնաս են թվում, կարող են դիվական ազդեցության պատճառ դառնալ։ Կարևոր է, որ ձերբազատվենք այդպիսի առարկաներից, ինչ գնով էլ որ լինի։
Ռոխելիոն, որի մասին խոսվեց այս հոդվածաշարի առաջին հոդվածում, մինչև 50 տարեկան չէր հավատում Սատանայի գոյությանը։ Բայց հետո նա վերանայեց իր տեսակետը։ Ինչո՞ւ։ «Կյանքումս առաջին անգամ Աստվածաշունչ ձեռք բերեցի,— ասում է նա։— Սուրբ Գրքից ստացած գիտելիքները համոզեցին ինձ, որ Սատանան գոյություն ունի։ Այդ գիտելիքները հիմա պաշտպանում են ինձ նրա ազդեցության զոհը դառնալուց»։
«Սուրբ Գրքից ստացած գիտելիքները համոզեցին ինձ, որ Սատանան գոյություն ունի։ Այդ գիտելիքները հիմա պաշտպանում են ինձ նրա ազդեցության զոհը դառնալուց»
Ցանկանո՞ւմ ես տեսնել այն օրը, երբ Սատանան այլևս գոյություն չի ունենա։ Աստվածաշունչը կանխագուշակում է, որ ապագայում Սատանան, որը այդքան շատ մարդու է մոլորեցնում, «կգցվի կրակի ու ծծմբի լիճը» (Հայտնություն 20։10)։ Ինչ խոսք, բառացի կրակը ու ծծումբը չեն կարող վնաս հասցնել անտեսանելի ոգեղեն արարածի։ Ուստի կրակի լիճը պետք է խորհրդանշի հավիտենական կործանում։ Սատանան հավիտյան կոչնչացվի։ Ի՜նչ ուրախալի ժամանակ կլինի դա Աստծուն սիրողների համար։
Իսկ մինչ այդ շարունակիր հնարավորինս շատ բան սովորել Եհովա Աստծու ու նրա ճանապարհների մասին *։ Պատկերացրու քեզ ապրելիս այն ժամանակ, երբ վերջապես կկարողանանք ասել. «Սատանան գոյություն չունի», և դա իրականություն կլինի։
^ պարբ. 8 Եթե նշված արծաթադրամը հռոմեական դինարն էր, գումարը հավասար կլիներ 50000 աշխատողների օրական աշխատավարձին՝ միասին վերցրած, ինչը մի ահռելի գումար կկազմեր։
^ պարբ. 11 Սատանայի ու ոգեհարցության վերաբերյալ Աստծու տեսակետի մասին ավելի շատ տեղեկություն ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 10-րդ գլուխը։ Կարող ես դիմել Եհովայի վկաներից որևէ մեկին այդ գրքի օրինակը ստանալու համար կամ կարող ես կարդալ այն օնլայն www.jw.org/hy-armn վեբ կայքում։