Նամակ Բենինից
Հիմա ի՞նչ եմ անելու...
ԱՌԱՎՈՏ էր, ինչպիսին որ սովորաբար լինում է Արևմտյան Աֆրիկայում։ Տարածվում էր եփվող բրնձի և եռացող սոուսների անուշ բույրը։ Փողոցներով անցնում էին կանայք՝ գլուխներին մեծ կապոցներ դրած։ Զարմանալի է, թե ինչպես են կարողանում այդքան մեծ բեռներ առանց վայր գցելու տանել։ Ինչ-որ մեկի սրտաբուխ քրքիջը միախառնվեց ընդհանուր ժխորին։ Չնայած օրվա այդ վաղ ժամին՝ արևն արդեն հուր էր թափում։
Երեխաները, յովո (սպիտակամորթ մարդ) տեսնելով, սկսեցին երգ ասել ու պար բռնել։ Երգի առաջին բառերն էին՝ «Յո՛վո, յո՛վո, բոն սուաղ», իսկ վերջում ասում էին. «Երգի համար նվեր չե՞ք տալիս»։ Տղաներից մեկը չէր երգում։ Նա եկավ իմ հետևից և ձեռքերով նշան արեց։ Դա նման էր ժեստերի լեզվի։ Միացյալ Նահանգներում սովորել էի ամերիկյան ժեստերի լեզվի տառերը, բայց Բենինը ֆրանսախոս երկիր է։
Մի կերպ փորձեցի անվանս ութ տառերը ժեստերով ցույց տալ։ Տղան ուրախ ժպտաց։ Նա բռնեց ձեռքս ու նեղ փողոցներով տարավ ինձ իրենց տուն, որը բետոնե աղյուսներից կառուցված երկու սենյականոց շինություն էր։ Ողջ ընտանիքն իմ շուրջը հավաքվեց։ Բոլորը ժեստերի լեզվով էին խոսում։ Ի՞նչ էի անելու։ Ժեստերով ասացի անունս և գրեցի, որ միսիոներ եմ՝ Աստվածաշունչ եմ սովորեցնում և որ նորից կայցելեմ նրանց։ Հարևաններից ոմանք, ովքեր լսում էին, նույնպես ցանկացան, որ այցելեմ իրենց։ Ինձ միայն մի հարց էր տանջում. «Հիմա ի՞նչ եմ անելու»։
Տունդարձի ճանապարհին մտածում էի, որ նրանց այնպիսի մեկն է պետք, ով կկարողանա օգնել իմանալու Աստծու խոստման մասին. «Խուլերի ականջները կբացվեն» (Եսայիա 35։5)։ Որոշ փնտրտուքների արդյունքում գտա, որ ըստ վերջին հաշվարկի՝ Բենինում 12000 խուլ և լսողության խնդիր ունեցող անհատներ կան գրանցված։ Շատ զարմացա, երբ իմացա, որ այստեղ ոչ թե ֆրանսիական, այլ ամերիկյան ժեստերի լեզուն է ուսուցանվում խուլերի դպրոցներում։ Բայց, ցավոք, այդ լեզուն իմացող Եհովայի վկա չկար։ Մի օր, հոգոց հանելով, ասացի տեղի Վկաներից մեկին. «Երանի՜ թե ամերիկյան ժեստերի լեզուն իմացող մեկը գար և օգներ»։ Նա պատասխանեց. «Բայց չէ՞ որ դու այստեղ ես»։ Նա ճիշտ էր։ Ես ինքնուսույց և Եհովայի վկաների կողմից թողարկված DVD-ներ պատվիրեցի։ Շուտով ստացա նաև իմ աղոթքների պատասխանը։ Կամերունից Բենին տեղափոխվեց մի Վկա, որը լավ գիտեր այդ լեզուն։
Արագորեն լուրեր տարածվեցին, որ ես ժեստերի լեզուն եմ սովորում։ Ինձ ասացին, որ այցելեմ Բրիս անունով մի նկարչի։ Նրա արհեստանոցը արմավենու ճյուղերից հյուսված հյուղակ էր, որտեղ բավականին հով էր։ Տարիների ընթացքում նկարչի վրձինը արհեստանոցի պատերը լցրել էր ծիածանի գույներով, քանի որ երբ նա ուզում էր մաքրել վրձինը, պատին էր քսում։ Նա թափ տվեց աթոռների վրայի փոշին և հայացքը դեպի ինձ ուղղեց՝ սպասելով, թե ինչ պետք է անեմ։ Ես մի DVD դրեցի իմ նվագարկչի մեջ և միացրի այն։ Նա իր աթոռն ավելի մոտեցրեց փոքր էկրանին։ «Ես հասկանում եմ, հասկանում եմ»,— ժեստերի միջոցով ասաց նա։ Հարևանությամբ ապրող երեխաները հավաքվել և վզերը երկարած՝ նայում էին։ Նրանցից մեկը զարմացած հարցրեց. «Ինչո՞ւ են առանց ձայնի նայում»։
Ամեն անգամ, երբ այցելում էի Բրիսին, DVD նվագարկչի շուրջն ավելի շատ մարդ էր հավաքվում։ Շատ չանցած՝ Բրիսը և ուրիշներ սկսեցին հաճախել մեր քրիստոնեական հանդիպումներին, որտեղ փորձում էի ծրագիրը թարգմանել նրանց համար։ Դա մեծապես նպաստեց ժեստերի լեզուն սովորելու իմ առաջադիմությանը։ Հետաքրքրվողների խումբն ավելի էր մեծանում, ոմանք նույնիսկ փնտրում էին ինձ։ Օրինակ՝ մի օր, երբ իմ հին մեքենայով գնում էի, դիմացս այծեր ու խոզեր դուրս եկան։ Նրանցից խույս տալու համար ղեկն այս ու այն կողմ էի թեքում և հայտնվում փոսերում։ Մեքենայիս շարժիչը տարօրինակ ձայն էր հանում։ Մեկ էլ հանկարծ հետևի կողմից դրմփոց լսվեց։ «Օ՜, ո՛չ,— մտածեցի ես,— հիմա՛ ինչ եղավ»։ Շրջվելով տեսա մի խուլ մարդու, որը վազում էր մեքենայի հետևից, և որպեսզի ես նրան նկատեմ, ամենալավ միջոցը համարել էր մեքենային հարվածելը։
Ամերիկյան ժեստերի լեզվով խմբեր կազմավորվեցին նաև մյուս քաղաքներում։ Երբ որոշվեց, որ մարզային համաժողովի ծրագիրը պետք է թարգմանվի ժեստերի լեզվով, ես ընդգրկվեցի թարգմանիչների մեջ։ Երբ կանգնեցի բեմի վրա և սպասում էի ելույթի սկսվելուն, մի պահ մտքով տեղափոխվեցի այն օրերը, երբ նոր էի սկսել իմ ծառայությունը այստեղ։ Այդ ժամանակ մտածում էի, թե որպես միսիոներ ի՞նչ կարող եմ անել Աֆրիկայում։ Պատասխանն այժմ հստակ է՝ լինել միսիոներ, ով կօգնի խուլ մարդկանց։ Այլևս չեմ մտահոգվում՝ «հիմա ի՞նչ եմ անելու»։