Կոռուպցիա. ի՞նչ մասշտաբների է հասնում
«Մեր ընկերությունը կառավարության համար ծառայություններ է իրականացնում։ Սակայն հաճախ երկու կամ երեք ամիս պետք է սպասենք, մինչև որ վճարեն այդ ծառայությունների դիմաց։ Վերջերս կառավարության աշխատողներից մեկը զանգահարեց և ասաց, որ եթե ուզում ենք շուտ ստանալ փողը, պետք է դրա մի մասը նրան տանք» (ՋՈՆ) *։
ԵՐԲԵՎԷ դարձե՞լ ես կոռուպցիայի զոհը։ Նույնիսկ եթե Ջոնի իրավիճակում չես հայտնվել, այնուամենայնիվ, կրած կլինես կոռուպցիայի հետևանքները։
Ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն կազմակերպության 2011թ. կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) *՝ «ընդգրկված 183 պետությունների ու տարածքների մեծ մասի ԿԸՀ արժեքները 5-ից ցածր են 0-ից 10 սանդղակով, որտեղ 0-ն բացարձակապես կոռումպացված, իսկ 10-ը բացարձակապես չկոռումպացված լինելու ընկալումն է»։ 2009թ. հաշվետվությունը ցույց տվեց, որ կոռուպցիան առկա է աշխարհի բոլոր մասերում։ ԹԻ-ն ընդունեց հետևյալ փաստը. «Աշխարհի ոչ մի երկիր պաշտպանված չէ կոռուպցիայից»։
«Կոռուպցիան իշխանության չարաշահումն է հօգուտ սեփական շահի։ Կոռուպցիայի զոհ կարող է դառնալ յուրաքանչյուր ոք, ում կյանքը, ապրուստը և երջանկությունը կախված են նրանից, թե որքան ազնիվ կլինեն իշխանություն ունեցող մարդիկ» («ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ»)
Որոշ դեպքերում կոռուպցիայի հետևանքները կարող են աղետալի լինել։ Օրինակ՝ «Թայմ» ամերիկյան հանդեսում նշվում էր, որ 2010թ.-ին Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ մեծ թվով մարդկանց մահվան պատճառը մասամբ «կոռուպցիան և անբարեխղճությունն» են եղել։ Նաև նշվում էր, որ այնտեղ շինարարական գծով փորձագետներին հաճախ կաշառք է տրվում և շինարարությունն իրականացվում է առանց ինժեներների կողմից հաստատված նախագծի։
Հնարավո՞ր է արդյոք հիմնովին վերացնել կոռուպցիան։ Այս հարցին պատասխանելու համար նախ պետք է իմանանք, թե որոնք են կոռուպցիայի հիմնապատճառները։
^ պարբ. 2 Անունը փոխված է։
^ պարբ. 4 «Կոռուպցիայի ընկալման համաթվի միջոցով չափվում է կոնկրետ երկրի պետական համակարգում կոռուպցիայի մակարդակը» («Թրանսփարենսի ինթերնեշնլ»)։