Մոտեցեք Աստծուն
«Հինավուրցը նստեց»
«ՈՉ ՄԻ մարդ երբևէ չի տեսել Աստծուն»,— ասում է Աստվածաշունչը (Հովհաննես 1։18)։ Աստված այնքան փառահեղ է, որ միս ու արյունից ոչ մի արարած չի կարող տեսնել նրան ու կենդանի մնալ (Ելք 33։20)։ Սակայն, ինչպես նշված է Աստվածաշնչում, Եհովան ընտրված մարդկանց մի քանի անգամ տեսիլք է տվել երկնային ոլորտի վերաբերյալ։ Այդպիսի առանձնաշնորհում ունեցավ Դանիել մարգարեն։ Այն, ինչ տեսավ Դանիելը, անկասկած, ակնածանքով լցրեց նրան։ Այդ տեսիլքի մասին կարդալով, ինչ խոսք, նույն զգացումով կլցվենք նաև մենք։ Տեսնենք, թե ինչ է նա նկարագրում այդ տեսիլքում * (կարդա՛ Դանիել 7։9, 10)։
«Հինավուրցը»։ «Հինավուրց» տիտղոսը, որը միայն Դանիելն է օգտագործել, մատնացույց է անում «երկար տարիներ ապրած մեկին» (Դանիել 7։9, 13, 22)։ Որքա՞ն երկար է ապրել Եհովան։ Քանի որ նա «հավիտենության Թագավորն» է, չունի սկիզբ և չունի վերջ (1 Տիմոթեոս 1։17; Հուդա 25)։ Աստծու հավիտենական գոյությունը վստահեցնում է մեզ, որ նա անսահման իմաստություն ունի, քանի որ Աստվածաշունչը տարիքը կապում է իմաստության հետ (Հոբ 12։12)։ Ինչ խոսք, հավիտենության գաղափարը դժվար է մեր սահմանափակ ուղեղով ընկալել։ Այդ դեպքում պե՞տք է ակնկալենք, որ կկարողանանք լիովին ընկալել անզուգական իմաստության տեր Աստծու էությունը (Հռոմեացիներ 11։33, 34)։
Ուշադրություն դարձրու, որ Հինավուրցը «նստեց»։ Ինչո՞ւ։ Համատեքստը հուշում է պատասխանը՝ օգտագործելով «Ատյան» և «դատավճիռ» բառերը (Դանիել 7։10, 22, 26)։ Ուստի տեսիլքում Եհովան նստած էր որպես Դատավոր։ Ո՞ւմ էր նա դատելու։ Երկրի ազգերին՝ համաձայն այն տեսիլքի, որ Դանիելը տեսել էր ավելի վաղ։ Այդ տեսիլքում ազգերը գազանների տեսքով էին ներկայացվում * (Դանիել 7։1–8)։ Իսկ ինչպիսի՞ Դատավոր է Եհովան։
«Նրա հանդերձը ձյան պես սպիտակ էր, իսկ գլխի մազերը մաքուր բրդի պես էին»։ Սպիտակը խորհրդանշում է արդարություն և մաքրություն։ Որոշ տեսակի ոչխարներ սպիտակ բուրդ ունեն։ Հետևաբար այն, որ մազերը բրդի պես էին, նշանակում է՝ սպիտակ էին։ Փորձիր պատկերացնել այն, ինչ տեսնում էր Դանիելը։ Տեսնո՞ւմ ես սպիտակ մազերով Դատավորին՝ ձյունաճերմակ հանդերձով։ Այս նկարագրությունը վստահեցնում է մեզ, որ Եհովայի դատավճիռները արդար են և իմաստուն։ Նա մի այնպիսի Դատավոր է, որ արժանի է լիարժեք վստահության և խոր հարգանքի։
Նա մի այնպիսի Դատավոր է, որ արժանի է լիարժեք վստահության և խոր հարգանքի
«Հազար հազարներ ծառայում էին նրան, և բյուր բյուրեր կանգնած էին նրա առաջ»։ Ովքե՞ր էին այս երկնային էակները։ Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ հրեշտակներն Աստծու ծառաներն են (Սաղմոս 104։4)։ Հարյուր միլիոնավոր այս հրեշտակները զբաղված են նրա խոսքը և կամքը կատարելով (Սաղմոս 103։20, 21)։ Մի՞թե սա ևս չի փաստում Աստծու անսահման իմաստությունը։ Եհովայից բացի ուրիշ ո՞վ կարող էր այնպես անել, որ հսկայական զորքը միլիարդավոր դարեր կազմակերպված ձևով կատարեր իր գործը։
Դանիելի տեսիլքը վստահություն է ներշնչում Եհովա Աստծու՝ Հինավուրցի հանդեպ։ Նրա դատավճիռներն արդար են և իմաստությունը՝ հուսալի։ Մի՞թե չարժե ավելին իմանալ, թե ինչպես կարող ես մոտենալ ամենայն իմաստության Աստծուն։
^ պարբ. 3 Դանիելն իրականում չտեսավ Աստծուն։ Աստված վառ պատկերներ ստեղծեց նրա մտքում։ Եվ Դանիելը պատկերավոր խոսքի միջոցով, այդ թվում նաև մարդակերպություն օգտագործելով, այսինքն՝ Աստծուն մարդկանց հատկանիշներ վերագրելով՝ փորձեց նկարագրել իր տեսածը։ Պատկերավոր խոսքը պետք չէ բառացի հասկանալ։ Այն օգնում է մեզ ընկալելու Աստծու էությունը։
^ պարբ. 5 Այս տեսիլքի բացատրությունը տե՛ս «Ուշադրություն դարձրեք Դանիելի մարգարեությանը» գրքի 9-րդ գլխում (անգլ., ռուս.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։