Մեր ընթերցողները հարցնում են
Կրոնը ինքնախաբեության միջո՞ց է
Ոմանք խնդիրների բախվելիս փորձում են անտեսել իրականությունը և մերժում են առողջ դատողությունը։ Նրանք ինքնախաբեությամբ են զբաղվում՝ այնպիսի բաներ անելով, որոնք ժամանակավոր հանգստություն են բերում։ Օրինակ՝ որոշ մարդիկ ալկոհոլ են օգտագործում, որպեսզի մոռանան իրենց խնդիրները։ Սկզբում ալկոհոլը գուցե փոքր-ինչ վստահությամբ լցնի մարդուն և նրան թվա, թե ի զորու է կրելու կյանքի դժվարությունները։ Բայց նրանք, ովքեր փորձում են իրենց խնդիրների լուծումը ալկոհոլի մեջ գտնել, ի վերջո վնասում են իրենց։ Կարելի՞ է նույնը ասել կրոնի մասին։
Ոմանք հավատ ունեցող մարդկանց դյուրահավատ են համարում։ Նրանք ասում են, որ այդպիսի մարդիկ չեն ուզում մտածել և թույլ չեն տալիս, որ փաստերը ազդեն իրենց համոզմունքների վրա։ Այսպիսի սկեպտիկները կարծում են, որ նրանք, ովքեր մեծ հավատ ունեն, պարզապես անտեսում են իրականությունը։
Աստվածաշունչը մեզ չի խրախուսում դյուրահավատ լինել կամ կուրորեն հավատալ, ոչ էլ դրդում է մտային ծուլության։ Ընդհակառակը՝ Աստծու Խոսքը անփորձ է անվանում այն մարդկանց, ովքեր հավատում են ամեն խոսքի, և նրանց նույնիսկ հիմար է կոչում (Առակներ 14։15, 18)։ Իսկապես, հիմարություն կլինի ցանկացած գաղափար որպես ճշմարտություն ընդունել՝ առանց փաստերը ստուգելու։ Դա նման կլինի փակ աչքերով փողոցն անցնելուն, ինչ է թե մեկը ասել է այդպես անել։
Աստվածաշունչը հորդորում է փոխաբերական աչքերը բաց պահել՝ աչալուրջ լինել, որպեսզի մեզ չխաբեն (Մատթեոս 16։6)։ Մենք մեր աչքերը բաց ենք պահում՝ գործի դնելով «բանականությունը» (Հռոմեացիներ 12։1)։ Աստվածաշունչը սովորեցնում է մեզ մտածել փաստերի մասին և դրանց հիման վրա եզրահանգում անել։ Քննենք Պողոս առաքյալի բերած մի քանի օրինակներ։
Երբ Պողոս առաքյալը գրեց Հռոմի ժողովի անդամներին, չէր ուզում, որ նրանք Աստծուն հավատային միայն այն պատճառով, որ ինքն է ասում։ Ընդհակառակը՝ նա հորդորում էր նրանց քննել փաստերը, որ Աստված իրական անձնավորություն է։ Նա գրեց. «Նրա [Աստծու] անտեսանելի հատկությունները, այսինքն՝ նրա հավերժական զորությունն ու աստվածությունը, հստակ երևում են աշխարհի արարումից ի վեր, որովհետև դրանք տեսնվում են ստեղծված բաների միջոցով, այնպես որ նրանք [ովքեր մերժում են Աստծու գերիշխանությունը] արդարացում չունեն» (Հռոմեացիներ 1։20)։ Պողոսը նույն ձևով տրամաբանեց, երբ եբրայեցիներին գրեց. «Անշուշտ, ամեն տուն ինչ-որ մեկի կողմից է կառուցվում, բայց ով բոլոր բաները կառուցեց, Աստված է» (Եբրայեցիներ 3։4)։ Իսկ Թեսաղոնիկեում ապրող քրիստոնյաներին ուղղված իր նամակում Պողոսը հորդորեց ընտրողաբար վերաբերվել նրան, ինչին հավատում են։ Նա ցանկանում էր, որ նրանք «հավաստիանան ամեն ինչում» (1 Թեսաղոնիկեցիներ 5։21)։
Հավատը, որը հիմնված չէ հստակ փաստերի վրա, կարող է դառնալ ինքնախաբեության մի ձև, ինչը անհատին կմոլորեցնի և կվնասի։ Իր օրերում ապրող այն մարդկանց մասին, ովքեր հավատ ունեին, Պողոսը գրեց. «Ես վկայում եմ նրանց, ովքեր Աստծու հանդեպ նախանձախնդրություն ունեն, բայց ոչ ճշգրիտ գիտելիքների համաձայն» (Հռոմեացիներ 10։2)։ Ուստի անչափ կարևոր է հետևել Հռոմի ժողովին տված Պողոսի այս խորհրդին. «Վերափոխվեք՝ նորոգելով ձեր միտքը, որպեսզի հավաստիանաք, թե որն է Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը» (Հռոմեացիներ 12։2)։ Եթե մեր հավատը հիմնված է Աստծու մասին ճշգրիտ գիտելիքների վրա, այն ոչ թե ինքնախաբեության միջոց կլինի, այլ «մեծ վահան», որը կպաշտպանի մեզ թե՛ զգացական, թե՛ հոգևոր վնասներից (Եփեսացիներ 6։16)։