Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպես հաղորդակցվել պատանիների հետ

Ինչպես հաղորդակցվել պատանիների հետ

 Ընտանեկան երջանկության բանալին

Ինչպես հաղորդակցվել պատանիների հետ

«Առաջ տղայիս հետ հեշտ էր հաղորդակցվել, սակայն հիմա, երբ նա արդեն 16 տարեկան է, ես ու ամուսինս չգիտենք, թե ինչ է մտածում։ Նա մեկուսանում է իր սենյակում և գրեթե չի խոսում մեզ հետ» (ՄԻՐԻԱՄ, ՄԵՔՍԻԿԱ)։

«Մի ժամանակ երեխաներս կլանված լսում էին ինձ, երբ զրուցում էինք։ Իսկ այսօր, երբ արդեն պատանի են, մտածում են, որ ես իրենց «աշխարհից» չեմ (ՍԿՈՏ, ԱՎՍՏՐԱԼԻԱ)։

ԵԹԵ դուք ունեք պատանեկան տարիքի երեխա, հավանաբար կարող եք հասկանալ, թե ինչ են զգում այս ծնողները։ Նախկինում ձեր երեխայի հետ հաղորդակցվելը թերևս նման էր երկկողմանի ճանապարհի, իսկ այսօր թվում է, թե այդ ճանապարհը փակ է։ «Երբ տղաս փոքր էր, նա ինձ բազմաթիվ հարցեր էր տալիս,— ասում է Անժելա անունով մի մայր (Իտալիա)։— Հիմա ես պետք է նախաձեռնություն վերցնեմ խոսակցություն սկսելու համար։ Եթե այդպես չանեմ, ապա օրեր կանցնեն առանց բովանդակալից զրույցների»։

Անժելայի նման՝ դուք նույնպես գուցե մտածում եք, որ ձեր շփվող երեխան փոխվել է և դարձել է մռայլ։ Դուք ջանքեր եք թափում նրա հետ զրուցելու, սակայն լսում եք միայն կարճ ու կտրուկ պատասխաններ։ «Ինչպե՞ս անցավ օրդ»,— հարցնում եք ձեր տղային։ «Լավ»,— կոպտորեն պատասխանում է նա։ «Ի՞նչ նորություն դպրոցից»,— հարցնում եք ձեր աղջկան։ «Ոչինչ»,— պատասխանում է նա՝ ուսերը թոթվելով։ Իսկ երբ փորձում եք սկսել խոսակցությունը՝ ասելով՝ «ինչո՞ւ չես խոսում», քար լռություն է տիրում։

Ինչ խոսք, որոշ պատանիներ արտահայտվելու խնդիր չունեն։ Սակայն նրանք չեն խոսում այն բաների մասին, որ նրանց ծնողները կցանկանային լսել։ «Երբ խնդրում էի աղջկաս որևէ բան անել, նա անմիջապես ասում էր՝ ինձ հանգիստ թող»,— պատմում է Էդնա անունով մի մայր (Նիգերիա)։ Նույնանման բան է նկատում նաև Մեքսիկայում ապրող Ռամոնը իր 16–ամյա տղայի մեջ։ «Գրեթե ամեն օր մենք վիճում ենք,— ասում է նա,— երբ էլ որ խնդրեմ նրան ինչ–որ բան անել, սկսում է պատճառաբանումներ փնտրել, որպեսզի ազատվի այդ գործից»։

Իրոք, երբ ծնողը փորձում է հաղորդակցվել այնպիսի երեխայի հետ, որը չի արձագանքում, կարող է ընկճվել։ Աստվածաշունչը նշում է, որ «դիտաւորութիւնները խանգարվում են խորհուրդ չ’լինելիս [«մտերմիկ զրույց չլինելիս», ՆԱ]» (Առակաց 15։22)։ «Երբ չգիտեմ, թե ինչ է տղաս մտածում, այնքան եմ նյարդայնանում, որ ուզում եմ բղավել»,— խոստովանում է Աննան, որը միայնակ ծնող է և ապրում է Ռուսաստանում։ Ինչո՞ւ, ուրեմն, հենց այն ժամանակ, երբ հաղորդակցությունն այդքան կարևոր է դառնում, թվում է, թե պատանիները և նրանց ծնողները կորցնում են հաղորդակցվելու ունակությունը։

«Արգելափակման նշանները»

Հաղորդակցվել չի նշանակում միայն խոսել։ Հիսուսն ասաց, որ «սրտի լիությունից է բերանը խոսում» (Ղուկաս 6։45)։ Ուստի կարելի է ասել, որ լավ հաղորդակցության միջոցով մենք սովորում  ենք ուրիշներից և ինչ–որ բաներ ենք բացահայտում մեր մասին։ Պատանիների համար, սակայն, կարող է դժվար լինել խոսել այն մասին, թե ինչ կա իրենց սրտում կամ մտքում, քանի որ սեռական հասունացման ժամանակ նրանցից շատերը անսպասելիորեն դառնում են ամաչկոտ։ Մասնագետներն ասում են, որ պատանիներին թվում է, թե նրանք միշտ բեմի վրա են՝ երևակայական ունկնդիրների առջև, մշտապես «լուսարձակի» տակ։ Փոխանակ մնան «լուսարձակի» տակ՝ ամաչկոտ պատանիները կարող են, այսպես ասած, քաշել վարագույրը և մեկուսանալ իրենց «աշխարհում», որտեղ ծնողները չեն կարողանում հեշտությամբ մտնել։

Հաղորդակցվելու համար մեկ ուրիշ խոչընդոտ կարող է լինել այն, որ պատանիները ուզում են անկախ լինել։ Չեք կարող շրջանցել «արգելափակման նշանները», այսինքն՝ անտեսել այն փաստը, որ երեխան մեծանում է և այդ ընթացքում փորձում է ինքնահաստատվել։ Իհարկե, սա չի նշանակում, որ ձեր երեխան արդեն կարող է հեռանալ տնից և ինքնուրույն ապրել. որովհետև նա ձեր կարիքը շատ է զգում։ Սակայն պետք է գիտակցել, որ ինքնահաստատման ընթացքը սկսվում է չափահաս դառնալուց շատ տարիներ առաջ։ Հասունանալու շրջանում շատ պատանիներ ուզում են առանձնանալ, մտածել և հետո միայն արտահայտել իրենց մտքերը ուրիշներին։

Փաստն այն է, որ պատանիները շատ ավելի մտերիմ են իրենց հասակակիցների հետ։ Ջեսիկա անունով մի մայր նկատել է դա (Մեքսիկա)։ Նա ասում է. «Երբ դուստրս փոքր էր, միշտ գալիս էր ինձ մոտ և պատմում իր խնդիրները, իսկ այսօր նա միայն իր ընկերների հետ է հաղորդակցվում»։ Եթե ձեր երեխան էլ է այդպես վարվում, անմիջապես մի եզրակացրեք, որ նա մերժում է ձեզ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ նույնիսկ երբ պատանիները ասում են, թե չեն ընդունում ծնողների խորհուրդը, միևնույնն է, նրանք ավելի շատ գնահատում են իրենց ծնողների, քան ընկերների տված խորհուրդները։ Ուստի ինչպե՞ս կարող եք վստահ լինել, որ հաղորդակցության դուռը բաց է մնում։

Վերացնել «արգելափակման նշանները»

Պատկերացրեք, որ մեքենա եք վարում երկար և ուղիղ ճանապարհով։ Կիլոմետրեր շարունակ դուք միայն չնչին փոփոխություններ եք արել մեքենան վարելիս։ Սակայն հանկարծ ճանապարհը կտրուկ թեքվում է։ Որպեսզի մեքենան ճանապարհից դուրս չգա, պետք է փոխեք մեքենայի ընթացքը, դուք ուրիշ տարբերակ չունեք։ Նույնանման խնդիր կարող է առաջանալ, երբ երեխան դառնում է պատանի։ Տարիներ շարունակ ձեր երեխայի հետ գուցե լավ եք հաղորդակցվել։ Սակայն հիմա նրա կյանքը «կտրուկ թեքվել է», և դուք պետք է նույնպես «փոխեք ձեր ընթացքը», այսինքն՝ հաղորդակցվելու այլ կերպեր փնտրեք։ Կարող եք ինքներդ ձեզ հետևյալ հարցերը տալ.

«երբ իմ որդին կամ դուստրը պատրաստ է զրուցելու ինձ հետ, արդյոք ես նույնպես պատրա՞ստ եմ հաղորդակցվելու նրա հետ»։ Աստվածաշնչում գրված է. «Մէկ յարմար ժամանակին խօսուած խօսքը ոսկի խնձորներ են արծաթի զարդերի մէջ» (Առակաց 25։11)։ Այս համարից պարզ է դառնում, որ հաճախ հաջողության բանալին հարմար ժամանակին ասված խոսքն է։ Բերենք օրինակ. հողագործը ո՛չ կարող է շտապեցնել, ո՛չ էլ կարող է հետաձգել հունձը։ Երբ հնձի ժամանակը գա, նա պարզապես պետք է անի այն, ինչ կարող է։ Ուստի գուցե ձեր երեխան հակված է խոսելու իրե՛ն հարմար ժամանակին։ Բաց մի թողեք այդ հնարավորությունը։ «Շատ անգամ աղջիկս գիշերը գալիս էր իմ ննջասենյակ ու երբեմն կարող էր մեկ ժամ խոսել,— ասում է Ֆրենցիսը, որը միայնակ մայր է (Ավստրալիա),— ինձ համար այդքան էլ հեշտ չէր ուշ ժամի քնել, բայց ես լսում էի նրան։ Այդ գիշերների ընթացքում մենք խոսում էինք ամեն ինչի մասին»։

ՓՈՐՁԵՔ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Եթե ձեր երեխան խոսելու ցանկություն չունի, ապա ինչ–որ բան արեք միասին. կարող եք որևէ տեղ գնալ ոտքով կամ մեքենայով, խաղ խաղալ կամ տան գործով զբաղվել։ Հաճախ այսպիսի անկաշկանդ միջավայրում պատանիները ավելի հակված են լինում արտահայտվելու։

«Հասկանո՞ւմ եմ արդյոք, թե ինչ է թաքնված նրա խոսքերի հետևում»։ Յոբ 12։11–ում գրված է. «Մի՞թէ ականջը չէ որոշում [«չի քննում», ՆԱ] խօսքերը, եւ ուտող քիմքը՝ համն առնում»։ Այժմ ավելի քան երբևէ դուք պետք է «քննեք», թե ինչ է ձեր տղան կամ աղջիկը ասում։ Պատանիները հաճախ այնպես են խոսում, որ կարծես իրենց ասածները միշտ ճիշտ են։ Օրինակ՝ ձեր երեխան հնարավոր է ասի՝ «դու միշտ ինձ հետ երեխայի պես ես վարվում» կամ «դու երբեք չես լսում ինձ»։ «Միշտ» և «երբեք» բառերի վրա  մի կենտրոնացեք և նրանց խոսքերը բառացի մի հասկացեք։ Գուցե երբ նա ասում է՝ «դու միշտ ինձ հետ երեխայի պես ես վարվում», կարող է նշանակել՝ «ես զգում եմ, որ դու ինձ չես վստահում», կամ «դու երբեք չես լսում ինձ» խոսքերը կարող են նշանակել՝ «ես ուզում եմ քեզ ասել, թե իրականում ինչ եմ զգում»։ Փորձեք հասկանալ խոսքերի հետևում թաքնված մտքերը։

ՓՈՐՁԵՔ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Երբ ձեր երեխան ինչ–որ խիստ արտահայտություն է ասում, կարող եք նման մի բան ասել. «Ես տեսնում եմ, որ դու տրամադրություն չունես, և ուզում եմ լսել քեզ։ Ասա ինձ, ինչո՞ւ ես մտածում, որ ես քեզ հետ երեխայի պես եմ վարվում»։ Հետո լսեք նրան՝ առանց ընդհատելու։

«Երբ երեխաս ինչ–որ բան է պատմում, արդյոք իմ խոսքերով անզգուշաբար վե՞րջ եմ դնում մեր խոսակցությանը»։ Աստվածաշունչն ասում է. «Արդարության պտղի սերմը խաղաղ պայմաններում է ցանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում» (Հակոբոս 3։18)։ Ձեր խոսքերով ու վարքով ստեղծեք խաղաղ մթնոլորտ, որ ձեր երեխան ազատ զգա իրեն ու խոսի։ Հիշե՛ք, դուք երեխայի «դատապաշտպանն» եք։ Ուստի զրուցելիս մի փորձեք նմանվել դատախազի, որը դատի ժամանակ կասկածի է ենթարկում վկայի խոսքերը։ Ան անունով մի հայր ասում է. «Իմաստուն ծնողը չի ասի նմանատիպ խոսքեր՝ «ե՞րբ ես մեծանալու» կամ «քանի՞ անգամ եմ ասել»։ Այս հարցում մի քանի անգամ սխալվելուց հետո ես նկատեցի, որ տղաներիս զայրացնում էր ոչ միայն ինչ–որ բան ասելու իմ ձևը, այլև ասածներս» (Կորեա)։

ՓՈՐՁԵՔ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Եթե ձեր երեխան չի ուզում խոսել, փորձեք մեկ ուրիշ մոտեցում։ Օրինակ՝ կարող եք պատմել, թե ինչպես անցավ ձեր օրը և այնուհետև սպասել նրա արձագանքին։ Կամ երբ ուզում եք նրա կարծիքն իմանալ ինչ–որ հարցի շուրջ, աշխատեք այնպես ձևակերպել ձեր միտքը, որ նա առանձնապես իրեն չզգա ուշադրության կենտրոնում։ Դա կարող եք անել՝ հարցնելով, թե ինչ կարծիք ունի իր ընկերուհին այդ հարցի վերաբերյալ։ Հետո փորձեք իմանալ, թե ինչ խորհուրդ կտար նա իր ընկերուհուն։

Հնարավո՛ր է պատանիների հետ հաղորդակցվել։ Համապատասխանեցրեք ձեր հաղորդակցման ձևերը երեխայի կարիքներին։ Զրուցեք ուրիշ ծնողների հետ, որոնք հաջողություն են ունեցել այս հարցում (Առակաց 11։14)։ Երբ զրուցում եք ձեր տղայի կամ աղջկա հետ, «արագ եղեք լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ և դանդաղ՝ զայրանալու մեջ» (Հակոբոս 1։19)։ Այս ամենից բացի, միշտ շարունակեք ջանքեր թափել, որպեսզի մեծացնեք ձեր երեխաներին «Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով» (Եփեսացիներ 6։4

ՀԱՐՑՐԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ...

Ի՞նչ փոփոխություններ եմ նկատել երեխայիս մեջ։

Ինչպե՞ս կարող եմ բարելավել հաղորդակցվելու հմտությունս։

[շրջանակ 12–րդ էջի վրա]

Առաջարկներ ծնողներից

«Իմ տղան ավելի ազատ է հաղորդակցվում ուրիշների ներկայությամբ։ Ուստի երբ երկուսով ենք մնում, ես շարունակում եմ մեր զրույցը այդ նույն թեմայով» (ԱՆԺԵԼԱ, ԻՏԱԼԻԱ)։

«Մենք նկատել ենք, որ մեր երեխաները հաճախ խոսում են մեզ հետ, երբ սկզբում գովում ենք իրենց և ասում, թե ինչքան շատ ենք սիրում նրանց» (ԴԱՆԻԶԵԹԻ, ԲՐԱԶԻԼԻԱ)։

«Ես խոսում եմ այն պատանիների հետ, ովքեր մեծացել են աստվածաշնչային սկզբունքներով և հարցնում եմ նրանց, թե ինչ են զգացել պատանեկան հասակում, և ինչպես են իրենց ծնողները օգնել նրանց։ Դա ինձ շատ է օգնում» (ԴԱՆ, ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ)։