Պե՞տք է արդյոք մկրտել փոքր երեխաներին
Մեր ընթերցողները հարցնում են
Պե՞տք է արդյոք մկրտել փոքր երեխաներին
▪ «Ես վախենում էի, որ իմ փոքրիկ եղբայրը՝ Ջոնը, լիմպոս կընկնի»,— պատմում է Վիկտորիան (համաձայն կաթոլիկական ուսմունքի՝ լիմպոսը մի վայր է, ուր մահից հետո գնում են անկնունք մեռնող երեխաները)։ Ինչո՞ւ էր նա վախենում։ «Ջոնը մահացավ, երբ դեռ չէինք հասցրել մկրտել նրան, և կաթոլիկ քահանան ասաց, որ այդ պատճառով նա հավիտյան կմնա լիմպոսում»։ Այդպիսի «հեռանկարը» իհա՛րկե կարող է վախեցնել, բայց արդյո՞ք դա հիմնված է Աստվածաշնչի վրա։ Աստվածաշունչը սովորեցնո՞ւմ է, որ այն երեխաները, ովքեր մահանում են առանց մկրտվելու, հավիտյան դատապարտված են։
Աստվածաշունչը իսկապես սովորեցնում է, որ քրիստոնյաները պետք է մկրտվեն։ Հիսուսն իր հետևորդներին պատվիրեց. «Աշակերտներ պատրաստեք՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և սուրբ ոգու անունով, սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթեոս 28։19, 20)։ Նկատենք, որ անհատը, որպեսզի մկրտվի, պետք է արդեն աշակերտ լինի, այսինքն՝ նա արդեն սովորել է Հիսուսի մասին և սեփական կամքով որոշել է հետևել նրան, որոշում, որը փոքր երեխաները, անշուշտ, չեն կարող կայացնել։
Բայցևայնպես, շատերը պնդում են, որ Հիսուսի այդ պատվերը վերաբերում է նաև փոքր երեխաներին։ Լյութերական պաստոր Ռիչարդ Բուխերը հայտարարում է. «Ամեն ոք պետք է մկրտվի, այդ թվում նաև փոքր երեխաները։ Չմկրտել երեխաներին նշանակում է նրանց զրկել ներում ստանալու հնարավորությունից և անեծքի տակ գցել»։ Սակայն այսպիսի խոսքերը հակասում են Հիսուսի ուսմունքներին առնվազն երեք առումով։
Առաջին՝ Հիսուսը չի սովորեցրել, որ փոքր երեխաները պետք է մկրտվեն։ Նկատի առնենք հետևյալը։ Նա իր աշակերտներին ջանասիրաբար ուսուցանում էր Աստծու պահանջները, իսկ ժամանակ առ ժամանակ կրկնում էր հիմնական ուսմունքները։ Ինչո՞ւ։ Որպեսզի նրանք լիովին ըմբռնեն իր ասելիքը (Մատթեոս 24։42; 25։13; Մարկոս 9։34–37; 10։35–45)։ Սակայն նա ոչ մի անգամ չի ասել, որ փոքր երեխաները պետք է մկրտվեն։ Գուցե նա մոռացե՞լ էր այդ «պահանջի» մասին։ Դա անհնար է։ Եթե Աստված ուզենար, որ մանուկները մկրտվեն, ապա Հիսուսը անպայման կխոսեր այդ մասին։
Երկրորդ՝ Հիսուսը երբեք չի ասել, որ մարդը մահից հետո տանջվում է։ Նա հավատում էր Սուրբ Գրքին, որտեղ հստակ ասվում է. «Ապրողները գիտակցում են, որ մահանալու են, բայց մահացածները ոչ մի բան չեն գիտակցում» (Ժողովող 9։5)։ Հիսուսը գիտեր, որ մահացածները չեն տանջվում քավարանում, լիմպոսում, դժոխքում կամ որևէ այլ տեղ։ Նա սովորեցնում էր, որ նրանք անգիտակից վիճակում են, կարծես քնած են (Հովհաննես 11։1–14)։
Երրորդ՝ Հիսուսը սովորեցնում էր, որ «բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են», կվերադառնան կյանքի (Հովհաննես 5։28, 29)։ Անկասկած, նրանց թվում կլինեն միլիոնավոր մարդիկ, ովքեր երբեք չեն մկրտվել։ Հարություն առնելով՝ նրանք հնարավորություն կունենան սովորելու Աստծու պահանջների մասին և հավիտյան ապրելու դրախտ-երկրի վրա a (Սաղմոս 37։29)։
Պարզ է, ուրեմն, որ Աստվածաշունչը չի սովորեցնում, թե փոքր երեխաները պետք է մկրտվեն։
[ծանոթագրություն]
a Դրախտ-երկրի և հարության հույսի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 3-րդ և 7-րդ գլուխները։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։