Գիտեի՞ք Արդյոք
Գիտեի՞ք արդյոք
Քանի որ Իսրայելում չորային սեզոնը երկար էր տևում, ինչպե՞ս էր բնակչությունը ապահովվում ջրով։
▪ Իսրայելում հոկտեմբերից ապրիլ ընկած ժամանակահատվածում հորդառատ անձրևներ էին տեղում, և անձրևաջրերը հաճախ ողողում էին հեղեղատները։ Սակայն ամռան ամիսներին երբեմն ընդհանրապես անձրև չէր գալիս, և այս հեղեղատները չորանում էին։ Այդ ամիսներին որտեղի՞ց էին իսրայելացիները ջուր հայթայթում իրենց համար։
Նրանք առուներ էին փորում սարալանջերին, որոնց միջով անձրևաջրերը հոսում էին դեպի գետնի տակ փորված խոռոչները՝ ջրամբարները։ Նրանք նաև տների տանիքները այնպիսի թեքությամբ էին շինում, որ անձրևի ժամանակ ջուրը լցվում էր ջրամբարների մեջ։ Շատ ընտանիքներ ունեին իրենց ջրամբարը, որտեղից կարող էին խմելու ջուր վերցնել (2 Թագավորներ 18։31; Երեմիա 6։7)։
Իսրայելացիները օգտվում էին նաև բնական աղբյուրներից։ Բարձրադիր գոտիներում անձրևաջրերը, ներծծվելով հողի մեջ, հասնում էին այնպիսի շերտերի, որոնք անջրանցիկ էին։ Դրանից հետո ջրերը հոսում էին այդ շերտերի վրայով ու դուրս էին գալիս՝ դառնալով բնական աղբյուրներ (եբրայերեն՝ են)։ Հենց այսպիսի աղբյուրների մոտ էին մարդիկ բնակություն հաստատում։ Այս մասին են վկայում որոշ աշխարհագրական անուններ, օրինակ՝ Ենսամյուս, Ենռոգեն, Ենգադի (Հեսու 15։7, 62)։ Երուսաղեմը ջրով ապահովելու համար, օրինակ, ժայռի միջով ջրանցք էր փորվել, որպեսզի աղբյուրների ջուրը հասներ քաղաք (2 Թագավորներ 20։20)։
Իսկ այն վայրերում, որտեղ չկային աղբյուրներ, մարդիկ ջրհորներ էին փորում (եբրայերեն՝ բեեր)։ Այդպիսի մի վայր էր Բերսաբեե քաղաքը, որտեղ ստորգետնյա ջրեր էին գտել (Ծննդոց 26։32, 33)։ Գրող Անդրե Շուրակին նշում է, որ «տեխնիկական հնարքները, որ կիրառել են [իսրայելացիները], առայսօր հիացմունք են պատճառում»։
Հավանաբար ինչպիսի՞ տուն է ունեցել Աբրամը (Աբրահամը)
▪ Աբրամը և իր կինը ապրում էին քաղդեացիների բարգավաճ Ուր քաղաքում։ Սակայն հետևելով Աստծու խոսքին՝ նրանք հեռացան այդ քաղաքից և սկսեցին ապրել վրաններում (Ծննդոց 11։31; 13։12)։ Արդյոք դա լուրջ զոհողություն չէ՞ր նրանց համար։
Իրաքում 1922–1934 թթ. պեղումների ժամանակ Լեոնարդ Վուլին հայտնաբերել է Ուր քաղաքի ավերակները։ Իր գտած շինությունների թվում կային մոտ 73 աղյուսե տներ։ Այս տներից շատերի սենյակները դասավորված էին սալարկված գավիթի շուրջը։ Գավիթի հատակը այնպիսի թեքությամբ էր կառուցված, որ օգտագործված ջուրը հոսում էր դեպի կենտրոնում գտնվող անցքը, ինչի միջով էլ լցվում էր առուն։ Մեծ տներում հյուրերի ննջասենյակները ունեին առանձին զուգարան։ Առաջին հարկում ծառաների ննջասենյակներն էին և խոհանոցները, որտեղ կային օջախներ։ Իսկ վերնահարկի սենյակները նախատեսված էին ընտանիքի անդամների համար։ Վերնահարկ բարձրանում էին աստիճաններով, որոնք տանում էին դեպի գավիթ նայող փայտե պատշգամբ, որտեղից էլ բացվում էին սենյակների դռները։
«Տները.... իրենց սալահատակ գավիթով և սպիտակեցված պատերով, կոյուղու առանձին համակարգով.... բազմաթիվ սենյակներով վկայում են այն մասին, որ քաղաքը բարձր կենսամակարդակ է ունեցել,— գրում է Վուլին։— Եվ այս տներում ապրում էին միջին խավի մարդիկ, օրինակ՝ խանութպաններ, մանրածախ առևտրականներ, գրագիրներ»։
[նկար 19-րդ էջի վրա]
ՋՐԱՄԲԱՐ, ՀՈՐՎՈՏ ՄԵԶԱԴԱ, ԻՍՐԱՅԵԼ
[թույլտվությամբ]
© Masada National Park, Israel Nature and Parks Authority
[նկար 19-րդ էջի վրա]
ԱԲՐԱՀԱՄԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՏԱՆ ԳԾԱՆԿԱՐ
[թույլտվությամբ]
© Drawing: A. S. Whitburn