Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օրհնություններ «թե՛ բարենպաստ ժամանակ և թե՛ դժվարին ժամանակ»

Օրհնություններ «թե՛ բարենպաստ ժամանակ և թե՛ դժվարին ժամանակ»

ԼՈՒՅՍ աշխարհ եկա 1930թ. մարտին Նամկումբա գյուղում, որը մոտ է Լիլոնգվե քաղաքին։ Այն գտնվում է մի երկրում, որն այժմ կոչվում է Մալավի։ Մեծացել եմ Եհովային հավատարմորեն ծառայողների ընտանիքում։ 1942-ին նվիրվեցի Աստծուն և մկրտվեցի մեր գետերից մեկում։ 70 տարի շարունակ ջանացել եմ անել այն, ինչ Պողոս առաքյալը հորդորեց Տիմոթեոսին՝ «խոսքը քարոզիր, արա այն հրատապության զգացումով թե՛ բարենպաստ ժամանակ և թե՛ դժվարին ժամանակ» (2 Տիմոթ. 4։2

Երբ Նաթան Հ. Նորը և Միլթոն Ջ. Հենշելը 1948թ. սկզբին առաջին անգամ այցելեցին Մալավի, բորբոքեցին Եհովային լիաժամ ծառայելու իմ ցանկությունը։ Սիրով եմ հիշում Եհովայի վկաների գլխավոր վարչության (Բրուքլին, Նյու Յորք) այս ներկայացուցիչների քաջալերիչ խոսքերը։ Ցեխոտ դաշտում կանգնած՝ մոտ 6000 հոգի լսում էր եղբայր Նորի ոգևորիչ ելույթը՝ «Բոլոր ազգերի հավերժական ղեկավարը»։

Որոշ ժամանակ անց հանդիպեցի Լիդասիին՝ մի հրաշալի քրոջ, որը մեծացել էր Եհովայի վկաների ընտանիքում, ինչպեսև ես։ Իմացա, որ նա նույնպես լիաժամ ծառայություն սկսելու նպատակ ունի։ 1950թ.-ին մենք ամուսնացանք, իսկ 1953-ին արդեն երկու զավակ ունեինք։ Թեև պետք է մեծացնեինք մեր երեխաներին, որոշեցինք, որ ես ընդհանուր ռահվիրայություն սկսեմ։ Երկու տարի հետո հրավեր ստացա ծառայելու որպես հատուկ ռահվիրա։

Կարճ ժամանակ հետո առանձնաշնորհում ունեցա որպես շրջանային վերակացու այցելել ժողովներ։ Լիդասիի աջակցության շնորհիվ կարողանում էի նաև հոգալ մեր ընտանիքի նյութական և հոգևոր կարիքները։ * Բայց շատ էինք ուզում, որ երկուսս էլ լիաժամ ծառայության մեջ լինեինք։ Ուստի լավ պլանավորելու և մեր հինգ երեխաների համագործակցության շնորհիվ Լիդասին կարողացավ լիաժամ ծառայություն սկսել 1960թ.-ին։

Համաժողովները զորացնում էին մեզ՝ պատրաստելով ապագա փորձություններին

Մենք վայելեցինք այդ բարենպաստ ժամանակները՝ տարբեր ժողովներում ծառայելով մեր եղբայրներին ու քույրերին։ Մեր նշանակումը Մլանջե լեռների գեղատեսիլ լանջերից մեզ տարավ դեպի հարավ՝ Նյասա լճի խաղաղ ափերը. լիճը ձգվում է երկրի արևելյան ափի երկայնքով։ Այն շրջաններում, որտեղ ծառայում էինք, քարոզիչների և ժողովների թվի կայուն աճ էր նկատվում։

1962-ին վայելեցինք «Խիզախ ծառայողներ» մարզային համաժողովը։ Երբ հետադարձ հայացք եմ նետում, հասկանում եմ, որ այդպիսի հոգևոր միջոցառումները հենց այն էին, ինչի կարիքը բոլորս ունեինք, որ պատրաստվեինք առջևում սպասվող դժվար ժամանակներին։ Հաջորդ տարի եղբայր Հենշելը նորից այցելեց Մալավի, և Բլանթայր քաղաքից դուրս կազմակերպվեց հատուկ համաժողով, որին ներկա եղավ մոտ 10000 հոգի։ Այդ քաջալերական համաժողովը զորացրեց մեզ, որ դիմանանք գալիք փորձություններին։

ԴԺՎԱՐԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Մեր գործունեությունն արգելվեց, և կառավարությունը բռնագրավեց մասնաճյուղի ունեցվածքը

1964թ.-ին Վկաները դաժան հալածանքի ենթարկվեցին, քանի որ հրաժարվեցին քաղաքական գործերին մասնակցելուց։ Մոտ 100 Թագավորության սրահներ և Վկաների՝ ավելի քան 1000 տներ ոչնչացվեցին հալածանքի ալիքի ժամանակ։ Մենք, սակայն, կարողացանք շարունակել շրջագայական ծառայությունը, մինչև որ 1967թ.-ին Մալավիի կառավարությունը արգելեց Վկաների գործունեությունը։ Բլանթայրի մասնաճյուղի ունեցվածքը բռնագրավեցին, միսիոներներին արտաքսեցին երկրից և բանտարկեցին տեղի բազմաթիվ Վկաների, այդ թվում՝ ինձ ու Լիդասիին։ Երբ ազատ արձակվեցինք, մենք, զգուշություն դրսևորելով, շարունակեցինք շրջագայական ծառայությունը։

1972 թվականն էր։ Մի օր Մալավիի Երիտասարդական լիգա կոչվող ռազմատենչ քաղաքական շարժման գրեթե հարյուր անդամներ եկան մեր տան ուղղությամբ։ Բայց նրանցից մեկը առաջ վազեց և ասաց, որ թաքնվեմ, քանի որ նրանք ուզում են սպանել ինձ։ Կնոջս և երեխաներիս ասացի, որ թաքնվեն մոտակա բանանի ծառերի մեջ։ Հետո վազեցի ու բարձրացա մանգոյի մեծ ծառը։ Այդտեղից տեսա, թե ինչպես են նրանք ոչնչացնում մեր տունն ու ողջ ունեցվածքը։

Քանի որ մեր եղբայրները չէին մասնակցում քաղաքական գործերին, նրանց տները այրում էին

Երբ Մալավիում հալածանքն ուժգնացավ, հազարավոր Վկաներ փախան երկրից։ Մեր ընտանիքը մնաց Մոզամբիկի արևմուտքում գտնվող փախստականների ճամբարում մինչև 1974-ի հունիսը։ Այդ ժամանակ ինձ ու Լիդասիին հատուկ ռահվիրա նշանակեցին Դոմուեում, որը Մոզամբիկում է՝ Մալավիի սահմանի մոտ։ Մենք շարունակեցինք այդ ծառայությունը մինչև 1975 թվականը. այդ տարի Մոզամբիկը անկախացավ Պորտուգալիայից։ Մյուս Վկաների հետ ստիպված եղանք վերադառնալ Մալավի՝ մեզ հալածողների մոտ։

Մալավի վերադառնալուց հետո նշանակվեցի այցելելու մայրաքաղաք Լիլոնգվեի ժողովներ։ Չնայած հալածանքին և բազում դժվարություններին՝ ժողովների թիվն աճում էր այն շրջաններում, որտեղ առանձնաշնորհում էինք ունենում ծառայելու։

ԵՀՈՎԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է

Մի անգամ, երբ ճանապարհորդում էինք, հասանք մի գյուղ, որտեղ ցույց էր ընթանում։ Երբ կուսակցության որոշ համախոհներ գլխի ընկան, որ Եհովայի վկաներ ենք, մեզ նստեցրին «Մալավիի երիտասարդ առաջամարտիկներ» քաղաքական երիտասարդական շարժման անդամների կողքին։ Մենք ջերմեռանդորեն աղոթեցինք Եհովային, որ օգնի ու առաջնորդի այս անսպասելի իրավիճակում։ Երբ ցույցն ավարտվեց, նրանք սկսեցին ծեծել մեզ։ Հանկարծ մի տարեց կին վազելով եկավ և բղավեց. «Խնդրո՜ւմ եմ, հանգիստ թողեք նրանց։ Այս մարդը եղբորս որդին է։ Թողեք՝ իր ճամփով գնա»։ Հավաքի կազմակերպիչներից մեկն ասաց. «Թո՛ղ գնան»։ Մենք չհասկացանք, թե ինչու այդ կինն այդպես ասաց, քանի որ նա մեր հարազատներից չէր։ Բայց մտածեցինք, որ դա պետք է որ Եհովայի պատասխանը լիներ։

Կուսակցական տոմս

1981-ին նորից հանդիպեցինք «Մալավիի երիտասարդ առաջամարտիկներ» շարժման անդամներից ոմանց։ Նրանք խլեցին մեր հեծանիվները, տուփերի մեջ դրված գրքերը և շրջանի փաստաթղթերը։ Մենք փախանք երեցներից մեկի տուն։ Կրկին աղոթեցինք. մեզ մտահոգում էր այն, որ փաստաթղթերում եղած ողջ տեղեկությունը նրանց ձեռքում էր։ Փաստաթղթերը նայելիս նրանք տեսել էին Մալավիի բոլոր մասերից ինձ ուղղված նամակները և վախեցել էին՝ կարծելով, թե պետական պաշտոնյա եմ։ Ուստի բոլոր իրերը անմիջապես վերադարձրել էին տեղի երեցներին։

Մի անգամ էլ, երբ նավով անցնում էինք գետը, նավի տերը, որն այդ տարածքի կուսակցության նախագահն էր, որոշեց ստուգել բոլոր ուղևորների կուսակցական տոմսերը։ Երբ մոտենում էր մեզ, ճանաչեց մի գողի, որին փնտրում էին իշխանությունները։ Դրա պատճառով իրարանցում սկսվեց, և նա չշարունակեց ստուգումը։ Մենք նորից զգացինք Եհովայի սիրառատ աջակցությունը։

ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ

1984թ. փետրվարին, երբ Զամբիայի մասնաճյուղի հաշվետվությունը տանում էի Լիլոնգվե, ճանապարհին մի ոստիկան կանգնեցրեց ինձ և խուզարկեց պայուսակս։ Նա մի քանի աստվածաշնչյան գրականություն գտավ, ուստի ոստիկանության բաժանմունք տարավ ինձ ու սկսեց ծեծել։ Հետո պարաններով կապեց ու տարավ մի սենյակ, որտեղ ուրիշ կալանավորներ կային, որոնք ձերբակալվել էին գողության համար։

Հաջորդ օրը ոստիկանապետը ինձ մի ուրիշ սենյակ տարավ, որտեղ գրեց հետևյալ գրությունը, որ ստորագրեմ. «Ես՝ Տրոֆիմ Ռ. Նսոմբաս, հրաժարվում եմ Եհովայի վկա լինելուց, որ ազատ արձակվեմ»։ Նրան ասացի. «Ես պատրաստ եմ ոչ միայն պարաններով կապվելու, այլև մեռնելու։ Ես չեմ հրաժարվում Եհովայի վկա լինելուց»։ Այդ գրությունը չստորագրեցի։ Դա զայրացրեց ոստիկանապետին, և նա բռունցքով այնքան ուժեղ հարվածեց սեղանին, որ կողքի սենյակից ոստիկանը վազելով եկավ՝ տեսնելու, թե ինչ է եղել։ Ոստիկանապետն ասաց նրան. «Այս մարդը չի ստորագրում, որ հրաժարվում է վկայություն տալուց։ Ստորագրել տուր, որ Եհովայի վկա է, և մենք կուղարկենք նրան Լիլոնգվե, ու թող այնտեղ կապեն նրան»։ Այս ողջ ընթացքում սիրելի կինս անհանգստանում էր, թե ինչ է պատահել ինձ։ Չորս օր հետո միայն եղբայրները կարողացան ասել նրան, թե որտեղ եմ։

Լիլոնգվեի ոստիկանական բաժանմունքում ինձ բարյացակամորեն վերաբերվեցին։ Ոստիկանապետն ասաց. «Վերցրու այս մի աման բրինձը։ Դու Աստծու Խոսքի համար ես կապվել, իսկ մնացածը գողեր են»։ Հետո նա ուղարկեց ինձ Քաչերեի բանտ, որտեղ մնացի հինգ ամիս։

Բանտապետն ուրախ էր, որ այնտեղ եմ. ուզում էր ինձ բանտի «քահանա» դարձնել։ Նա հեռացրեց նախկին քահանային՝ ասելով. «Այլևս չեմ ուզում, որ սովորեցնես Աստծու Խոսքը, քանի որ դու բանտում ես քո եկեղեցուց գողություն անելու պատճառով»։ Ուստի ինձ հանձնարարեց ամեն շաբաթ բանտարկյալների համար կազմակերպվող հանդիպումներին սովորեցնել Աստվածաշունչը։

Հետագայում ամեն ինչ դեպի վատը գնաց։ Բանտում աշխատող պաշտոնյաները հարցաքննեցին ինձ՝ իմանալու համար, թե քանի Վկա կա Մալավիում։ Երբ չտվեցի իրենց ուզած պատասխանը, այնքան ծեծեցին ինձ, որ գիտակցությունս կորցրի։ Մեկ ուրիշ անգամ հարցրին, թե որտեղ է մեր գլխավոր վարչությունը։ Ես պատասխանեցի. «Շատ հեշտ հարց եք տալիս, և ես կասեմ ձեզ»։ Ոստիկանները ուրախացան և միացրին ձայնագրիչը։ Ասացի, որ Եհովայի վկաների գլխավոր վարչության մասին գրված է Աստվածաշնչում։ Նրանք զարմացած հարցրին. «Աստվածաշնչո՞ւմ, որտե՞ղ»։

«Եսայիա 43։12-ում»,— պատասխանեցի։ Նրանք գտան այդ համարն Աստվածաշնչում և ուշադրությամբ կարդացին. «Դուք իմ վկաներն եք,— ասում է Եհովան,— իսկ ես Աստված եմ»։ Այս համարը կարդացին երեք անգամ և հարցրին. «Ինչպե՞ս կարող է Եհովայի վկաների գլխավոր վարչությունը լինել Աստվածաշնչում և ոչ թե Ամերիկայում»։ Նրանց պատասխանեցի. «Ամերիկայի Եհովայի վկաներն էլ են կարծում, որ այս համարն իրենց գլխավոր վարչության մասին է»։ Քանի որ չասացի այն, ինչ ուզում էին լսել, ինձ տեղափոխեցին Ձալեկայի բանտ՝ Լիլոնգվեի հյուսիս։

ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԳԱՄ ԴԺՎԱՐԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ

1984-ի հուլիսին միացա Ձալեկայի բանտի 81 Վկաներին։ Այստեղ 300 բանտարկյալներ հավաքվում էին միասին և կողք կողքի քնում գետնին։ Ժամանակի ընթացքում բաժանվեցինք փոքր խմբերի և սկսեցինք ամեն օր մի աստվածաշնչյան համար քննարկել, որն ամեն անգամ տարբեր մարդիկ էին առաջարկում։ Դա մեզ շատ էր քաջալերում։

Հետո բանտապետը մեզ առանձնացրեց մյուս բանտարկյալներից։ Հսկիչներից մեկը գաղտնի ասաց. «Կառավարությունը չի ատում ձեզ։ Մենք ձեզ բանտում ենք պահում երկու պատճառով։ Կառավարությունը վախենում է, որ ձեզ կսպանեն երիտասարդ առաջամարտիկները։ Ու քանի որ դուք քարոզում եք գալիք պատերազմի մասին, անհանգստանում է, որ զինվորները կվախենան ու կփախչեն այդ պատերազմի ժամանակ»։

Եղբայրներին դատից հետո տանում են բանտ

1984-ի հոկտեմբերին բոլորս ներկայացանք դատարան։ Յուրաքանչյուրիս դատապարտեցին երկու տարվա ազատազրկման։ Ինչպես նախկինում էր, մեզ ոչ Վկաների հետ մի խցում պահեցին։ Բայց բանտապետը հայտարարեց բոլորին. «Եհովայի վկաները չեն ծխում։ Հսկիչնե՛ր, ծխախոտ չուզեք նրանցից և ձեր ծխախոտները վառելու համար չուղարկեք այրվող քարածխի կտորներ հավաքելու։ Նրանք Աստծու ժողովուրդն են։ Բոլոր Եհովայի վկաներին պետք է օրը երկու անգամ սնունդ տրվի, քանի որ նրանք այստեղ են ոչ թե հանցագործության պատճառով, այլ Աստվածաշնչի վրա հիմնված իրենց համոզմունքների»։

Մեր բարի անունը ուրիշ կերպերով էլ օգնեց մեզ։ Երբ մութ էր կամ անձրևում էր, բանտարկյալներին թույլ չէին տալիս դուրս գալ շենքից։ Բայց մեզ, երբ ուզեինք, թույլ էին տալիս։ Նրանք գիտեին, որ չենք փորձի փախուստի դիմել։ Մի անգամ, երբ աշխատում էինք դաշտերում, մեր հսկիչը հիվանդացավ, և մենք նրան հետ տարանք բանտ, որ ապաքինվի։ Բանտապահները գիտեին, որ մեզ կարող են վստահել։ Լավ վարք դրսևորելով՝ օրհնվեցինք, քանի որ Եհովայի անունը փառավորվում էր մեզ հսկողների կողմից (1 Պետ. 2։12 *

ՆՈՐԻՑ ԲԱՐԵՆՊԱՍՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

1985-ի մայիսի 11-ին Ձալեկայի բանտից ազատ արձակվեցի։ Ի՜նչ ուրախություն էր նորից միանալ ընտանիքիս։ Որքա՜ն շնորհակալ ենք, որ Եհովան օգնեց մեզ դժվարին ժամանակներում պահելու մեր անարատությունը։ Այդ ժամանակաշրջանի հետ կապված ունենք Պողոս առաքյալի զգացումները. «Ուզում ենք, եղբայրնե՛ր, որ դուք տեղյակ լինեք այն նեղություններին, որ պատահեց մեզ.... գրեթե կորցրինք ապրելու մեր հույսը։ Թվաց, թե մահապատժի ենք դատապարտված։ Սա եղավ, որպեսզի ոչ թե ինքներս մեզ ապավինենք, այլ Աստծուն, որը հարություն է տալիս մահացածներին։ Այնպիսի մեծ բանից, ինչպիսին որ մահն է, նա ազատեց մեզ» (2 Կորնթ. 1։8–10

Եղբայր Նսոմբան և իր կինը՝ Լիդասին, Թագավորության սրահի առջև (2004թ.)

Երբեմն թվացել է, թե չենք վերապրի։ Բայց միշտ խնդրել ենք Եհովային, որ քաջություն և իմաստություն տա, որ շարունակենք խոնարհ մնալ և փառք բերել իր մեծ անվանը։

Եհովան օրհնել է մեր ծառայությունը թե՛ բարենպաստ ժամանակ և թե՛ դժվարին ժամանակ։ Որքա՜ն հուզիչ է տեսնել Լիլոնգվեի մասնաճյուղը, որի շինարարությունն ավարտվեց 2000 թվականին, ինչպես նաև ողջ Մալավիում կառուցվող ավելի քան 1000 նոր Թագավորության սրահները։ Եհովայի տված այս օրհնությունները մեզ հոգևորապես այնքան են հարստացրել, որ ինձ * ու Լիդասիին դրանք երազ են թվում։

^ պարբ. 7 Այն եղբայրները, որոնք անչափահաս երեխաներ ունեն, այլևս չեն հրավիրվում շրջանային ծառայության։

^ պարբ. 30 Մալավիի հալածանքների մանրամասների մասին տե՛ս «Եհովայի վկաների 1999թ. տարեգիրքը», էջ 171–223 (անգլ., ռուս.)։

^ պարբ. 34 Մինչ այս հոդվածը պատրաստվում էր տպագրության, եղբայր Նսոմբան ննջեց մահվան քնով 83 տարեկանում։