Մեր ընթերցողները հարցնում են
Եհովայի վկա կանայք սովորեցնո՞ւմ են
Ամբողջ աշխարհում Եհովայի վկաների մեջ կան միլիոնավոր կին-քարոզիչներ։ Նրանք Աստծու Թագավորության բարի լուրը քարոզողների մեծ բազմություն են։ Սաղմոս 68։11-ում այս քարոզիչների մասին մարգարեաբար ասվում է. «Եհովան տալիս է խոսքը. բարի լուրը պատմող կանայք մեծ բանակ են»։
Սակայն Եհովայի վկա կանանց ծառայությունը պետք չէ շփոթել այլ կրոնների կին-հոգևորականների ծառայության հետ։ Նրանց միջև կա մեծ տարբերություն։ Տեսնենք, թե որն է դա։
Նրանց լսարանը տարբեր է։ Քրիստոնեական աշխարհի կին-հոգևորականները առաջնորդություն են վերցնում իրենց ժողովներում, և նրանց հիմնական լսարանը իրենց հոտի անդամներն են։ Սակայն Եհովայի վկա կին-քարոզիչները քարոզում են ժողովից դուրս՝ հանրորեն, այն մարդկանց, որոնց հանդիպում են տնից տուն կամ այլ վայրերում քարոզելիս։
Եհովայի վկա կանայք մյուս կրոնների կին-հոգևորականներից տարբերվում են նաև ժողովում ունեցած իրենց գործունեությամբ։ Քրիստոնեական աշխարհի կին-հոգևորականները առաջնորդում են հոտը և սովորեցնում իրենց եկեղեցու անդամներին։ Իսկ Եհովայի վկա կանայք ժողովում չեն սովորեցնում, երբ ներկա են մկրտված տղամարդիկ։ Այդ գործը անում են միայն ուսուցանելու համար նշանակված տղամարդիկ (1 Տիմոթեոս 3։2; Հակոբոս 3։1)։
Աստվածաշունչը նշում է, որ միայն տղամարդիկ են պատասխանատու ժողովում առաջնորդություն վերցնելու համար։ Տեսնենք, թե Պողոս առաքյալը ինչ գրեց իր համագործակից Տիտոսին, որը վերակացու էր. «Քեզ թողեցի Կրետեում այն բանի համար, որ.... ամեն քաղաքում երեցներ նշանակես»։ Ապա ավելացրեց, որ այդ նշանակումը ստանալու համար յուրաքանչյուր տղամարդ պետք է «զերծ [լինի] մեղադրանքից, մեկ կնոջ ամուսին» (Տիտոս 1։5, 6)։ Պողոսն իր նամակում նույն հորդորը տվեց Տիմոթեոսին. «Եթե որևէ մեկը ձգտում է վերակացուի պարտականության, լավ գործի է ձգտում։ Ուստի վերակացուն պետք է լինի անպարսավելի, մեկ կնոջ ամուսին.... սովորեցնելու համար որակյալ» (1 Տիմոթեոս 3։1, 2)։
Ինչո՞ւ են ժողովում պատասխանատվություններ ստանում միայն տղամարդիկ։ Պողոս առաքյալն ասում է. «Թույլ չեմ տալիս, որ կինը սովորեցնի կամ իշխանություն բանեցնի տղամարդու վրա, այլ թող լուռ մնա, քանի որ առաջինը Ադամը ստեղծվեց, հետո նոր Եվան» (1 Տիմոթեոս 2։12, 13)։ Այսպիսով՝ ստեղծագործության հաջորդականությունը ցույց է տալիս, թե Աստված ինչու է վերակացություն անելու և սովորեցնելու պատասխանատվությունը տվել տղամարդկանց։
Եհովայի ծառաները հետևում են իրենց Առաջնորդի՝ Հիսուս Քրիստոսի օրինակին։ Ղուկաս աշակերտը Հիսուսի ծառայության մասին գրել է. «Նա շրջում էր քաղաքից քաղաք և գյուղից գյուղ՝ քարոզելով ու հռչակելով Աստծու թագավորության բարի լուրը»։ Հետագայում Հիսուսը նույն գործը անելու համար ուղարկեց իր հետևորդներին. «Նրանք ճանապարհ ընկան ու սկսեցին շրջել գյուղից գյուղ՝ ամեն տեղ բարի լուրը քարոզելով» (Ղուկաս 8։1; 9։2–6)։
Այսօր Եհովայի վկաները՝ թե՛ կին, թե՛ տղամարդ, ակտիվ մասնակցում են այն գործին, որի մասին Հիսուսը կանխագուշակել էր. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթեոս 24։14)։