Ճշմարտությունը կարող է փոխել ձեր կյանքը
Ճշմարտությունը կարող է փոխել ձեր կյանքը
ԱՅՍ հոդվածաշարում մենք քննարկեցինք, թե ինչ սխալ գաղափարներ կան Աստծու վերաբերյալ, և հնարավոր է՝ դրանցից որևէ մեկի մասին լսել եք կամ հենց ինքներդ այդ կարծիքին եք։ Այնուամենայնիվ, գուցե վարանում եք փոխել ձեր համոզմունքները, առավել ևս եթե դրանք ձեզ հոգեհարազատ են։
Ձեզ կարելի է հասկանալ։ Որոշ եկեղեցիներ չեն խրախուսում իրենց ուսմունքները համեմատել Աստվածաշնչի հետ։ Մյուսները փորձում են պաշտպանել դրանք՝ ասելով, որ Աստվածաշունչը բարդ գիրք է և բոլորը չէ, որ կարող են հասկանալ այն։ Բայց հետաքրքիր է, որ Հիսուսի առաքյալների մեծ մասը հասարակ մարդիկ են եղել, բարձրագույն կրթություն չեն ստացել, բայց հեշտությամբ հասկացել են, թե ինչ էր նա սովորեցնում (Գործեր 4։13)։
Գուցե դուք չցանկանաք ձեր համոզմունքները վերանայել մեկ այլ պատճառով. հնարավոր է՝ վախենում եք, որ դա ձեզ համար նշանակի թերահավատություն։ Բայց մի՞թե տրամաբանական է մտածել, որ Աստված կբարկանա ձեզ վրա, եթե փորձեք Աստվածաշնչի՝ մարդկությանը ուղղված նրա ուղերձի միջոցով հասկանալ, թե ինչ է նա խնդրում ձեզնից։ Նրա Խոսքը հորդորում է ձեզ անձամբ «հավաստիանալու, թե որն է Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը» (Հռոմեացիներ 12։2)։
Աստծու մասին ճշմարտությունն իմանալը կարևոր է ոչ միայն այն պատճառով, որ դուք նոր բան եք սովորում, այլև այն պատճառով, որ դուք կարող եք բարելավել ձեր կյանքը (Հովհաննես 8։32)։ Դիանը, որի խոսքերը մեջբերվեցին առաջին հոդվածում, իր հավատը կառուցել է Աստծու Խոսքի վրա։ Նա ասում է. «Երբ դեռ չէի ուսումնասիրում Աստվածաշունչը, այն ինձ համար մի լաբիրինթոս էր։ Այժմ ես ճանաչում եմ Եհովային։ Նա ինձ համար այլևս անդեմ Աստված չէ. նա իմ սիրառատ երկնային Հայրն է։ Ես իրոք գտել եմ կյանքիս իմաստը»։
Գուցե նախկինում ուսումնասիրել եք Աստվածաշունչը, բայց չեք զգացել դրա օգուտը։ Վհատվելու կարիք չկա։ Փորձել հասկանալ Աստվածաշունչը, երբ ձեզ սխալ բաներ են սովորեցրել Աստծու մասին, նման է այն բանին, որ փորձեք հավաքել գլուխկոտրուկ-խճանկարը (փազլ)՝ հետևելով սխալ նկարի։ Գուցե թվա, թե մի քանի կտորներ ճիշտ եք հավաքում, բայց հետո կհամոզվեք, որ դրանք չեն համապատասխանում ամբողջ նկարին։ Իսկ եթե ունենաք ճիշտ նկարը, ապա կհավաքեք հենց այն պատկերը, որը պետք է։
Ցանկանո՞ւմ եք իմանալ ճշմարտությունը Աստծու մասին։ Մենք առաջարկում ենք կապվել ձեր տարածքում ապրող Եհովայի վկաների հետ կամ գրել այս պարբերագրի 4-րդ էջում տրված հասցեներից մեկով՝ Աստվածաշնչի անվճար տնային ուսումնասիրության համար։
[մեջբերում 9-րդ էջի վրա]
«Հավաստիա[ցեք], թե որն է Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐ 12։2)։