Սովորեցրեք ձեր երեխաներին
Սեմը ապրեց երկու չար աշխարհում
ՆՈՅԻ որդին՝ Սեմը, կենդանի մնաց, երբ կործանվեց այն աշխարհը, որտեղ ապրում էր։ Գիտե՞ս, թե ինչու կործանվեց այն, և ինչպես նա ու իր ընտանիքը փրկվեցին ու ապրեցին մի նոր աշխարհում~ *։ Ե՛կ տեսնենք։
Աստվածաշունչն ասում է, որ երբ Սեմը երիտասարդ էր, «շատացել էր մարդկանց չարությունը»։ Եվ ամեն ինչի մասին, որ մարդիկ մտածում էին, «չար էին ամեն օր»։ Իսկ գիտե՞ս, թե ինչ արեց Աստված~ . նա ջրհեղեղով կործանեց չար աշխարհը։ Այդ մասին Պետրոս առաքյալը գրեց. «Այն ժամանակվա աշխարհը կործանվեց, երբ ջրերով հեղեղվեց» (Ծննդոց 6։5; 2 Պետրոս 3։6)։
Նկատեցի՞ր, թե ինչու Աստված կործանեց աշխարհը~։ Մարդիկ չար էին, և նրանց մտքերը նույնպես «չար էին ամեն օր»։ Հիսուսը խոսեց այդ օրերի մասին և ասաց, որ «ջրհեղեղից առաջ» մարդիկ լավ ժամանակ էին անցկացնում՝ «ուտում էին ու խմում, կին էին առնում ու մարդու գնում»։ Նա ավելացրեց. «Ուշադրություն չդարձրեցին, մինչև որ ջրհեղեղը եկավ ու սրբեց նրանց բոլորին» (Մատթեոս 24։37–39)։
Իսկ ինչի՞ն ուշադրություն չդարձրին այդ մարդիկ~։ Սեմի հայրը՝ Նոյը, «արդարության քարոզիչ» էր, սակայն մարդիկ չէին լսում, թե ինչ է նա ասում։ Նոյը, սակայն, լսեց ու հնազանդվեց Աստծուն։ Նա կառուցեց մի տապան, որը կարող էր լողալ ջրեր վրա։ Այդ տապանի մեջ նրանք կարող էին ապահով վերապրել ջրհեղեղից։ Միայն Նոյը, իր կինը և տղաները՝ Սեմը, Քամը, Հաբեթը, ու իրենց կանայք ուշադրություն դարձրին, թե ինչ էր Աստված ուզում, որ իրենք անեն։ Մնացած մարդիկ արեցին այն, ինչ իրենք էին ուզում, ուստի ջրհեղեղը սրբեց նրանց բոլորին (2 Պետրոս 2։5; 1 Պետրոս 3։20)։
Ջրհեղեղից մոտ մեկ տարի հետո Սեմն ու իր ընտանիքը դուրս եկան տապանից։ Ոչ մի չար մարդ այլևս չկար։ Սակայն այս իրավիճակը շուտով փոխվեց։ Քանանը՝ Սեմի եղբայր Քամի որդին, այնպիսի վատ բան արեց, որ Նոյն ասաց. «Անիծյալ լինի Քանանը»։ Քամի թոռը՝ Նեբրովթը, նույնպես չար էր։ Նա հակառակվեց ճշմարիտ Աստծուն՝ Եհովային, և ասաց մարդկանց, որ մի բարձր աշտարակ կառուցեն ու անուն ստեղծեն իրենց համար։ Այդ աշտարակը կոչվեց Բաբելոն։ Քո կարծիքով՝ ի՞նչ էին զգում Սեմն ու իր հայրը~ (Ծննդոց 9։25; 10։6–10; 11։4, 5)։
Նրանք տխրեցին, Եհովան նույնպես տխրեց։ Ըստ քեզ՝ ի՞նչ արեց Աստված~։ Եհովան խառնեց մարդկանց լեզուները, որ չկարողանան իրար հասկանալ։ Շինարարությունը դադարեցվեց, և նույն լեզվով խոսող մարդիկ գնացին ապրելու երկրի տարբեր մասերում (Ծննդոց 11։6–9)։ Եհովան, սակայն, Սեմի ու իր ընտանիքի լեզուն չփոխեց։ Ուստի նրանք չբաժանվեցին իրարից ու միասին ծառայեցին Աստծուն։ Երբևէ մտածե՞լ ես, թե որքան երկար Սեմը ծառայեց Եհովային~։
Սեմն ապրեց 600 տարի։ Ջրհեղեղից առաջ նա ապրել է 98 տարի և 502 տարի էլ ապրեց ջրհեղեղից հետո։ Մենք կարող ենք վստահ լինել, որ նա օգնել է Նոյին կառուցելու տապանը և զգուշացրել է մարդկանց սպասվող ջրհեղեղի մասին։ Իսկ ի՞նչ ես կարծում, ի՞նչ էր անում Սեմը ջրհեղեղից հետո ավելի քան 500 տարի շարունակ~։ Նոյը Եհովային դիմեց որպես «Սեմի Աստված»։ Ուստի կարելի է եզրակացնել, որ Սեմը ծառայում էր Եհովային և իր ընտանիքի անդամներին էլ էր օգնում ծառայելու Աստծուն։ Սեմը դարձավ Աբրահամի, Սառայի և Իսահակի նախապապը (Ծննդոց 9։26; 11։10–31; 21։1–3)։
Այժմ մտածիր այսօրվա աշխարհի մասին, որն ավելի չար է, քան Սեմի օրերի աշխարհը։ Ի՞նչ կպատահի այս աշխարհին~։ Աստվածաշունչն ասում է, որ այն «անցնելու է»։ Բայց ուշադրություն դարձրու այս խոստումին. «Նա, ով կատարում է Աստծու կամքը, մնում է հավիտյան» (1 Հովհաննես 2։17; Սաղմոս 37։29; Եսայիա 65։17)։ Ուստի եթե կատարենք Աստծու կամքը, կլինենք նրանց մեջ, ովքեր կանցնեն նոր աշխարհ։ Այնուհետև հավիտյան երջանիկ կապրենք երկրի վրա (1 Հովհաննես 2։17; Սաղմոս 37։29; Եսայիա 65։17)։
^ պարբ. 3 Եթե ընթերցում եք երեխայի հետ, ալիքաձև նշանը [~] հիշեցնում է, որ պետք է դադար տալ և քաջալերել երեխային արտահայտվել։