Ի՞նչ է Արմագեդոնը
Մեր ընթերցողները հարցնում են
Ի՞նչ է Արմագեդոնը
▪ «Արմագեդոն» բառը շատերի մտքում արթնացնում է զանգվածային ոչնչացման տեսարաններ՝ միջուկային պատերազմ, լայնամասշտաբ տարերային աղետներ և նույնիսկ «շրջակա միջավայրի Արմագեդոն», որի պատճառը գլոբալ տաքացումն է։ Սակայն այս բառը, որ հանդիպում է Աստվածաշնչում, այս ամենի հետ որևէ կապ չունի։ Այդ դեպքում ի՞նչ է Արմագեդոնը։
«Արմագեդոն», կամ՝ «Հար-Մագեդոն» բառը գրված է Աստվածաշնչի «Հայտնություն» գրքում։ Այն մի եզակի պատերազմի՝ «Ամենակարող Աստծու մեծ օրվա պատերազմի» անվանումն է։ Այդ պատերազմում «ողջ բնակեցված երկրի թագավորները» մոբիլիզացնելու են իրենց ուժերը, որպեսզի վճռական ճակատամարտ տան Աստծու դեմ։ Այդ պատերազմի մասին հիշատակվում է նաև աստվածաշնչյան ուրիշ համարներում (Հայտնություն 16։14–16; Եզեկիել 38։22, 23; Հովել 3։12–14; Ղուկաս 21։34, 35; 2 Պետրոս 3։11, 12)։
Ի՞նչ է լինելու այս պատերազմի արդյունքում։ «Հայտնություն» գրքում փոխաբերական լեզվով գրված է. «Եվ տեսա.... երկրի թագավորներին ու նրանց զորքերին՝ միասին հավաքված, որ պատերազմեն ձիու վրա նստածի ու նրա զորքի դեմ»։ «Ձիու վրա նստածը» Աստծու Որդին է՝ Հիսուս Քրիստոսը։ Աստված նրան նշանակել է առաջնորդելու հրեշտակների զորքերը և հաղթելու իր թշնամիներին (Հայտնություն 19։11–16, 19–21)։ Երեմիա 25։33-ում ցույց է տրվում, որ բազմաթիվ անաստված մարդիկ են կործանվելու. «Այդ օրը Եհովայի կողմից սպանվածները երկրի մի ծայրից մինչև երկրի մյուս ծայրը կլինեն»։
Ինչո՞ւ է անհրաժեշտ Արմագեդոն պատերազմը։ Ազգերը, չցանկանալով կորցնել իրենց իշխանությունը, մերժում են Աստծու գերիշխանությունը (Սաղմոս 24։1)։ Նրանց անհնազանդությունը նկարագրված է Սաղմոս 2։2-ում. «Երկրի թագավորները վեր են կացել, և կառավարիչները մեկ մարդու պես ժողովվել են Եհովայի ու նրա օծյալի դեմ»։
Այս ըմբոստները նման են անօրինական բնակիչների, որոնք, առանց որևէ իրավունք ունենալու, համառորեն պնդում են, թե երկրագունդն իրենց է պատկանում։ Ավելին, նրանք անխնա շահագործում են երկրի բնական ռեսուրսները և աղտոտում են շրջակա միջավայրը։ Հայտնություն 11։18-ում ասվում է, որ Աստված «կկործանի նրանց, ովքեր կործանում են երկիրը»։ Արմագեդոնի միջոցով Աստված ցույց կտա, թե ով իրավունք ունի ղեկավարելու մարդկությանը (Սաղմոս 83։18)։
Ե՞րբ է լինելու Արմագեդոնը։ Աստծու Որդին պարզ ասաց. «Այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ երկնքի հրեշտակները, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը» (Մատթեոս 24։36)։ Ռազմիկ-Թագավոր Հիսուս Քրիստոսը նաև հետևյալ նախազգուշացումը տվեց. «Ահա ես գալիս եմ գողի նման։ Երջանիկ է նա, ով արթուն է մնում» (Հայտնություն 16։15)։ Փաստորեն, ամբողջ աշխարհն ընդգրկող այս պատերազմը կապված է Քրիստոսի ներկայության հետ, որը, ըստ Աստվածաշնչի մարգարեությունների, արդեն սկսվել է։
Արմագեդոնին կոչնչացվեն միայն անուղղելի չարագործները, սակայն մարդկանց «մի մեծ բազմություն» կվերապրի այդ պատերազմից (Հայտնություն 7։9–14)։ Նրանք կտեսնեն հետևյալ խոսքերի իրականացումը. «Եվս մի փոքր ժամանակ, և ամբարիշտն այլևս չի լինի, կնայես նրա տեղին, և նա չկա։ Սակայն հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (Սաղմոս 37։10, 11)։
[մեջբերում 10-րդ էջի վրա]
«Հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ»