ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
Ինչո՞ւ է Հիսուսը կոչվում Աստծու Որդի
Զավակներ ունենալու համար Աստված կարիք չունի կին ունենալու, քանի որ նա է ամեն կենդանի արարածի Ստեղծիչը։ Մարդկանց նա ստեղծել է իր հատկություններն ընդօրինակելու ունակությամբ։ Այդ իսկ պատճառով առաջին մարդը՝ Ադամը, կոչվում է Աստծու որդի։ Հիսուսն էլ, ստեղծված լինելով այն նույն հատկություններով, որոնք ունի իր Հայրը, նույնպես կոչվում է Աստծու Որդի (կարդա՛ Ղուկաս 3։38; Հովհաննես 1։14, 49)։
Ե՞րբ է ստեղծվել Հիսուսը
Աստված Հիսուսին ստեղծել է նախքան Ադամին արարելը։ Իրականում, նա ամենաառաջինը Հիսուսին է ստեղծել և հետո նրա հետ՝ հրեշտակներին ու մնացած բոլոր բաները։ Այդ պատճառով Աստվածաշունչը Հիսուսին անվանում է Աստծու կողմից «բոլոր ստեղծվածների մեջ անդրանիկը» (կարդա՛ Կողոսացիներ 1։15, 16)։
Նախքան Բեթլեհեմում ծնվելը Հիսուսը որպես ոգեղեն էակ ապրել է երկնքում։ Երբ ժամանակը եկավ, Աստված Հիսուսի կյանքը երկնքից փոխադրեց Մարիամի արգանդը, որպեսզի նա կարողանար ծնվել որպես մարդ (կարդա՛ Ղուկաս 1։30–32; Հովհաննես 6։38; 8։23)։
Ինչո՞ւ Աստված այնպես արեց, որ Հիսուսը ծնվի երկրի վրա որպես մարդ։ Ի՞նչ հատուկ դեր պետք է նա ունենար։ Այս հարցերի պատասխանները դու կարող ես գտնել Աստվածաշնչում։ Դա կօգնի, որ ավելի լավ հասկանաս և գնահատես այն, ինչ արել են Աստված և Հիսուսը անձամբ քեզ համար։