Արդյո՞ք Աստծու աչքին մի ռասան բարձր է մյուսից
Մեր ընթերցողները հարցնում են
Արդյո՞ք Աստծու աչքին մի ռասան բարձր է մյուսից
▪ Ո՛չ։ Աստվածաշունչը հստակ ասում է. «Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործեր 10։34, 35)։
Այս հարցում Աստծու տեսակետը լիովին տարբերվում է անկատար մարդկանց տեսակետից։ Շատերը մտածում են, որ մի ռասան (սովորաբար իրենցը) ավելի բարձր է, քան մյուսը։ Այդպիսի կանխակալ կարծիք ուներ նաև Չարլզ Դարվինը, որը գրեց. «Կգա ժամանակ.... երբ քաղաքակիրթ ռասաների ներկայացուցիչները գրեթե կվերացնեն բարբարոս ազգերին և կփոխարինեն նրանց»։ Ցավալի է, սակայն շատերը իսկապես դարձել են այն ռասաների զոհը, որոնք իրենց բարձր են դասում մյուսներից։
Կա՞ արդյոք հիմնավոր պատճառ մի ռասան մյուսից բարձր դասելու։ Օրինակ՝ գիտությունը փաստե՞լ է, որ որոշ ռասաներ գենետիկորեն գերազանցում են մյուսներին։ Ընդհակառակը՝ Օքսֆորդի պրոֆեսոր, ծագումնաբան Բրայան Սայքսը նշում է. «Հիմքեր չկան էթնիկական կամ ռասայական դասակարգումներ անելու գենետիկ հողի վրա.... Ինձ միշտ հարցնում են՝ կա՞ արդյոք հունական ԴՆԹ կամ իտալական գեն, սակայն, ինչ խոսք, այդպիսի բան գոյություն չունի.... Մենք բոլորս սերտորեն կապված ենք իրար հետ»։
Նման գիտական փաստերը ներդաշնակ են Աստվածաշնչի տեսակետին։ Աստծու Խոսքը սովորեցնում է, որ Աստված ստեղծել է մեկ տղամարդու և մեկ կնոջ, որոնցից էլ առաջ է եկել ողջ մարդկությունը (Ծննդոց 3։20; Գործեր 17։26)։ Աստծու համար միայն մի ռասա կա՝ մարդկային ռասան։
Եհովան ոչ մի նշանակություն չի տալիս մարդու մաշկի գույնին կամ դեմքի առանձնահատկություններին։ Նրա համար շատ ավելի կարևոր է մարդու փոխաբերական սիրտը, կամ՝ ներքին անձնավորությունը։ Նա ասում է. «Մարդիկ դատում են ուրիշներին՝ ելնելով նրանց արտաքին տեսքից, սակայն ես մարդկանց դատում եմ նրանց սրտի համաձայն» (1 Սամուել 16։7, Contemporary English Version)։ Ինչպե՞ս կարող է այս միտքը հիշելը քաջալերության աղբյուր լինել մեզ համար։
Անկախ ռասայական պատկանելությունից՝ շատերիս ինչ-որ բան դուր չի գալիս մեր արտաքին տեսքի մեջ, չնայած գրեթե անզոր ենք փոխելու այն։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք փոխել ավելի կարևոր մի բան՝ մեր միտքն ու սիրտը (Կողոսացիներ 3։9–11)։ Եթե անկեղծ ենք ինքներս մեզ հետ, ապա կհամաձայնենք, որ հակված ենք մեզ ուրիշ ռասայի ներկայացուցիչներից թեկուզ մի քիչ բարձր դասելու կամ ընդհակառակը՝ ցածր համարելու։ Քանի որ այս տեսակետներից և ոչ մեկը ներդաշնակ չէ Աստծու մտածելակերպին, մենք պետք է ջանք թափենք մեր սրտից արմատախիլ անելու ցանկացած նման զգացում (Սաղմոս 139։23, 24)։
Քանի դեռ ջանում ենք Եհովայի աչքերով նայել ուրիշներին և ինքներս մեզ, ապա կարող ենք վստահ լինել, որ մեր երկնային Հայրը կօգնի մեզ այդ հարցում։ Նրա Խոսքը հիշեցնում է մեզ. «Եհովայի աչքերը դիտում են ողջ երկիրը, որպեսզի նա իր զորությունը ցույց տա հօգուտ նրանց, ում սիրտը ամբողջությամբ իր հետ է» (2 Տարեգրություն 16։9)։ Այս խոսքերը վերաբերում են բոլոր մարդկանց՝ անկախ նրանց ռասայական պատկանելությունից։