Հոգատար հովիվը
Մոտեցեք Աստծուն
Հոգատար հովիվը
«ԱՍՏՎԱԾ հոգ տանո՞ւմ է իմ մասին»։ Եթե երբևէ տվել եք ձեզ այս հարցը, ապա դուք միակ մարդը չեք։ Մեզնից շատերն են ունենում նեղություններ ու դժվարություններ, ուստի ժամանակ առ ժամանակ գուցե մտածենք, թե արդյոք այս հսկայական տիեզերքի Արարիչը հետաքրքրվում է մեզնով։ Մենք պետք է իմանանք՝ արդյոք Եհովա Աստված հոգ տանո՞ւմ է անձամբ մեր մասին։ Հիսուսը, որի պես ոչ ոք չի ճանաչում Եհովային, երկրի վրա եղած ժամանակ պատմեց մի օրինակ, որը պատասխանում է այս հարցին։
Խոսելով իր ոչխարների մասին հոգ տանող հովվի մասին՝ Հիսուսն ասաց. «Եթե մի մարդ հարյուր ոչխար ունենա, և նրանցից մեկը մոլորվի, մի՞թե չի թողնի իննսունիննին սարերում և չի գնա ու փնտրի այն մեկին, որը մոլորվել է։ Եվ եթե պատահի, որ գտնի նրան, հաստատ ասում եմ ձեզ, նա այդ մեկի համար ավելի շատ կուրախանա, քան այն իննսունիննի համար, որոնք չեն մոլորվել։ Այդպես էլ իմ Հայրը, որ երկնքում է, չի ցանկանում, որ այս փոքրերից մեկը կործանվի» (Մատթեոս 18։12–14)։ Տեսնենք, թե ինչպես է Հիսուսը այս օրինակով նկարագրում Եհովայի ջերմ հոգատարությունը իր երկրպագուներից յուրաքանչյուրի հանդեպ։
Հովիվն իրեն պատասխանատու էր զգում իր ամեն մի ոչխարի համար։ Եթե ոչխարներից մեկը մոլորվեր, ապա նա կիմանար, թե որ մեկն է կորել։ Յուրաքանչյուր ոչխարի նա ճանաչում էր իր կոչած անունով (Հովհաննես 10։3)։ Հոգատար հովիվը չէր դադարի այդ կորած ոչխարին փնտրելուց, մինչև որ նրան չվերադարձներ հոտ։ Նա կգնար մոլորված ոչխարի հետևից, սակայն մնացած իննսունինը ոչխարներին վտանգի տակ չէր թողնի։ Հաճախ հովիվները միասին էին արածեցնում իրենց հոտերը և թույլ էին տալիս, որ հոտերը խառնվեին *։ Ուստի այն հովիվը, որը գնում էր փնտրելու կորած ոչխարին, կարող էր ժամանակավորապես իր հոտը հանձնել մյուս հովիվների հոգածությանը։ Կորած ոչխարին անվնաս գտնելով՝ հովիվը մեծ ուրախություն էր ապրում։ Վախեցած ոչխարին ուսերին դնելով՝ վերադարձնում էր նրան հոտ, որտեղ ապահովություն և պաշտպանություն կար (Ղուկաս 15։5, 6)։
Բացատրելով օրինակը՝ Հիսուսն ասաց, որ Աստված չի ցանկանում, որ «այս փոքրերից մեկը կործանվի»։ Նախկինում Հիսուսն ասել էր իր աշակերտներին, որ չգայթակղեցնեն «այս փոքրերից մեկին, որը հավատում է [իրեն]» (Մատթեոս 18։6)։ Ուստի ի՞նչ ենք սովորում Եհովայի մասին այն օրինակից, որ պատմեց Հիսուսը։ Նա այնպիսի Հովիվ է, որը մեծ հոգատարություն է դրսևորում իր ոչխարներից յուրաքանչյուրի, այդ թվում նաև «փոքրերի» հանդեպ, որոնք աշխարհի տեսանկյունից՝ գուցե քիչ կարևոր թվան։ Այո՛, Աստծու աչքում իր երկրպագուներից յուրաքանչյուրն իր տեղն ունի և թանկ է նրա համար։
Եթե ցանկանում եք հավաստիանալ, որ թանկ եք Աստծու համար, կարող եք ավելի շատ բան սովորել Մեծ Հովվի՝ Եհովա Աստծու մասին և ավելի մտերմանալ նրա հետ։ Այդպես վարվելով՝ դուք կունենաք այն նույն վստահությունը, որ ուներ Պետրոս առաքյալը, որն, անկասկած, Հիսուսից էր լսել կորած ոչխարի մասին օրինակը։ Ավելի ուշ Պետրոսը գրեց. «Ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5։7)։
[ծանոթագրություն]
^ պարբ. 3 Հոտերը միմյանցից առանձնացնելը դժվար չէր, քանի որ յուրաքանչյուր ոչխար արձագանքում էր իր հովվի կանչին (Հովհաննես 10։4)։