Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եհովան կօգնի քեզ

Եհովան կօգնի քեզ

«Եհովան կօգնի նրան հիվանդության մահճում» (ՍԱՂ. 41:3

ԵՐԳ 23, 138

1, 2. Ինչի՞ մասին երբեմն գուցե անհանգստանանք, և նման ի՞նչ օրինակներ կան Աստվածաշնչում։

ԵԹԵ լուրջ հիվանդ ես եղել, մտածե՞լ ես. «Տեսնես կլավանա՞մ»։ Կամ գուցե ընտանիքիդ անդամը կամ ընկերդ է հիվանդ եղել, և մտածել ես՝ կառողջանա՞։ Բնական է, երբ նման դեպքերում անհանգստանում ենք և ուզում ենք առողջ լինել։ Աստվածաշնչում կարդում ենք Եղիա և Եղիսե մարգարեների օրերում ապրած երկու թագավորների մասին, ովքեր նույնպես անհանգստանում էին իրենց առողջության համար։ Աքաաբի որդի Օքոզիա թագավորը ընկել էր ու լուրջ վնասվածք ստացել։ Նա հարցրեց. «Արդյոք ես կառողջանա՞մ»։ Հետագայում Ասորիքի Բենադադ թագավորը, որը լուրջ հիվանդ էր, նույնպես հարցրեց. «Ես կբուժվե՞մ այս հիվանդությունից» (2 Թագ. 1:2; 8:7, 8

2 Ինչ խոսք, մենք հույս ունենք, որ մեզ և մեր հարազատների հետ ամեն ինչ լավ կլինի։ Այնուամենայնիվ, շատերը մտածում են՝ ի՞նչ կանի Աստված իրենց օգնելու համար։ Այդ թագավորների օրերում Աստված երբեմն հրաշքով բուժել է մարդկանց։ Իր մարգարեների միջոցով Եհովան նույնիսկ հարություն է տվել մահացածներին (1 Թագ. 17:17–24; 2 Թագ. 4:17–20, 32–35)։ Կարո՞ղ ենք ակնկալել, որ մեր օրերում էլ նման բաներ կանի։

3–5. Ի՞նչ անելու զորություն ունեն Եհովան ու Հիսուսը, և դրա հետ կապված ի՞նչ հարցեր են առաջանում։

3 Կասկած չկա, որ Աստված զորություն ունի ազդելու մարդու առողջության վրա։ Աստվածաշունչը փաստում է դա։ Անցյալում Եհովան հիվանդություններով պատժել է մարդկանց, օրինակ՝ փարավոնին՝ Աբրահամի օրերում, իսկ հետագայում՝ Մովսեսի քույր Մարիամին (Ծննդ. 12:17; Թվեր 12:9, 10; 2 Սամ. 24:15)։ Նա զգուշացրեց իսրայելացիներին, որ եթե անհավատարիմ լինեն, նրանց վրա «հիվանդություններ ու պատուհասներ» կբերի (2 Օրենք 28:58–61)։ Բացի այդ, Եհովան կարող էր «հեռացնել», կամ՝ կանխել հիվանդությունը (Ելք 23:25; 2 Օրենք 7:15)։ Կարող էր նաև բուժել։ Օրինակ՝ երբ Հոբը ծանր հիվանդ էր և ուզում էր մեռնել, Աստված բուժեց նրան (Հոբ 2:7; 3:11–13; 42:10, 16

4 Այո՛, Աստված կարո՛ղ է միջամտել և բուժել հիվանդին։ Նույնը կարող է անել նաև նրա Որդին։ Ավետարաններում կարդում ենք, որ Հիսուսը հրաշքով բուժեց բորոտներին, ընկնավորներին, կույրերին և անդամալույծներին (կարդա՛  Մատթեոս 4:23, 24; Հովհ. 9:1–7)։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ նրա կատարած բուժումները նախաշողն են այն բանի, ինչ նա անելու է ավելի մեծ մասշտաբով նոր աշխարհում, որտեղ ոչ ոք չի ասի՝ «ես հիվանդ եմ» (Ես. 33:24

5 Բայց արդյո՞ք պետք է ակնկալենք, որ Աստված կամ Հիսուսը հրաշքով բուժումներ կանեն այսօր։ Ի՞նչ պետք է հաշվի առնենք բուժման մեթոդ ընտրելիս։

ԿՕԳՆԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՄԱՀՃՈՒՄ

6. Ի՞նչ գիտենք «բուժելու պարգևների» մասին, որ կային առաջին դարում։

6 Աստվածաշնչից գիտենք, որ առաջին դարում Աստված որոշ օծյալ քրիստոնյաների օժտել էր հրաշքներ անելու զորությամբ՝ սուրբ ոգու զանազան պարգևներով (Գործ. 3:2–7; 9:36–42)։ Դրանցից էին «բուժելու պարգևները» (1 Կորնթ. 12:4–11)։ Սակայն այս և մյուս պարգևները, ինչպիսիք էին լեզուներով խոսելը և մարգարեանալը, շուտով դադարելու էին (1 Կորնթ. 13:8)։ Այսօր դրանք չկան, ուստի հիմքեր չունենք ակնկալելու, որ Աստված հրաշքով կբուժի մեզ կամ մեր հարազատներին։

7. Սաղմոս 41:3-ը ի՞նչ քաջալերական հավաստիացում է տալիս մեզ։

7 Այդուհանդերձ, մենք կարող ենք Աստծուց մխիթարություն, իմաստություն և աջակցություն ակնկալել, ինչպես որ արել են անցյալում ճշմարիտ երկրպագուները։ Դավիթ թագավորը գրեց. «Երջանիկ է նա, ով հոգ է տանում խեղճի մասին. նեղության օրը Եհովան կփրկի նրան։ Եհովան կպահպանի ու կենդանի կպահի նրան» (Սաղ. 41:1, 2)։ Մենք գիտենք, որ Դավթի օրերում ապրած այն մարդիկ, ովքեր հոգ են տարել խեղճերի մասին, անվերջ չեն ապրել։ Հետևաբար, Դավիթը նկատի չուներ, որ նման մարդիկ հրաշքով երբեք չէին մահանա։ Նրա ներշնչյալ խոսքերը կարող ենք հասկանալ այն իմաստով, որ Աստված կօգնի նման հավատարիմ մարդկանց։ Ինչպե՞ս։ Դավիթը բացատրում է. «Եհովան կօգնի նրան հիվանդության մահճում. նրա ամբողջ անկողինը դու կփոխես իր հիվանդության ժամանակ» (Սաղ. 41:3)։ Այո՛, այն անձնավորությունը, ով հոգ է տանում խեղճին, կարող է համոզված լինել, որ Աստված գիտի իր մասին և տեսնում է իր հավատարիմ ընթացքը։ Բացի այդ, Աստված մարդու մարմինը ստեղծել է վերականգնվելու հատկությամբ, և դա նույնպես կարող է օգնել նրան ապաքինվելու իր հիվանդությունից։

8. Սաղմոս 41:4-ում Դավիթը ի՞նչ է խնդրում Եհովայից։

8 Դավիթը գրեց. «Ես ասացի. «Ո՛վ Եհովա, բարեհա՛ճ եղիր իմ հանդեպ։ Ապաքինի՛ր իմ հոգին, որովհետև ես մեղք եմ գործել քո դեմ»» (Սաղ. 41:4)։ Ակներևաբար, Դավթի այս խոսքերը վերաբերում են այն ժամանակին, երբ Աբիսողոմը փորձում էր զավթել գահը, իսկ ինքը հիվանդ էր և ի վիճակի չէր շտկելու իրավիճակը։ Թեև Աստված ներել էր Բերսաբեի հետ գործած նրա մեղքը, բայց թագավորը չէր մոռացել դա ու դրա հետևանքները (2 Սամ. 12:7–14)։ Այդուհանդերձ, Դավիթը վստահ էր, որ Աստված կաջակցեր իրեն հիվանդության մահճում։ Բայց արդյո՞ք նա խնդրում էր, որ Աստված հրաշքով բուժեր իրեն կամ երկարացներ իր կյանքը։

9. ա) Ինչո՞վ էր Դավթի իրավիճակը տարբերվում Եզեկիա թագավորի իրավիճակից։ բ) Ի՞նչ կարող էր Դավիթն ակնկալել Եհովայից։

9 Տարիներ անց Աստված որոշեց բուժել Եզեկիա թագավորին, որը «մերձիմահ հիվանդացել» էր։ Եզեկիայի պարագայում Աստված բացառություն արեց, և թագավորը ապաքինվեց ու 15 տարի ապրեց (2 Թագ. 20:1–6)։ Ի տարբերություն Եզեկիայի՝ Դավիթը չաղոթեց Աստծուն, որ վերջինս հրաշքով բուժի իրեն։ Համատեքստից տեսնում ենք, որ Դավիթը խնդրում է Եհովային, որ օգնի իրեն այնպես, ինչպես կօգներ խեղճին հոգ տանող մարդուն։ Նրա խնդրանքը ներառում էր օգնություն «հիվանդության մահճում»։ Քանի որ Դավթի մեղքը ներվել էր, նա կարող էր Աստծուց մխիթարություն և աջակցություն խնդրել, և որ իր օրգանիզմի ռեսուրսները նպաստեին իր ապաքինմանը (Սաղ. 103:3)։ Մենք էլ կարող ենք այդպես վարվել։

10. Ի՞նչ կարող ենք եզրակացնել Տրոֆիմոսի և Եպաֆրոդիտոսի օրինակից։

10 Պողոս առաքյալի համագործակիցներից մեկը՝ Տրոֆիմոսը, նույնպես հրաշքով չբուժվեց։ Սակայն գիտենք, որ Պողոսը որոշ դեպքերում բուժել է հիվանդների (կարդա՛  Գործեր 14:8–10)։ Օրինակ՝ նա բուժեց «Պոպլիոսի հորը [որը] ջերմություն ուներ և տառապում էր դիզենտերիայով»։ Առաքյալը «աղոթեց, իր ձեռքերը նրա վրա դրեց ու բուժեց նրան» (Գործ. 28:8)։ Բայց Պողոսը նույնը չարեց Տրոֆիմոսի համար, որը իր հետ միսիոներական շրջագայություն էր կատարում (Գործ. 20:3–5, 22; 21:29)։ Երբ Տրոֆիմոսը հիվանդացավ և այլևս ի վիճակ չէր Պողոսի հետ շարունակելու ճանապարհորդությունը, վերջինս թողեց նրան Միլետոսում, որպեսզի ապաքինվի (2 Տիմոթ. 4:20)։ Նաև ոչ մի հիշատակում չկա այն մասին, որ Պողոսը հրաշքով բուժած լինի իր ընկեր Եպաֆրոդիտոսին, որը «հիվանդացել էր մահամերձ լինելու աստիճան» (Փիլիպ. 2:25–27, 30

ՈՂՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԻՐ

11, 12. Ինչո՞ւ Ղուկասը կարող էր լավ օգնություն լինել Պողոսի համար, և ի՞նչ կարող ենք ասել նրա բժիշկ լինելու մասին։

11 «Սիրելի բժիշկ Ղուկասը»՝ «Գործեր» գիրքը գրողը, նույնպես ճանապարհորդել է Պողոսի հետ (Կող. 4:14; Գործ. 16:10–12; 20:5, 6)։ Տրամաբանական է եզրակացնել, որ Ղուկասը բժշկական խորհուրդներ է տվել Պողոսին և բժշկական ծառայություններ է մատուցել նրան ու իրենց միսիոներական խմբի մյուս անդամներին։ Ինչո՞ւ կարիք կար, որ Ղուկասը այդպես վարվեր։ Քանի որ ճանապարհորդելու ընթացքում նույնիսկ Պողոսն էր հիվանդանում (Գաղ. 4:13)։ Ղուկասը կարող էր բժշկական օգնություն տրամադրել, ինչը համահունչ է Հիսուսի հետևյալ խոսքերին. «Ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները» (Ղուկ. 5:31

12 Աստվածաշունչը չի նշում, թե Ղուկասը երբ և որտեղ է բժշկական կրթություն ստացել։ Սակայն ենթադրվում է, որ Պողոսը Կողոսայի քրիստոնյաներին գրելիս Ղուկասի մասին հիշատակում է որպես «բժիշկ Ղուկաս» այն պատճառով, որ նրանք ճանաչում էին վերջինիս։ Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Կողոսայի մոտ գտնվող Լաոդիկեա քաղաքում բժշկական դպրոց կար։ Որն էլ լինի պարագան, մի բան հստակ է՝ Ղուկասը այնպիսի մեկը չէր, որը, բժշկական կրթություն չունենալով հանդերձ, սիրում էր առողջության հետ կապված խորհուրդներ տալ. նա բժիշկ էր։ Դա երևում է այն բանից, որ Ղուկասը բժշկական տերմիններ է օգտագործել իր Ավետարանում ու «Գործեր» գրքում, և նրանից, թե Հիսուսի կատարած բուժումների վերաբերյալ ինչ մանրամասնություններ է հայտնել։

13. Ի՞նչ հավասարակշռված տեսակետ պետք է ունենանք, երբ առողջության հետ կապված խորհուրդներ ենք ստանում։

13 Այսօր մեր հավատակիցները «բուժելու պարգևներ» չունեն, որ բուժեն մեզ։ Բայց որոշ եղբայրներ և քույրեր, լավ մղումներից ելնելով, թերևս առողջության հետ կապված խորհուրդներ տան, նույնիսկ եթե խորհրդի համար նրանց չենք դիմել։ Ինչ խոսք, գուցե որոշ խորհուրդներ լինեն գործնական և անվնաս։ Օրինակ՝ Պողոսը նման խորհուրդ տվեց Տիմոթեոսին, երբ վերջինս, հավանաբար ջրի աղտոտվածության պատճառով, ստամոքսի հետ կապված խնդիրներ ուներ (կարդա՛  1 Տիմոթեոս 5:23 * Բայց դա մեծապես տարբերվում է այն բանից, երբ փորձում ենք հավատակցին համոզել, որ նա օգտագործի որևէ դեղաբույս, դեղամիջոց կամ հետևի որոշակի սննդակարգի, ինչը գուցե արդյունավետ չլինի կամ որոշ դեպքերում նույնիսկ վնասի։ Երբեմն ոմանք ասում են. «Իմ բարեկամը այդ հիվանդությունն ուներ։ Ընդունեց այսինչ դեղամիջոցը ու ապաքինվեց»։ Անկախ նրանից, թե որքան անկեղծ են մեզ խորհուրդ տվողները՝ լավ կլինի, եթե հիշենք, որ նույնիսկ լայնորեն տարածված դեղամիջոցներն ու բուժման մեթոդները կարող են վտանգավոր լինել (կարդա՛  Առակներ 27:12

ԻՄԱՍՏՈՒԹՅԱՄԲ ՎԱՐՎԻՐ ԵՎ ԶԳՈՒՅՇ ԵՂԻՐ

14, 15. ա) Ի՞նչ նպատակ են հետապնդում բուժմեթոդներ առաջարկող որոշ մարդիկ։ բ) Ի՞նչ ենք սովորում Առակներ 14:15 համարից։

14 Բնական է, որ ցանկանում ենք առողջ լինել, քանի որ ուզում ենք վայելել կյանքը և լիարժեքորեն ծառայել Աստծուն։ Սակայն բոլորս անկատարություն ենք ժառանգել, ուստի չենք կարող խուսափել հիվանդություններից։ Բուժման զանազան ձևեր կան, և յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ընտրելու իր ուզած բուժման մեթոդը։ Ցավոք, այս ագահ աշխարհում որոշ մարդիկ հիվանդությունները դիտում են որպես փող աշխատելու միջոց։ Նրանք ասում են, թե գտել են տվյալ հիվանդության բուժումը և հավաստիացնում են, որ այդ մեթոդով շատերը արդեն բուժվել են։ Կան ընկերություններ էլ, որ մեծ շահույթ ստանալու նպատակով իրենց արտադրած թանկ դեղամիջոցը այնպես են ներկայացնում, որ հիվանդը անպայման գնի այն։ Հիվանդը, ով հուսահատված բուժում կամ կյանքը երկարացնելու միջոց է փնտրում, գուցե հրապուրվի «բուժման» այդ մեթոդներով։ Եկեք չմոռանանք, թե ինչ է զգուշացնում Աստվածաշունչը. «Անփորձը հավատում է ամեն խոսքի, բայց խորագետը կշռադատում է իր քայլերը» (Առակ. 14:15

15 Խորագետը հատկապես զգուշություն կդրսևորի, եթե բուժման հետ կապված խորհուրդ տվողի մասնագիտական որակավորումը կասկածելի է։ Նա կարող է այսպես տրամաբանել. «Նա ասում է, որ այս վիտամինը, դեղաբույսը կամ սննդակարգը օգնել է ինչ-որ մեկի, բայց կա՞ն փաստեր, որ դա այդպես է։ Նույնիսկ եթե դրանց միջոցով ոմանք ապաքինվել են, հիմքեր կա՞ն վստահ լինելու, որ ինձ կօգնեն։ Չպե՞տք է արդյոք ավելի շատ փնտրտուքներ անեմ կամ նույնիսկ խորհրդակցեմ մեկ այլ մասնագետի հետ» (2 Օրենք 17:6

16. Ո՞ր հարցերի շուրջ մտածելը կարող է օգնել մեզ ողջամտություն դրսևորելու բուժման մեթոդ ընտրելիս։

16 Աստծու Խոսքը հորդորում է «այս աշխարհում ապրել ողջամտությամբ» (Տիտոս 2:12)։ Հարկավոր է «ողջամիտ» լինել հատկապես այն ժամանակ, երբ մեր հիվանդության ախտորոշումը կամ բուժման մեթոդը տարօրինակ կամ խորհրդավոր է թվում։ Կարո՞ղ է բուժող բժիշկը կամ տվյալ բուժման մեթոդին թիկունք կանգնողը հիմնավոր բացատրություն տալ, թե ինչպես է այն գործում։ Արդյո՞ք համապատասխանում է հայտնի փաստերին, և բազմաթիվ մասնագետներ այն վստահելի համարո՞ւմ են (Առակ. 22:29)։ Թե՞ այդ բուժումը առաջարկող մարդիկ հիմնականում փորձում են ազդել մարդկանց էմոցիաների վրա։ Գուցե նրանք պնդում են, թե այդ բուժումը հայտնաբերվել կամ օգտագործվում է մի հեռավոր տարածքում և անհայտ է ժամանակակից հետազոտողներին։ Արդյո՞ք նման պնդումը ինչ-որ բան փաստում է կամ տրամաբանական է։ Ոմանք ախտորոշման կամ բուժման իրենց մեթոդները ներկայացնելիս ասում են, թե դրանք արվում են գաղտնի բաղադրություն ունեցող դեղերի կամ անհայտ ուժերի միջոցով։ Սա լուրջ վտանգ է ներկայացնում, քանի որ Աստված զգուշացնում է, որ «մոգությամբ չզբաղվենք» և հեռու մնանք «ոգեհարցներից» (Ես. 1:13; 2 Օրենք 18:10–12

«Ո՛ՂՋ ԵՂԵՔ»

17. Ի՞նչ ենք ցանկանում բոլորս։

17 Առաջին դարի կառավարիչ մարմինը մի շատ կարևոր նամակ ուղարկեց ժողովներին։ Նամակում նշվում էր, թե քրիստոնյաները որ բաներից պետք է հեռու մնան։ Այն ավարտվում էր հետևյալ խոսքերով. «Եվ եթե ձեր անձերը պահեք այս ամենից, հաջողություն կունենաք։ Ո՛ղջ եղեք» (Գործ. 15:29)։ Որոշ լեզուներում վերջին նախադասությունը թարգմանվել է՝ «առո՛ղջ եղեք» և կարող է նշանակել նաև «ամո՛ւր եղեք»։ Թեև այս արտահայտությունը պարզապես հրաժեշտի խոսք էր, բայց այն մեզ հիշեցնում է, որ բնական է, երբ ցանկանում ենք լավ առողջություն ունենալ և լիարժեքորեն ծառայել մեր փառավոր Աստծուն։

Մենք ցանկանում ենք առողջ լինել և ծառայել Եհովային (տե՛ս պարբերություն 17)

18, 19. Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ նոր աշխարհի հետ կապված։

18 Քանի դեռ ապրում ենք այս աշխարհում և անկատար ենք, չենք կարող խուսափել հիվանդություններից։ Այսօր չենք կարող ակնկալել, որ հրաշքով կբուժվենք։ Սակայն Հայտնություն 22։1, 2 համարները խոսում են մի ժամանակի մասին, երբ բուժվելու ենք մեր բոլոր հիվանդություններից։ Հովհաննես առաքյալը տեսիլքով «կյանքի ջրի մի գետ» տեսավ և «կյանքի ծառեր», որոնց «տերևները ազգերին բուժելու համար էին» (Հայտն. 22:1, 2)։ Բայց տեսիլքը չի նշանակում, որ այժմ կամ ապագայում բուժվելու ենք ինչ-որ դեղաբույսերով, այլ վերաբերում է այն բանին, որ Եհովան Հիսուսի միջոցով հավիտենական կյանք է տալու հնազանդ մարդկությանը. սա հենց այն է, ինչ կարող ենք ակնկալել (Ես. 35:5, 6

19 Մինչ սպասում ենք այդ փառահեղ ապագային, թող որ երբեք չմոռանանք, որ Եհովան հետաքրքրված է մեզանից յուրաքանչյուրով, հատկապես երբ հիվանդ ենք։ Կարող ենք Դավթի պես համոզված լինել, որ մեր Աստվածը կօգնի մեզ ցանկացած հիվանդության ժամանակ։ Եվ մենք էլ կարող ենք ասել. «Իմ անարատության համար դու աջակցեցիր ինձ, և հավիտյան կկանգնեցնես ինձ քո երեսի առջև» (Սաղ. 41:12

^ պարբ. 13 Գինու ծագման վերաբերյալ մի գրքում ասվում է. «Հետազոտությունները ցույց են տվել, որ գինին անմիջապես սպանում է տիֆի հարուցիչ բակտերիան և տարբեր այլ վտանգավոր մանրէներ» (The Origins and Ancient History of Wine)։