Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մի՞թե Երկիր մոլորակը կործանվելու է

Մի՞թե Երկիր մոլորակը կործանվելու է

Մի՞թե Երկիր մոլորակը կործանվելու է

«ԱՇԽԱՐՀԻ վերջի մասին ֆիլմերը միշտ հետաքրքրում են մարդկանց»։ Այս խոսքերն ասաց հոդվածագիր Ջոն Սքալզին։ Սակայն ինչո՞ւ են այդ թեմայով ֆիլմերը գրավում հանդիսատեսին։ Սքալզին բացատրում է. «Պատճառն այն է, որ այդ ֆիլմերում ներկայացվում է այն, ինչից մարդիկ վախենում են»։ Հավանաբար կհամաձայնես նրա խոսքերին։ Սակայն արդյոք կա՞ն իրական պատճառներ վախենալու համար, որ երկիրը և նրա վրա եղած կյանքը մի օր կվերանա։

Գրեթե ամեն օր մենք լսում ենք, որ ինչ–որ վայրում բնական աղետը մեծ ավերածություններ է պատճառել։ Այս աղետների սարսափելի տեսագրությունները անընդմեջ ցուցադրվում են հեռուստատեսությամբ և Ինտերնետով։ Նման տեսարաններից հետո դժվար չէ պատկերացնել «աշխարհի կործանումը», որը ներկայացվում է ֆիլմերում։

Գիտնականներն էլ իրենց հերթին են տագնապի մեջ գցում մարդկանց՝ առաջ քաշելով վարկածներ, թե ինչպես կկործանվի Երկիր մոլորակը։ Ոմանք նույնիսկ կանխատեսում են, թե երբ դա տեղի կունենա, ասես սահմանում են, թե որքան ժամանակ դեռ գոյություն կունենա երկրագունդը։ 2008 թ. մարտին տիեզերագիտության վերաբերյալ գիտական մի հանդեսում նշվում էր, որ ըստ մի քանի գիտնականների հաշվարկների՝ մոտ 7,59 միլիարդ տարի հետո արեգակը դեպի իրեն կձգի մեր մոլորակը և կմոխրացնի այն (Monthly Notices of the Royal Astronomical Society)։

Ուստի հարց է ծագում՝ արդյո՞ք երկրագնդի օրերը հաշված են։

Երկրագնդի օրերը հաշվա՞ծ են

Աստվածաշունչը մեզ վստահեցնում է. «Մի ազգ գնում է, եւ մի ազգ գալիս է, բայց երկիրը յաւիտեան կանգնած կայ» (Ժողովող 1։4)։ Եհովա Աստված ամուր «հաստատել է երկիրն իր հիմունքի վերայ, որ տեղիցը չ’շարժուի բնաւ եւ յաւիտեան» (Սաղմոս 104։5)։ Այս խոսքերը, որ գրվել են Աստծու ներշնչմամբ, անհավատալի՞ են թվում քեզ։ Կարո՞ղ ես վստահ լինել, որ երկիրը չի վերանա, թեև գիտնականներն այլ բան են ասում։

Բերենք մի օրինակ։ Մթերային խանութում որոշ մթերքների վրա նշված է պահպանման ժամկետը։ Ո՞վ է որոշում այդ ժամկետը։ Մի՞թե փորձառու և հմուտ խանութպանը։ Իհարկե ոչ։ Այդ ժամկետը որոշում և գրում է այդ մթերքն արտադրող ձեռնարկության մասնագետը։ Մենք վստահում ենք, որ նշված ժամկետը ճիշտ է որոշված, քանի որ հասկանում ենք, որ այդ մթերքի մասին ոչ ոք մասնագետից լավ չգիտի։ Ուստի որքան առավել մենք պետք է վստահենք մեր մոլորակը Ստեղծողին։ Նրա Խոսքում պարզ ասվում է, որ Նա «երկիրը հաստատել է», որ հավիտյան մնա։ Չկա երկրագնդի համար սահմանված ժամկետ ու երբեք չի լինի (Սաղմոս 119։90

Սակայն տեսնում ենք, որ պատասխանատվության զգացում չունեցող մարդիկ աղտոտում են երկիրը։ Բայց մի՞թե դա այնքան կշարունակվի, որ այլևս հնարավոր չի լինի վերականգնել կյանքի համար անհրաժեշտ պայմանները։ Ի տարբերություն մարդկանց՝ Աստված «ամեն բան կարող է» (Յոբ 42։2)։ Այդ պատճառով նա կարող է վստահ ասել. «Իմ բերանից դուրս եկած խօսքը.... պիտի յաջողուի» (Եսայիա 55։11)։ Մենք համոզված ենք, որ «մեզ ստեղծող Տերը» թույլ չի տա, որ ինչ–որ բան խանգարի իրեն իրագործելու իր նպատակը երկրի առնչությամբ (Սաղմոս 95։6)։ Իսկ ո՞րն է այդ նպատակը, և ինչպե՞ս նա կիրականացնի այն։

Աստծու Թագավորությունը կիրագործի նրա նպատակը

Աստծու Խոսքը մեզ վստահեցնում է, որ Աստված երկիրը ստեղծել է նաև «բնակուելու համար» (Եսայիա 45։18)։ Թեև մարդկությունն արդեն հազարավոր տարիներ ապրում է երկրի վրա, սակայն Աստծու կամքը դեռ չի կատարվել։

Եհովան «երջանիկ Աստված է» և «իրավունք է սիրում» (1 Տիմոթեոս 1։11; Սաղմոս 37։28)։ Նրա նպատակն է, որ բոլոր մարդիկ ապրեն երջանիկ և արդար պայմաններում։ Աստված իր մարգարեի միջոցով ասել է, որ մի Թագավորություն կհաստատի երկնքում, որը կիշխի ողջ երկրի վրա (Դանիէլ 2։44)։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, շարունակ խոսում էր Աստծու Թագավորության մասին։ Նա իր աշակերտներին սովորեցրեց աղոթել այդ Կառավարության համար, քանի որ գիտեր, թե ի՜նչ օրհնություններ է այն բերելու երկրի վրա (Մատթեոս 6։9, 10; 24։14)։ Ահա դրանցից մի քանիսը։

Խաղաղություն և ապահովություն կլինի, քանի որ Աստված խոստանում է դադարեցնել բոլոր պատերազմները (Սաղմոս 46։9

Առատ սնունդ կլինի բոլորի համար (Սաղմոս 72։16

Առողջական խնդիրներ չեն լինի, որովհետև «այնտեղի բնակիչը չէ ասելու թէ ես տկար եմ» (Եսայիա 33։24

Մարդիկ այլևս չեն սգա, քանի որ «մահ այլևս չի լինի» (Հայտնություն 21։4

Աստված խոստանում է, որ իր ժողովուրդը տներ կկառուցի և ապահով կբնակվի ու կուրախանա հավիտյան (Եսայիա 65։17–24

Անկասկած կցանկանաս ապրել այսպիսի պայմաններում։ Եհովան անհամբերությամբ սպասում է, թե երբ է իրագործելու իր խոստումները (Եսայիա 9։6, 7)։ Սակայն գուցե հարցնես. «Արդեն հազարավոր տարիներ են անցել, ինչ Աստծու խոստումները գրված են Աստվածաշնչում։ Ինչո՞ւ դրանք դեռ չեն իրականացել»։

Աստծու համբերությունը մեզ փրկության է տանում

Աստծու Խոսքը վստահեցնում է մեզ, որ «Եհովան չի դանդաղում իր խոստման հարցում»։ Այնտեղ բացատրվում է, որ նա համբերություն է դրսևորում մեր հանդեպ։ Ուստի մեզ հորդոր է տրվում «Տիրոջ համբերությունը փրկություն համարել» (2 Պետրոս 3։9, 15)։ Բայց ինչո՞ւ է Աստծու համբերությունը անհրաժեշտ մեր փրկության համար։

Աստված գիտի, որ արդար մարդկանց ապահով ու բարգավաճ կյանք տալուց առաջ պետք է «կործանի նրանց, ովքեր կործանում են երկիրը» (Հայտնություն 11։18)։ Սակայն Եհովան «չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի», քանի որ սիրում է մարդկանց։ Նա համբերությամբ փորձում է «զգուշացնել ամբարշտին իր չար ճանապարհից» և այդ պատճառով նա հոգ է տանում, որ իր Թագավորության լուրը քարոզվի ամբողջ աշխարհում * (Եզեկիէլ 3։17, 18)։ Նրանք, ովքեր դրականորեն են արձագանքում այդ լուրին և իրենց կյանքը համապատասխանեցնում են նրա արդար չափանիշներին, կփրկվեն և հավիտյան կապրեն երկրային դրախտում։

Դեպի Տերը դարձեք, որ փրկվեք

Աստվածաշունչը «բարի լուր» է մեզ հայտնում (Մատթեոս 24։14)։ Այն հայտնում է մեզ Աստծու խոսքը, որն անպայման կկատարվի. երկիրը չի կործանվի։ Դեռ ավելին, Աստվածաշնչի մարգարեությունների համաձայն՝ մենք կարող ենք հավատալ, որ «դեռ մի քիչ ժամանակ էլ, եւ ամբարիշտը չի լինի»։ Շուտով միայն նրանք, ովքեր արդար են Աստծու աչքում, «երկիրը կժառանգեն եւ կուրախանան խաղաղութեան առատութիւնովը» (Սաղմոս 37։9–11, 29; Մատթեոս 5։5; Հայտնություն 21։3, 4)։ Սակայն մինչ այդ Աստված շարունակում է համբերատարությամբ կանչել. «Դէպի ինձ դարձէք որ փրկուիք» (Եսայիա 45։22)։ Ինչպե՞ս կարձագանքես նրա կանչին։

Վճռական եղիր ու դարձիր դեպի Տերը։ Սաղմոս 37։34 համարը հորդորում է մեզ. «Սպասիր Տիրոջը եւ պահիր նորա ճանապարհը, եւ նա կ’բարձրացնէ քեզ՝ որ երկիրը ժառանգես»։ Եհովայի վկաները ուրախությամբ կօգնեն քեզ ավելի շատ բան իմանալու Աստծու նպատակների մասին և այն մասին, թե ինչպես պետք է ապրես, որ այդ նպատակները տեսնես իրականացած։

[Ծանոթագրություն]

^ պարբ. 21 Մատթեոս 28։19, 20 համարներում արձանագրված Հիսուսի պատվերին հնազանդվելով՝ ավելի քան յոթ միլիոն Եհովայի վկաներ 236 երկրներում ամեն տարի մոտ մեկուկես միլիարդ ժամ տրամադրում են երկրի առնչությամբ Աստծու մեծ նպատակի մասին մարդկանց ուսուցանելու գործին։

[Նկար 22–րդ էջի վրա. թույլտվությամբ]

NASA photo