Իսրայելին տրված Աստծու Օրենքը արդար և անաչա՞ռ էր
ՏԱՐԻՆԵՐ առաջ արևմտյան երկրներից մեկում քրեական դատարանը ընդունեց մարդասպանություն գործելու մեջ մեղադրվող երկու մարդու դեմ սուտ ցուցմունքները ու նրանց մահապատժի դատապարտեց։ Երբ սխալը բացահայտվեց, իրավաբանների գործադրած մեծ ջանքերի շնորհիվ դատապարտվածներից մեկը ազատ արձակվեց։ Սակայն նույնիսկ ամենալավ փաստաբանները անզոր էին որևէ բան անելու մյուսի համար. նա արդեն մահապատժի էր ենթարկվել։
Քանի որ իրավական ցանկացած համակարգում արդարությունը կարող է աղավաղվել, Աստվածաշունչը հետևյալ հորդորն է տալիս. «Արդարության, միմիայն արդարության հետամուտ եղիր» (2 Օրենք 16։20)։ Երբ դատավորները հետևում են այս կարգադրությանը, քաղաքացիները օգուտներ են քաղում։ Աստծու Օրենքը հին Իսրայելին ապահովում էր անկողմնակալության ու արդարության վրա հիմնված իրավական համակարգով։ Այժմ քննենք այդ Օրենքը՝ տեսնելու համար, թե արդյոք Աստծու «բոլոր ճանապարհները արդար են» (2 Օրենք 32։4)։
«ԻՄԱՍՏՈՒՆ, ԽՈՀԵՄ ԵՎ ՓՈՐՁԱՌՈՒ» ԴԱՏԱՎՈՐՆԵՐ
Դատավորների բանիմաց, արդար ու անկաշառ լինելը ծառայում է ժողովրդի շահերին։ Իսրայելին տրված Աստծու Օրենքը մեծապես արժևորում էր այդպիսի արժանիքներ ունեցող դատավորներին։ Երբ իսրայելացիների անապատային դեգերումները նոր էին սկսվել, Մովսեսին ասվեց, որ ընտրի «ընդունակ տղամարդկանց, որ վախենում են Աստծուց, հուսալի տղամարդկանց, որ ատում են անարդար եկամուտը», որպեսզի դատավորներ լինեին (Ելք 18։21, 22)։ Քառասուն տարի հետո Մովսեսը կրկին ընդգծեց, որ «իմաստուն, խոհեմ և փորձառու մարդկանց» կարիք կար ժողովրդին դատելու համար (2 Օրենք 1։13–17)։
Դարեր անց Հուդայի Հովսափատ * թագավորը դատավորներին պատվիրեց. «Տեսեք, թե ինչ եք անում, որովհետև դուք մարդկանց համար չէ, որ դատում եք, այլ Եհովայի։ Դատաստան անելու գործում նա ձեզ հետ է։ Եվ հիմա Եհովայի երկյուղը թող ձեզ վրա լինի։ Զգուշորեն գործեք, որովհետև մեր Աստված Եհովայի մոտ անարդարություն, կողմնապահություն և կաշառք վերցնել չկա» (2 Տարեգրություն 19։6, 7)։ Այդպիսով թագավորը դատավորներին հիշեցրեց, որ եթե նրանց կայացրած որոշումների վրա ազդեին կանխակալ կարծիքն ու ագահությունը, Աստված պատասխանատվության կկանչեր նրանց դրա հետևանքով հասցված վնասի համար։
Երբ Իսրայելի դատավորները համապատասխանում էին այդ բարձր չափանիշներին, ազգը իրեն ապահով ու անվտանգ էր զգում։ Աստծու Օրենքը նաև սահմանում էր մի շարք սկզբունքներ, որոնք օգնում էին դատավորներին արդար որոշումներ կայացնելու նույնիսկ դժվարագույն դեպքերի առնչությամբ։ Ի՞նչ սկզբունքներ էին դրանք։
ԱՐԴԱՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՂ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
Թեև ընտրված դատավորները պետք է իմաստուն և ընդունակ տղամարդիկ լինեին, բայց նրանք չպետք է դատավճիռներ կայացնեին՝ հիմնվելով իրենց կարողությունների կամ սուր մտքի վրա։ Եհովա Աստված սկզբունքներ, կամ՝ ուղեցույցներ էր տվել նրանց, որոնց շնորհիվ կարող էին ճիշտ որոշումներ կայացնել։ Ահա իսրայելացի դատավորներին տրված այդ առաջնորդություններից մի քանիսը։
Մանրակրկիտ հետազոտություն արա։ Մովսեսի միջոցով Աստված իսրայելացի դատավորներին հրահանգ տվեց. «Երբ լսում եք ձեր եղբայրների միջև եղած գործը.... արդարությամբ դատեք» (2 Օրենք 1։16)։ Դատավորները արդար վճիռ կկայացնեն միայն այն դեպքում, եթե ունենան գործին առնչվող բոլոր փաստերը։ Այդ պատճառով Աստված իրավական հարցերով զբաղվողներին պատվիրեց. «Քննիր, հետազոտիր և մանրակրկիտ հարցուփորձ արա այդ մասին»։ Դատավարությունից առաջ դատավորները պետք է հավաստիանային, որ «պարզվել էր», որ քրեական գործի առնչությամբ հարուցված մեղադրանքը «իրոք ճիշտ է» (2 Օրենք 13։14; 17։4)։
Լսիր վկաների ցուցմունքները։ Վկաների տված ցուցմունքները կենսական էին հետաքննություն անելու համար։ Օրենքը դնում էր հետևյալ պայմանը. «Մեկ վկան բավական չէ, որ մարդը մեղադրվի որևէ հանցանքի կամ մեղքի մեջ, ինչ մեղք էլ որ նա գործած լինի։ Գործը կհաստատվի երկու կամ երեք վկայի ցուցմունքներով» (2 Օրենք 19։15)։ Իսկ վկաներին Աստծու Օրենքը պատվիրում էր. «Սուտ լուրեր չտարածես։ Ամբարշտի հետ մի՛ համագործակցիր՝ դառնալով չարիք ծրագրող վկա» (Ելք 23։1)։
Ազնվություն պահանջիր դատավարության ժամանակ։ Դատարանում ստելու համար սահմանված պատիժը սթափեցնում էր բոլոր նրանց, ովքեր առնչվում էին գործին. «Դատավորները պետք է մանրակրկիտ քննեն ամեն ինչ, ու եթե պարզվի, որ վկան կեղծ է և կեղծ մեղադրանք է հարուցել իր եղբոր դեմ, ապա նրան արեք այն, ինչ նա ծրագրել էր անել իր եղբորը։ Հեռացրու չարիքը քո միջից» (2 Օրենք 19։18, 19)։ Փաստորեն, եթե անհատը դատարանում սուտ էր խոսում, որ ստանար ուրիշի ժառանգությունը, պետք է վճարեր համարժեք գումար կամ սեփականություն։ Եթե նա ստում էր՝ նպատակ ունենալով, որ անմեղը մահվան մատնվեր, ապա ինքը կզրկվեր իր կյանքից։ Այս առաջնորդությունը զորեղ մղիչ ուժ էր ճիշտը ասելու համար։
Դատելիս կողմնապահություն մի՛ արա։ Երբ դատավորները իրենց ձեռքի տակ ունենում էին բոլոր հնարավոր ապացույցները, խորհրդակցում էին իրար հետ՝ վճիռ կայացնելու համար։ Այդ ընթացքում հատկապես կարևոր էր հաշվի առնել Աստծու Օրենքի հետևյալ ակնառու մանրամասնությունը. «Խեղճի հետ կողմնապահությամբ չվարվես և նախապատվությունը մեծավորին չտաս։ Դրացուդ արդարությամբ դատիր» (Ղևտական 19։15)։ Բոլոր դեպքերում դատավորները պետք է որոշում կայացնեին բուն գործի հետ կապված և ոչ թե հիմնվեին մարդկանց արտաքինի կամ սոցիալական դիրքի վրա։
Այս սկզբունքները, որ դարեր առաջ հստակ նշված են եղել Իսրայելին տրված Աստծու Օրենքում, շարունակում են օգտակար լինել այսօրվա դատարաններում։ Դրանց հետևելով՝ կարելի է խուսափել անվավեր դատավարություններից և դատական սխալներից։
ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՈՐՆ ՕԳՈՒՏՆԵՐ ՍՏԱՑԱՎ ԻՍԿԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Մովսեսը իսրայելացիներին հետևյալ հարցը տվեց. «Կա՞ մի մեծ ազգ, որն ունենա այնպիսի արդար կանոններ ու դատավճիռներ, որոնք նման են այս ամբողջ օրենքին, որ այսօր դնում եմ ձեր առաջ» (2 Օրենք 4։8)։ Իսկապես, ուրիշ ոչ մի ազգ այդպիսի օգուտներ չէր վայելում։ Սողոմոն թագավորի իշխանության ներքո, որն իր երիտասարդության տարիներին ձգտում էր կատարել Եհովայի օրենքները, ժողովուրդը «ապրում էր ապահովության մեջ», վայելում էր խաղաղություն ու բարեկեցություն, «ուտում, խմում և ուրախանում» էր (1 Թագավորներ 4։20, 25)։
Ցավոք, իսրայելացիները ի վերջո թիկունք դարձրին իրենց Աստծուն։ Երեմիա մարգարեի միջոցով Աստված ասաց. «Նրանք մերժել են Եհովայի խոսքը, էլ ո՞րն է նրանց իմաստությունը» (Երեմիա 8։9)։ Հետևանքը եղավ այն, որ Երուսաղեմը դարձավ «արյունապարտ քաղաք»՝ լի «գարշելի բաներով»։ Ի վերջո, այն ավերվեց ու 70 տարի ամայի մնաց (Եզեկիել 22։2; Երեմիա 25։11)։
Եսայիա մարգարեն ապրում էր Իսրայելի պատմության անախորժություններով լի ժամանակներում։ Հետ նայելով՝ նա մղվեց կարևոր ճշմարտություն հայտնելու Եհովա Աստծու ու նրա Օրենքի մասին. «Երբ երկրի վրա իրագործվում են քո դատաստանները, նրա բնակիչները արդարություն են սովորում» (Եսայիա 26։9)։
Հուրախություն իրեն՝ Եսայիան սուրբ ոգուց ներշնչվեց մարգարեանալու Մեսիական Թագավորի՝ Հիսուս Քրիստոսի ղեկավարման մասին. «Նա չի դատի միայն իր աչքի տեսածով և չի հանդիմանի զուտ իր ականջի լսածով։ Խեղճերին արդարությամբ կդատի և հօգուտ երկրի հեզերի արդարամտությամբ հանդիմանություն կանի» (Եսայիա 11։3, 4)։ Ի՜նչ հրաշալի հեռանկար բոլոր նրանց համար, ովքեր Աստծու Թագավորության ներքո կդառնան Մեսիական Թագավորի հպատակները (Մատթեոս 6։10)։
^ պարբ. 6 «Հովսափատ» անունը նշանակում է «Եհովան Դատավոր է»։