Մեր ընթերցողները հարցնում են
Առաջին դարի քրիստոնյաները մասնակցո՞ւմ էին քաղաքականությանը
▪ Նախքան երկինք գնալը Հիսուսը իր առաքյալներին հստակ հրահանգներ տվեց, թե ինչպես կատարեն իրենց ծառայությունը։ Սակայն նա ոչ մի պատվեր չտվեց քաղաքականության վերաբերյալ (Մատթեոս 28։18–20)։ Ուստի նրա աշակերտները ապրում էին այն սկզբունքով, որը Հիսուսը տվել էր ավելի վաղ. «Կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն» (Մարկոս 12։17)։
Ինչպե՞ս էին նրանք որոշում, թե ինչն է պատկանում կայսրին, այսինքն՝ պետությանը, և ինչը՝ Աստծուն։ Ինչպե՞ս է այս սկզբունքը օգնել Հիսուսի հետևորդներին ապրել աշխարհում և միաժամանակ չլինել նրա մի մասը։
Պողոս առաքյալը քաղաքականությանը մասնակցելը համարում էր շեղում Հիսուսի տված այդ սկզբունքից։ Մի գրքում ասվում է. «Պողոսը իր հռոմեական քաղաքացիությունն օգտագործեց իրավական պաշտպանություն ստանալու համար, բայց նա ամենևին էլ չմասնակցեց քաղաքական հարցերի քննարկումներին» (Beyond Good Intentions— A Biblical View of Politics)։
Ի՞նչ առաջնորդություն տվեց Պողոսը իր հավատակիցներին։ Նույն գրքում ասվում է. «Իր այն նամակներում, որոնք նա գրեց այնպիսի կարևոր քաղաքներում ապրող հավատակիցներին, ինչպիսիք էին Կորնթոսը, Եփեսոսը և անգամ Հռոմը, քաղաքական հարցերի նկատմամբ հետաքրքրության նշույլ անգամ հնարավոր չէ գտնել»։ Գրքում նաև ասվում է, որ Պողոսը «պատվիրեց հնազանդվել պետությանը, բայց իր բազմաթիվ նամակներից և ոչ մեկում նա տեղի եկեղեցուն չհորդորեց որևէ կերպով ազդել հասարակական ինստիտուտների վրա, որպեսզի նրանք այս կամ այն գործելակերպը ընդունեն» (Հռոմեացիներ 12։18; 13։1, 5–7)։
Պողոսի մահից տասնամյակներ անց քրիստոնյաները անշեղորեն շարունակում էին ապրել «կայսրինը՝ կայսրին, և Աստծունը՝ Աստծուն» սկզբունքով։ Նրանք շարունակում էին հարգանքով վերաբերվել իշխանություններին, միևնույն ժամանակ հեռու էին մնում քաղաքական գործունեությունից։ Վերոհիշյալ գրքում այդ քրիստոնյաների մասին ասվում է. «Նրանք գիտեին, որ պետք է հարգեն իշխանությունը, բայց գիտեին նաև, որ չպետք է մասնակցեն քաղաքականությանը»։
Քրիստոսի մահից մոտ 300 տարի անց դրությունը փոխվեց։ Աստվածաբան Չարլզ Վիլյա Վիսենսիոն ասում է. «Երբ Կոստանդինի օրոք քաղաքական կառույցները փոխվեցին, բազմաթիվ քրիստոնյաներ, ըստ ամենայնի, սկսեցին քաղաքացիական ծառայություններ անել, ծառայել բանակում և ստանձնել քաղաքական պաշտոններ» (Between Christ and Caesar)։ Ի՞նչ եղավ դրա հետևանքը։ Չորրորդ դարի վերջում կրոնի և քաղաքականության այս խառնուրդը դարձավ Հռոմեական կայսրության պետական կրոն։
Այսօր բազմաթիվ կրոններ, որոնք պնդում են, թե Քրիստոսի հետևորդներ են, շարունակում են հորդորել իրենց անդամներին մասնակցել քաղաքականությանը։ Սակայն այս կրոնները չեն ընդօրինակում Քրիստոսին, ոչ էլ հետևում են առաջին դարի քրիստոնյաների օրինակին։