Վե՛րջ աղետներին
ԻՆՉՊԵ՞Ս կարձագանքեիք, եթե որևէ մեկը ձեզ ասեր. «Շուտով այլևս աղետներ չեն լինի»։ Դուք գուցե հակադարձեիք. «Դա անհավանական է։ Աղետներ միշտ էլ եղել են ու կլինեն»։ Կամ գուցե մտածեիք. «Ի՞նչ է, ձե՞ռք է առնում ինձ»։
Թեև թվում է, որ բնական աղետներ միշտ էլ լինելու են, մենք բոլոր հիմքերն ունենք հուսալու, որ դրանք մի օր վերջ կգտնեն։ Այդ փոփոխությունը, սակայն, մարդկա՛նց ջանքերով չի լինելու։ Մարդիկ չեն կարող լիովին հասկանալ, թե բնության մեջ ինչու է տեղի ունենում այս կամ այն երևույթը, առավել ևս կառավարել կամ փոխել այն։ Հին Իսրայելի Սողոմոն թագավորը, որը հայտնի էր իր իմաստությամբ և դիտունակությամբ, գրեց. «Մարդիկ չեն կարող ըմբռնել արեգակի տակ կատարվող գործերը։ Ինչքան էլ որ մարդիկ ջանան փնտրել, միևնույնն է, չեն հասկանա։ Նույնիսկ եթե ասեն, թե բավական իմաստուն են դրանք իմանալու համար, միևնույնն է, ի վիճակի չեն հասկանալու» (Ժողովող 8։17)։
Եթե մարդիկ չեն կարող կառավարել բնական աղետները, ապա ո՞վ կարող է դա անել։ Աստվածաշունչն ասում է, որ մեր Արարի՛չը կարող է դա անել, և նա կարո՛ղ է վերջ դնել աղետներին։ Նա է ստեղծել և գործի դրել երկրագնդի էկոլոգիական համակարգերը, ինչպիսին է ջրի շրջապտույտը (Ժողովող 1։7)։ Ի տարբերություն մարդկանց՝ Աստված անսահմանափակ իշխանություն ունի։ Հաստատելով այս միտքը՝ Երեմիա մարգարեն ասաց. «Ո՜վ Գերիշխան Տեր Եհովա, դու ես ստեղծել երկինքն ու երկիրը քո մեծ զորությամբ և քո մեկնած բազկով։ Այդ ամենի մեջ քեզ համար որևէ անհնարին բան չկա» (Երեմիա 32։17)։ Քանի որ Աստված է ստեղծել Երկիրն ու նրա բոլոր տարրերը, տրամաբանական է, որ նա գիտի դրանք կառավարելու ձևը, այնպես, որ մարդիկ երկրի վրա ապրեն խաղաղ և ապահով (Սաղմոս 37։11; 115։16)։
Ինչպե՞ս է Աստված անելու այս փոփոխությունը։ Հավանաբար հիշում եք՝ այս հոդվածաշարի երկրորդ հոդվածում նշվեց, որ մեր օրերում երկրագնդի վրա տեղի ունեցող սարսափելի իրադարձությունները միասին կազմում են մի «նշան», որով բնորոշվում է «աշխարհի վախճանը»։ Հիսուսն ասաց. «Երբ տեսնեք այս բաները կատարվելիս, իմացեք, որ Աստծու թագավորությունը մոտ է» (Մատթեոս 24։3; Ղուկաս 21։31)։ Աստծու Թագավորությունը, որը Աստծու կողմից ստեղծված երկնային կառավարություն է, մեծ փոփոխություններ է կատարելու երկրի վրա և անգամ բնության ուժերն է իր վերահսկողության տակ առնելու։ Թեև Եհովա Աստված ինքը կարող է դա անել, նա որոշել է այդ գործը հանձնարարել իր Որդուն։ Դանիել մարգարեն վերջինիս մասին ասաց. «Նրան տրվեց իշխանություն, պատիվ ու թագավորություն, որպեսզի բոլոր ժողովուրդները, ազգություններն ու լեզուները ծառայեն նրան» (Դանիել 7։14)։
Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոսը, լիազորություն է ստացել անելու բոլոր այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են երկիրը հաճելի բնակավայր դարձնելու համար։ Երկու հազար տարի առաջ Հիսուսը, երբ երկրի վրա էր, փաստեց, որ կարող է ղեկավարել բնության երևույթները։ Մի անգամ, երբ նա իր աշակերտների հետ նավակի մեջ էր Գալիլեայի ծովում, «մի ուժգին փոթորիկ բարձրացավ, ու ալիքները խփվում էին նավակին, այնպես որ նավակը ջրով էր լցվել ու գրեթե ընկղմվում էր»։ Աշակերտները խուճապի մատնվեցին։ Զգալով մահվան վտանգը՝ նրանք դարձան դեպի Հիսուսը։ Ի՞նչ արեց նա։ Քրիստոսը պարզապես «սաստեց քամուն և ծովին ասաց. «Լռի՛ր։ Հանդարտվի՛ր»։ Եվ քամին դադարեց, ու կատարյալ հանդարտություն տիրեց»։ Աշակերտներն ապշահար ասացին. «Այս մարդն ո՞վ է, որ նույնիսկ քամին ու ծովն են հնազանդվում նրան» (Մարկոս 4։37–41)։
Այժմ Հիսուսը ոգեղեն ոլորտում է և մեծ իշխանություն է ստացել։ Նա նշանակվել է Աստծու Թագավորության Թագավոր, ուստի կարող է անել բոլոր այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են երկրի վրա խաղաղ ու ապահով ապրելու համար։
Բայց ինչպես տեսանք, բազմաթիվ խնդիրների և աղետների պատճառը եսասեր ու ագահ մարդիկ են։ Ի՞նչ է անելու Թագավորությունը այն մարդկանց, ովքեր համառորեն չեն ուզում փոխվել։ Աստվածաշունչն ասում է, որ Տեր Հիսուսը իր հայտնության ժամանակ «հայտնվելու է երկնքից իր զորավոր հրեշտակների հետ բոցավառ կրակով՝ վրեժ առնելու նրանցից, ովքեր չեն ճանաչում Աստծուն և չեն հնազանդվում մեր Տեր Հիսուսի մասին բարի լուրին»։ Այո՛, նա «կործանելու է նրանց, ովքեր կործանում են երկիրը» (2 Թեսաղոնիկեցիներ 1։7, 8; Հայտնություն 11։18)։
Դրանից հետո «Թագավորների Թագավորը»՝ Հիսուս Քրիստոսը, լիովին կառավարելու է բնության ուժերը (Հայտնություն 19։16)։ Նա այնպես է անելու, որ Թագավորության հպատակները այլևս երբեք որևէ աղետի չենթարկվեն։ Քրիստոսը կանոնավորելու է մթնոլորտային երևույթները, այնպես որ եղանակները մարդկանց օգտին ծառայեն։ Կիրականանա այն խոստումը, որը Եհովա Աստված տարիներ առաջ տվեց իր ժողովրդին. «Ես ճիշտ ժամանակին ձեզ հորդառատ անձրևներ կտամ, ու երկիրն իր բերքը կտա, և դաշտի ծառերն իրենց պտուղը կտան» (Ղևտական 26։4)։ Մարդիկ տներ են կառուցելու՝ չվախենալով, որ մի օր աղետի պատճառով կկորցնեն դրանք. «Նրանք տներ կշինեն ու կբնակվեն դրանցում, խաղողի այգիներ կտնկեն ու դրանց պտուղը կուտեն» (Եսայիա 65։21)։
Ի՞նչ է ակնկալվում ձեզնից
Անկասկած, ձեզ ևս, ինչպես որ բազմաթիվ մարդկանց, դուր է գալիս աղետներից զերծ աշխարհում ապրելու գաղափարը։ Սակայն ի՞նչ է ակնկալվում ձեզնից այդպիսի աշխարհում ապրելու համար։ Քանի որ Աստված իրեն չճանաչողներին և բարի լուրին չհնազանդվողներին թույլ չի տալու ապրել աղետներից զերծ աշխարհում, հստակ է, որ մարդը պետք է սովորի Աստծու մասին և թիկունք կանգնի Նրա՝ երկրի ղեկավարմանը առնչվող բոլոր միջոցառումներին։ Աստված պահանջում է, որ մենք ճանաչենք իրեն և հնազանդվենք այն Թագավորության մասին բարի լուրին, որը նա հաստատել է իր Որդու միջոցով։
Ինչպե՞ս կարող ենք սա անել։ Լավագույն մեթոդը Աստվածաշունչը մանրակրկիտ ուսումնասիրելն է։ Այն պարունակում է չափանիշներ, որոնց համապատասխանելով՝ կկարողանանք ապրել Թագավորության ներքո՝ ապահով միջավայրում։ Գուցե ցանկանաք դիմել Եհովայի վկաներին՝ իմանալու համար, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը. նրանք պատրաստ են ձեզ օգնելու։ Մի բան հաստատ է. եթե ջանք անեք գիտելիքներ ձեռք բերելու Աստծու մասին և եթե հնազանդվեք բարի լուրին, ձեզ վրա կկատարվեն Առակներ 1։33-ում գրված խոսքերը. «Ով լսում է ինձ, ապահով կբնակվի, և փորձանքի հանդեպ սարսափը նրան չի անհանգստացնի»։